ՖՈՏՈ. Բաղրամյան պողոտան կաթվածահար է. քաղաքացուն երկար ժամանակ թույլ չեն տվել Շտապօգնության մեքենա նստել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես ավելի վաղ հայտնել ենք` մետրոյի Բաղրամյան կայարանը փակ է: Մետրոյի դռան վրա փակցված է գրություն, թե կայարանը տեխնիկական պատճառներով ժամանակավորապես փակ է: Այս րոպեներին ամբողջ Բաղրամյան պողոտան հսկում են մի քանի հարյուր ոստիկաններ: Նրանք պողոտայի մի քանի հատվածներում պատ են կազմել:

Ոստիկանները փակել են Բաղրամյանից դեպի Դեմիրճյան փողոց, ինչպես նաեւ` դեպի Պռոշյան փողոց ճանապարհը: Մի քանի ժամ է` այդ հատվածում մեքենաներ չեն երթեւեկում: Բացի այդ` հետիոտնի համար նույնպես խոչընդոտներ են ստեղծված: Ոստիկանները թույլ չեն տալիս, որպեսզի քաղաքացիները մուտք գործեն Բաղրամյան պողոտա կամ Կոմիտասի պողոտայից գան այնտեղ: Իսկ եթե թույլ են տալիս, ապա պարտադիր ճշտում են, թե ուր են գնում քաղաքացիները: Եթե պարզում են, որ քաղաքացին տուն է գնում, միայն այդ դեպքում են թույլ տալիս արգելապատնեշն անցնել:

ArmLur.am-ի թղթակիցն ականատես է եղել մի շարք քաղաքացիների բողոքի, որոնց ոստիկանները չեն թույլատրել Բաղրամյան պողոտայից մտնել Ազատության հրապարակ: Քաղաքացիներից մեկը մեր թղթակցին հայտնել է, որ Ռուսաստանից է ժամանել, պատրաստվում է վիրահատվել եւ այժմ պետք է հիվանդանոցում լիներ` անզգայացած վիճակում: Նա կես ժամից ավելի փորձել է համոզել ոստիկաններին` թույլ տալ իրեն գնալ հիվանդանոց: Քաղաքացին Շտապօգնության մեքենա է կանչել, սակայն երկար ժամանակ թույլ չեն տվել, որպեսզի մեքենան մտնի տարածք: Սակայն ի վերջո Շտապօգնության մեքենային թույլ տրվեց մտնել պողոտա եւ քաղաքացուն տեղափոխեցին հիվանդանոց:




Լրահոս