Արդեն հայտնել էինք, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Կեմերովո քաղաք, որի առևտրի կենտրոններից մեկում մարտի 25-ին տեղի ունեցած խոշոր հրդեհի հետևանքով զոհվել է 64 մարդ: Երկրի ղեկավարը ծաղիկներ է դրել հրդեհված շենքի մոտ:
Խոսելով բազմաթիվ երեխաների կյանքը խլած ողբերգության մասին՝ Պուտինն ասել է, որ կատարվածի պատճառը «հանցավոր անփութությունն» է ու «թափթփվածությունը»:
«Ի՞նչ է մեզ մոտ կատարվում: Չէ՞ որ սրանք ռազմական գործողություններ չեն կամ հանքավայրում մեթանի հանկարծակի արտանետում չէ»,-ասել է Պուտինը Կեմերովոյում կայացած խորհրդակցության ժամանակ:
«Մարդիկ, երեխաները եկել էին հանգստանալու: Մենք խոսում ենք ժողովրդագրության մասին, բայց այսքան երեխա ենք կորցրել՝ ինչի՞ պատճառով. հանցավոր անփութության, թափթփվածության»,-ասել է Պուտինը: