«ՀՐԱՆՏՆ ԻՐ ՏԵՍԱԿՈՎ ՄԱՐԴ-ՏՈՆ Է»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է «Տաքսի, էլի լավա», «Մետամորֆոզ», «Հոբելյանական հաճախորդ», «Պապիկ 007» ֆիլմերից հայտնի դերասանուհի, Երեւանի կամերային թատրոնի արտիստուհի Լուիզա Ներսիսյանի հետ։

-Լուիզա՛, Կամերային թատրանում Ձեր մասնակցությամբ «Սեւ արկղ» ներկայացման բեմադրությունն էր։ Ինչո՞վ է այն առանձնանում։
-Թատրոնում անընդհատ պրպտումների մեջ եմ, «Սեւ արկղը» բեմադրական այնպիսի փուլում է, երբ ամեն անգամ հանդիսատեսի հետ դրա մեջ նոր բան ենք գտնում եւ հաճույք ստանում։ Հանդիսատեսը շատ մոտ է նստած, եւ դու ակամայից ֆիլմային էֆեկտով ես խաղում, քանի որ աշխատում են մոնիտորներ, որոնք խոշոր պլան են ապահովում։ Եթե այլ ներկայացումների դեպքում կարող ես էմոցիաներդ հանդիսատեսի հետ հեռվից կիսել, այստեղ արդեն փախչելու տեղ չունես։ «Սեւ արկղը» ֆիլմ-ներկայացման միքս տարբերակ է, որի շրջանակում հանդիսատեսը ներկա է գտնվում ընկերների հավաքույթի, եւ ինչ էմոցիաներ որ մենք ապրում ենք, նույնն ինքն է ապրում։
-Մի առիթով նշել եք, որ Հրանտ Թոխատյանը Ձեր կուռքն էր, որը հետո դարձավ Ձեր ամուսինը: Մի փոքր կպատմե՞ք այդ մասին։
-Երբ մեր բնագավառում առաջին քայլերդ ես անում, քեզ համար ձեւավորում ես որոշակի թիմեր, որոնց աշխատանքին սկսում ես նախանձախնդրությամբ հետեւել, ձգտում ես, որ դու էլ հայտնվես տվյալ միջավայրում։ Այդպիսի մի թիմ էլ ձեւավորվել էր «Խաթաբալադա» ներկայացման շուրջ։ Ներկայացումն ինչքան խաղացել են, այդքան դիտել եմ՝ աստիճաններին նստած, որպես ուսանող։ Այդ ոճը, ժանրն ինձ այնքան էր գրավել, որ ենթագիտակցաբար քայլերս ուղղեցի Կամերային թատրոն, որտեղ էլ սկիզբ է առել ժանրը։ Ինչ վերաբերում է Հրանտ Թոխատյան երեւույթին, ասեմ, որ նա ինձ համար շատ հետաքրքիր մարդ է, անհատ, որից անընդհատ սովորելու բան ունես։ Շատ կարեւոր է այն, որ նա երբեք չի հոգնեցնում։ Երկար տարիներ կենցաղ կիսելուց հետո ժամանակն էր, որ ինչ-ինչ թերացումներ, նյարդայնացնող որեւէ բան նկատեի, բայց, ի ուրախություն ինձ, պետք է ասեմ, որ նման բաներ չեմ նկատել։ Հրանտն իր տեսակով մարդ-տոն է, որն ամեն առավոտ լույս է պարգեւում իր ընտանիքին։ Մենք էլ ձգվում ենք դեպի այդ լույսը, եւ այդ մթնոլորտում, համերաշխության մեջ էլ մեծանում է մեր աղջիկը։
-Կայացած տղամարդու կողքին ավելի լավ է լինել մի քիչ թո՞ւյլ, թե՞ պարտավորված զգալ՝ հետ չմնալու համար։ Ո՞ր դիրքն է ավելի շահեկան։
-Կնոջ համար շահեկան է թույլ լինելը, ձեռնտու է զոհի կարգավիճակը, որովհետեւ նրան գալիս եւ փրկում են, բայց ես տեսակով ըմբոստ եմ ու պայքարող։ Ամեն դեպքում, ես ե՛ւ պայքարողի հոգեբանությամբ եմ նայում կյանքին, ե՛ւ թուլանում եմ, երբ ուզում եմ կին ծնված լինելու հաճույքից օգտվել։ Կարծում եմ՝ կինը պետք է դիվանագետ լինի եւ հասկանա՝ տվյալ պահին ինչպես կողմնորոշվի։
-Դուք եւ Հրանտ Թոխատյանը միմյանց հետ աշխատանքային հարցեր քննարկո՞ւմ եք, իրար սուր քննադատության ենթարկո՞ւմ եք։
-Ցանկացած պրեմիերայից հետո անհամբերությամբ սպասում եմ Հրանտի կարծիքին։ Նա շատ լավ հանդիսատես է, որը սկսում է հավատալ այն պատմությանը, որը դու իրեն ներկայացնում ես։ Բայց այսքան ժամանակ նրա կողմից սուր քննադատություն չի եղել, պարզապես նշվել են շտկման ենթակա փոքրիկ շտրիխներ։ Մեծ մասամբ նա իմ աշխատանքը հավանում է։ Ես էլ սիրում եմ մասնակցել Հրանտի բոլոր աշխատանքներին՝ կողքից նայել-սովորելու նպատակով։ Ինձ հետաքրքիր է ռեժիսորի գործը, տվյալ ստեղծագործության ծնունդ առնելու պրոցեսը։ Նրա մասնակցությամբ ներկայացումներից հետո հաճախ արտահայտում եմ հույզերս, կիսում եմ էմոցիաներս։
-Ձեր դուստրն արդեն քայլեր է անում Ձեր ոլորտում։ Դերասան-ծնողն ինչպե՞ս պետք է դրսեւորի իրեն. պետք է անընդմեջ խորհուրդնե՞ր տա, թե՞ թողնի, որ երեխան շարժվի իր պատկերացումների համաձայն։
-Չեմ ուզում մեծ-մեծ խոսել եւ ասել, որ հասկացել եմ, թե ինչպես պետք է վարվեմ, չեմ կարող ասել՝ քայլերս ճիշտ են, թե ոչ, բայց փորձում եմ դստերս հետ հարաբերություններում լինել ե՛ւ ընկեր, ե՛ւ խիստ մայր, մեկ փորձում եմ հասկանալ դստերս ու ազատ թողնել, մեկ էլ պարտադրում եմ մտքերս, որովհետեւ գիտեմ, թե նրան ինչ է պետք։ Թերեւս ժամանակը կլինի լավագույն դատավորը։

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

 

 

«ԲՈԼՈՐ ԱՂՋԻԿՆԵՐԻՆ ԻՄ ՍԻՐՈՒՑ ԵՄ ԿԱՄԵՆՈՒՄ»

«Ամուսնությունից հետո կարծես մեծացել եմ, հասունացել։ Բոլոր աղջիկներին իմ սիրուց եմ կամենում, ես ու ամուսինս հոգուց բխող իրական երջանկություն ենք ապրում»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց երգչուհի Անահիտ Շահբազյանը։

Հիշեցնենք, որ երգչուհին ամուսնացել է 2016-ին, երաժիշտ Կարեն Զադիրյանի հետ։ Նրա խոսքով՝ եթե զույգերը խելացի լինեն, գնահատեն իրենց սերը, կկարողանան կայուն հարաբերություններ հաստատել եւ պահպանել. «Բոլորին համոզում եմ, որ իրական սեր գոյություն ունի, անմիտ, խելառ վեճերը, անլուծելի թվացող դժավարությունները կարող են հեշտորեն հաղթահարվել հենց սիրո շնորհիվ»,-ասաց երգչուհին։
Մենք հետաքրքրվեցինք՝ տեւական ստեղծագործական դադարից հետո առաջիկայում ի՞նչ նորություններ են սպասվում Անահիտի արվեստի երկրպագուներին. «Ապրիլի 2-ին հանդիսատեսին կներկայացնեմ իմ՝ թվով երրորդ տեսահոլովակը՝ նվիրված Ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակին։ Ի դեպ, «Որդիս» ստեղծագործության հեղինակը Թամար Ստամբոլցյանն է»,-պատմեց մեր զրուցակիցը։
Իսկ արդեն մայիսին Անահիտը հանդիսատեսի դատին կհանձնի «Տարիներ» ջազային երգի հիման վրա տեսահոլովակ, հեղինակը Նարեկ Գեղամյանն է։ Դրան էլ կհաջորդի «Հարս եմ գնում» երգի հիման վրա տեսահոլովակի պրեմիերան. «Երկար լռությունից հետո միանգամից մի քանի խոշոր նորություն կունենամ։ Հուսով եմ՝ կհասցնեմ բոլոր ծրագրերս իրականություն դարձնել։ Ամեն ինչ անում եմ այդ ուղղությամբ։ Կա եւս մեկ անակնկալ, որը մտադիր եմ ներկայացնել, խոսքը դուետի մասին է։ «X Factor» նախագծի 3-րդ եթերաշրջանից հայտնի երգիչ Հայկ Հունանյանի հետ կկատարենք Էդգար Ալեքսանյանի եւ Գայանե Ավետիսյանի հեղինակած երգը՝ «Սպիտակ հեքիաթը» (Այն, ի դեպ, գրվել է Անի Դաշյանի համար)։ Ստեղծագործությունն արդեն ձայնագրել ենք, պատրաստվում ենք նկարահանել տեսահոլովակ»,-եզրափակեց Անահիտը։

Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 

 

 

ԺԱՄԱՆԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆ
Մարտի 24-ին` ժամը 18:00-ին, Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա Հայաստան-Էստոնիա ընկերական հանդիպումը, իսկ մարտի 27-ին` ժամը 19:00-ին` Հայաստան-Լիտվա ընկերական հանդիպումը:
Կոլումբիայի «Բոյակա Չիկո»-ի պաշտպան Ժոաո Ժորդի Մոնրո Արարատը չի մասնակցելու Հայաստանի ազգային հավաքականի նախապատրաստական հավաքին, քանի որ նրա ակումբը կարեւոր հանդիպումներ պետք է անցկացնի ներքին առաջնությունում: Ակումբի ղեկավարությունը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային խնդրել է թույլ տալ ֆուտբոլիստին չմասնակցել առաջիկա հավաքին: Նշենք, որ արգենտինական «Աթլետիկո Ուրականի» 22-ամյա հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանն արդեն ժամանել է Երեւան: Հայաստանի հավաքականը պատրաստվում է Էստոնիայի եւ Լիտվայի` Երեւանում կայանալիք ընկերական հանդիպումներին:

 

 

ԱՐԾԱԹԵ ՄԵԴԱԼ
73 կգ քաշային կարգում հանդես եկող ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանն արծաթե մեդալ է նվաճել ՌԴ Եկատերինբուրգ քաղաքում ընթացող «Մեծ Սաղավարտ» վարկանիշային մրցաշարում: Կարապետյանը եզրափակիչ գոտեմարտում մրցել է Մոնղոլիայի ներկայացուցչի հետ, եւ չնայած շատ մոտ էր հաղթանակին, այդուհանդերձ բավարարվել է արծաթե մեդալով:
Նշենք, որ «Մեծ Սաղավարտ»-ի մրցաշարին, ընդհանուր առմամբ, մասնակցում է 4 մայրցամաքի 34 երկրի 251 մարզիկ` 152 ձյուդոիստ եւ 99 ձյուդոիստուհի: Բացի Ֆերդինանդ Կարապետյանից` Հայաստանը ներկայացնում են նաեւ 73 կգ քաշային Արսեն Ղազարյանը եւ 81 կգ քաշային Վարդան Խաչատրյանը:

 

 

ԱՎՏՈՄԵՔԵՆԱ Է ՆՎԻՐԵԼ
Հենրիխ Մխիթարյանն այցելել է Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան, հանդիպել ուսանողների, բժշկական անձնակազմի հետ: Այցի հիմնական նպատակը վիրավոր եւ հաշմանդամ զինծառայողների հետ հանդիպումն էր: Նա ծանոթացել է համալսարանի տարածքում գործող վիրավոր եւ հաշմանդամ զինծառայողների վերականգնողական կենտրոնին, զրուցել հիվանդների, ուսանողների հետ: Հենրիխ Մխիթարյանը 2017թ. Հայաստանի 10 լավագույն մարզիկների ցուցակում ընդգրկվելու համար ստացած ավտոմեքենան նվիրաբերել է վիրավոր եւ հաշմանդամ զինծառայողների վերականգնողական կենտրոնին:




Լրահոս