Ինչու է գազի ներկրումը Հայաստան գնալով նվազում. բարենպաստ ձմռան «բացասական» հետևանքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում ոչ միայն հացի արտադրության ծավալներն են նվազում, այլեւ ուղեւորներն են պակասում: Պաշտոնական վիճակագրությամբ այս տարվա հունվար-փետրվարին ուղեւորափոխադրումների ծավալը 2 տոկոսով նվազել է: Իսկ ուղեւորափոխադրումներն անմիջականորեն արտացոլում են հանրապետության ժողովրդագրական վիճակը:

«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ ինքնաթիռով ուղեւորափոխադրումների ծավալը այս տարվա երկու ամիսներին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 9.3 տոկոսով աճել է: Փոխարենը ավտոմոբիլային ուղեւորափոխադրումներն են նվազել` 4.5 տոկոսով: Իսկ ահա երկաթուղով ուղեւորափոխադրումները, հակառակը, աճել են 7.2 տոկոսով: Ի դեպ, ավտոմոբիլային տրանսպորտի մեջ են մտնում նաեւ տաքսիները, որոնց ուղեւորափոխադրումների ընդհանուր ծավալը նվազել է 4.3 տոկոսով: Ինչպես հայտնի է` ավտոմոբիլային տրանսպորտով ուղեւորափոխադրումների ծավալների անկման պատճառը մեկն է` ուղեւորների նվազումը: Պաշտոնական տվյալներով` ամեն տարի Հայաստանից արտագաղթում է մոտ 40-50 հազար մարդ: Ակնհայտ է, որ նրանց բացակայությունը իր ազդեցությունն է ունեցել նաեւ ուղեւորափոխադրումների ծավալների վրա:

Մյուս կողմից` ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` այս տարվա 2 ամիսներին Հայաստանում բեռնափոխադրումների ծավալների աճ է արձանագրվել: Ընդհանուր բեռնափոխադրումները, անցած տարվա երկու ամիսների համեմատ, աճել են 28.8 տոկոսով եւ կազմել 4 մլն 830 հազար տոննա: Բեռների արտահանումն աճել է 18.3 տոկոսով, ներմուծումը` 9 տոկոսով: Աճել է նաեւ երկաթուղով ներհանրապետական բեռնափոխադրումների ծավալը` 7.8 տոկոսով: Այսինքն` տվյալ ժամանակահատվածում իրականացվել է 237 հազար 100 տոննայի երկաթուղով ներհանրապետական բեռնափոխադրում:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ արձանագրվել է «մայրուղային խողովակաշարային» բեռնափոխադրումների ծավալների 16.2 տոկոս նվազում: Ի դեպ, բեռնափոխադրումների այս տեսակի դեպքում արտահանման եւ ներկրման տարանջատում չկա, քանի որ ընդհանուր խոսքը գնում է միայն ներկրման մասին եւ մեկ տեսակի ապրանքի` գազի մասին: Կարող ենք արձանագրել, որ գազի ներկրումը Հայաստան այս տարվա 2 ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, զգալի նվազել է: Ասել է, թե բարենպաստ ձմեռը իր «բացասական» ազդեցությունն է ունեցել «Գազպրոմ Արմենիա» ընկերության գործերի վրա:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս