Սահմանամերձ մարզի բնակչության թիվը նվազել է. մտահոգիչ իրականություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից ստացված տվյալներով` Տավուշի մարզի բնակչությունը 2018թ. հունվարի 1-ի դրությամբ կազմել է 123 հազար 400 մարդ: 2017թ. հունվարի 1-ի դրությամբ մարզի բնակչությունը եղել է 124 հազար 500 մարդ: Մեկ տարվա մեջ 300-ով նվազել է Տավուշի քաղաքային բնակչության, 800-ով` գյուղական բնակչության թիվը: 2017 թվականի ընթացքում Տավուշի մարզում գրանցվել է 1376 ծունդ, 1343 մահ: 2016թ. Տավուշում գրանցվել է 1418 ծնունդ, 1394 մահ: 2016 թվականի համեմատ մարզում նվազել է ամուսնությունների, ավելացել ամուսնալուծությունների քանակը: Այսպես` 2016 թվականին Տավուշում գրանցվել է 648 ամուսնություն, 70 ամուսնալուծություն, իսկ 2017 թվականին` 534 ամուսնություն, 103 ամուսնալուծություն:

Սահմանամերձ մարզի բնակչության թվի նվազումը, ամուսնությունների քանակի պակասելը, ամուսնալուծությունների ավելացումը մտահոգիչ է, քանի որ Հայաստանը գտնվում է փաստացի, շարունակվող պատերազմի մեջ, իսկ Տավուշի մարզի բնակավայրերի մեծ մասը Ադրբեջանին սահմանակից են: Հայաստանի իշխանությունների կողմից տարփողվող տնտեսական աճը Տավուշի մարզ չի հասել, այլապես այն դրական կազդեր տավուշցիների կենսամակարդակի վրա, ամուսնությունները կավելանային, արտագաղթը կնվազեր:

Ոսկան Սարգյան
Տավուշ




Լրահոս