ԶԻՆԿՈՄԻՑ ԵՐԿՈՒ ԱՎՏՈՄԱՏ ՈՒ 48 ՓԱՄՓՈՒՇՏ Է ԱՆՀԵՏԱՑԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շիրակի մարզի Աշոցքի զինկոմիսարիատում առեղծվածային դեպք է գրանցվել: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկություններով` զինկոմիսարիատից երկու ինքնաձիգ եւ 48 փամփուշտ է անհետացել, եւ զինկոմիսարիատի աշխատակիցները մեկը մյուսի վրա են գցում զենքերի անհետացման պատասխանատվությունը:

Եվ այսպես` «Ժողովուրդ» oրաթերթին հայտնի դարձավ, որ այս օրերին խառնաշփոթ իրավիճակ է տիրում Աշոցքի տարածքային զինվորական կոմիսարիատում: Բանն այն է, որ իրավապահները բացահայտել են, որ կոմիսարիատից անհետացել են երկու ինքնաձիգ՝ ավտոմատ, եւ 48 փափուշտ: Սա բացահայտվել է հերթապահների հերթափոխության ժամանակ:
Հերթափոխ ընդունող զինվորականը, տեսնելով բացթողումը, հայտարարել է, թե ինքը չի պատրաստվում հերթապահության անցնել զինկոմիսարիատում, կոչ է արել հրավիրել իրավապահներին՝ հասկանալու, թե ինչ պայմաններում են անհետացել ինքնաձիգները եւ փամփուշտները:
Հիմա իրավապահները զինկոմիսարիատում հարցաքննություններ են սկսել՝ պարզելու համար, թե ինչ է տեղի ունեցել: Սակայն ուշագրավն այն է, որ զինկոմիսարիատի ոչ մի աշխատակից մինչեւ այս պահը վստահաբար պնդում է, որ ինքը անհետացած ինքնաձիգների եւ փամփուշտների հետ որեւէ առնչություն չունի:
Ավելին` ըստ Աշոցք համայնքում տարածված լուրերի` այս պատմությունում բավականին մութ կետեր կան:
Ըստ տարածված խոսակցությունների` գրեթե բոլոր հերթապահություն իրականացրած զինվորականները նշում են, որ ստուգել են, թե իրենց հերթապահությանը ինչ է պահպանման հանձնված: Այստեղ հարց է առաջնում` եթե ստուգել են, ապա ինչպես են անհետացել զենքերն ու զինամթերքը, չի բացառվում, որ շատ զինվորականների դեպքում այդ ստուգումները ձեւական են եղել` առանց հաշվելու: Իսկ հետագայում, երբ զինվորականներից մեկը որոշել է ստուգել` արդյո՞ք տեղում են զենքերը, եւ ըստ այդմ` ինքը ինչի՞ տակ է ստորագրում, բացահայտվել է այս դեպքը:
Չի բացառվում, որ զինկոմիսարիատից զենք ու զինամթերքը վաղուց է անհետացել, սակայն իրավապահներին գործը նոր է հայտնի դարձել: Իսկ թե ինչ կպարզվի, եւ որտեղից զենքի ձայնը կլսվի, ցույց կտա ընթացքը:
Ինչեւէ: «Ժողովուրդ» օրաթերթը ստեղծված իրավիճակի շուրջ փորձեց զրուցել Աշոցքի տարածքային զինվորական կոմիսարիատի պետ Լեւոն Կարապետյանի հետ` հասկանալու, թե ուր են անհետացել զենքն ու զինամթերքը:
-Պարո՛ն Կարապետյան, զինկոմիսարիատից 48 փամփուշտ եւ երկու ինքնաձիգ են անհետացել, ինչպե՞ս կբացատրեք:
-Դուք կապ հաստատեք մեր լրատվականի բաժին, այնտեղից կասեն:
-Դուք` որպես զինկոմ, իրավիճակը բացատրեք:
-Կներեք, բայց իմ իրավասությունների շրջանակում չէ, որ ես Ձեզ բան հայտնեմ, ոչ թե որեւէ բան եմ թաքցնում, պարզապես իմ իրավասություններից դուրս է:
-Բայց Ձեզ չի՞ մտահոգում այն, ինչ բացահայտվել է:
-Ես մինչեւ հիմա շոկի մեջ եմ, բայց կատարվածի մանրամասներից տեղյակ չեմ:
-Ամեն դեպքում բացահատվել է նման բան, չե՞ք փորձում հասկանալ, թե ինչ պայմաններում զենքն ու զինամթերքը անհետացան:
-Կներեք, ես ինֆորմացիային չեմ տիրապետում: Զբաղվում են իրավապահները, քննություն է գնում, ուստի չեմ կարող որեւէ տեղեկություն հայտնել:
-Լավ, անծանոթնե՞րը եկան, մտան զինկոմ, գողացան, տարան, թե՞ Ձեր աշխատողներն են այն գողացել, ի վերջո, այս հանգամանքը գոնե Ձեզ հայտնի կլինի:
-Ես չեմ եղել, արձակուրդում եմ եղել, ոչ մի բանից տեղյակ չեմ, այլ բան չեմ կարող ասել:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ՆԱՊՈԼԵՈՆԸ ԴԱՏԵԼՈՒ Է «ԶՈՆ ՆԱՅՈՂԻՆ»
ԱԱԾ-ի կողմից Գորիսի քրեակատարողական հիմնարկում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի գործով նախաքննությունը ավարտվել է, եւ գործը ուղարկվել է դատարան:
Դեռ ամիսներ առաջ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ԱԱԾ քննչական վարչության պետ Միքայել Համբարձումյանը ասել էր, որ ըստ նախաքննությամբ բացահայտված տվյալների` տեւական ժամանակ «Գորիս» ՔԿՀ թմրամիջոցներ են մտցվել առնվազն 2 եղանակով, որոնցում ներգրավված են եղել ՔԿ աշխատակիցներ, անազատության մեջ պահվող, այսպես կոչված, քրեական հեղինակություններ եւ դրսում գտնվող անձինք, ովքեր հայթայթել են թմրամիջոցները եւ ուղարկել ՔԿՀ: Ներկա դրությամբ նշված քրեական գործի նյութերով հարուցվել են թվով 5 նոր գործեր, որոնցով մեղադրվում են 11 անձինք, նրանցից 2-ը «Գորիս» ՔԿՀ աշխատակիցներ են, 1-ը` «Գորիս» ԲԿ բժիշկ: Եւ ահա դատապարտյալների կողմից թմրանյութի մատակարարման դեպքով 9 մեղադրյալի մասով գործը ուղարկվել է դատարան: Մասնավորապես տեղեկացանք, որ ամբաստանյալի աթոռին է հայտնվել Դավիթ Մովսիսյանը. նա կալանավայրում իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է բերել, իր մոտ պահել եւ փոխադրել զգալի չափի թմրամիջոց, ինչպես նաեւ օժանդակել է ազատազրկված մյուս անձանց իրացնելու թմրամիջոցները:
Գորիսի ՔԿՀ-ի «զոն նայող» Կարապետ Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա փորձել է ապօրինի ձեռք բերել խոշոր չափերով թմրամիջոց, ինչպես նաեւ ծառայության գծով թողտվության համար պաշտոնատար անձին տվել է կաշառք:
Դատապարտյալներ Արթուր Պապիկյանին, Արման Հարությունյանին, Անդրանիկ Խաչատուրյանին, Անդրանիկ Մարգարյանին, Էգգար Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք ազատազրկման ընթացքում, առանց իրացնելու նպատակի, փորձել են ապօրինի ձեռք բերել խոշոր չափերով թմրամիջոց:
Բանտապահ Սմբատ Հակոբյանին էլ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով պաշտոնատար անձ, ծառայության գծով թողտվության դիմաց ստացել է կաշառք:
Հատկանշական է փաստը, որ Գորիսի ՔԿՀ արդեն նախկին պետ Մաքունցը թոշակի գնալով` խուսափեց պատասխանատվությունից: Միայն թե նրան թոշակի ուղարկեցին շատ արագ՝ այդ դեպքերի բացահայտումից հետո:
Հիմա Գորիսի ՔԿՀ-ի թմրանյութերի գործն ուղարկվել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, եւ գործը մակագրվել է դատավոր Նապոլեոն Օհանյանին, որը սովորաբար աղմկահարույց գործեր է քննում:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ԴՐԱԿԱՆ ԴԻՆԱՄԻԿԱ
Արցախի Մարտակերտի շրջանի Ղազանչի տեղանքում հակատանկային ականի պատահական պայթյունի հետեւանքով վիրավորում ստացած Արամ Մկրտչյանի վիճակը բժիշկները գնահատում են բավարար: Նա գտնվում է վիրաբուժական բաժանմունքում: «Նրա մոտ առկա էր ներքին արյունահոսություն, փայծաղի պատռվածք. կատարվել էր փայծաղի հեռացում: Հիվանդն առաջիկայում որեւէ վիրահատության չի ենթարկվի»,-ասել են բաժանմունքից: Մյուս հիվանդի` Գարիկ Ղահրիյանի վիճակը շարունակում է գնահատվել ծանր, սակայն դրական դինամիկայով: «Նրա մոտ կատարվել էր զույգ ստորին վերջույթների անդամահատում, ուներ հեմոռագիկ շոկ երրորդ ու չորրորդ աստիճանի, լրացուցիչ հետազոտությունների արդյունքում ի հայտ են եկել ողնաշարի գոտկային մասի երրորդ, չորրորդ ողերի ու փոքր կոնքի ոսկրերի կոտրվածքներ»,-ասել են Արցախի ԲԿ-ից։ Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել մարտի 29-ի առավոտյան՝ ականազերծման աշխատանքներ կատարելու արդյունքում։

 

 

ԴԱՆԱԿԱՀԱՐՈՒԹՅՈՒՆ
Օրեր առաջ Աշտարակի Րաֆֆու փողոցում դանակահարություն է կատարվել: Երեք հոգով խմել են, որի ժամանակ էլ տեղի է ունեցել դանակահարությունը: Տուժողը ոստիկաններից տեղի ունեցածը թաքցնելու համար հիվանդանոց չէր դիմել, փոխարենը գիշերը գնացել էր Ապարան՝ հարազատներից մեկի տուն: Առողջական վիճակի վատացման արդյունքում տուժողը տեղափոխվել է հիվանդանոց։ Որտեղից տեղեկացրել են, որ մարմնի տարբեր տեղերում կտրած-ծակած վերքերով, ներքին արնահոսությամբ իրենց մոտ է տեղափոխվել 49-ամյա մի տղամարդ: Պարզվել է կասկածյալի ինքնությունն ու գտնվելու վայրը: Օրեր անց հայտնաբերվել է Գագիկ Ն.-ն ու բերման ենթարկվել: «Նստած էինք, ասինք՝ մի բաժակ բան խմենք: Մեր հայհոյեց ու հելավ խփեց, բգիցս բռնել, խեղդում էր: Սեղանի վրայից դանակը վեկալա ու խփեցի, որ ազատվեի»,-պատմել է Գագիկ Ն.-ն:

 

 

ԱՊՀ-ԻՑ ՉԻ ՍՏԱՑՎԵԼ
Մարդասիրական օգնության կարգով այս տարվա հունվար-փետրվարին Հայաստան է ներմուծվել 372 տոննա ապրանք, որի արժեքը կազմել է 26 մլն 854.1 հազար ԱՄՆ դոլար: Նախորդ տարվա նույն ժամանակում Հայաստան է ներմուծվել 5 մլն 053.1 հազար դոլար արժողությամբ 339.2 տոննա ապրանք: Ստացված օգնության մեջ մեծ ծավալ են կազմել քիմիայի եւ դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանքները, սարքերը եւ ապարատները, մեքենաները, սարքավորումները եւ մեխանիզմները։ Ամենաշատ մարդասիրական օգնություն է տրամադրվել ԱՄՆ-ից, այնուհետեւ` Չինաստանից, ապա` Հնդկաստանից։ ԵՄ երկրներից ստացվել է 784.4 հազ. դոլարի օգնություն: ԱՊՀ երկրներից 2018-ի հունվար-փետրվարին մարդասիրական օգնություն չի ստացվել:

 

 

ԱՆՁՐԵՎ ԵՎ ԱՄՊՐՈՊ
Հայաստանի տարածքում ապրիլի 5-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այսօր առավոտյան ժամերին եւ ապրիլի 4-ին սպասվում է անձրեւ եւ ամպրոպ: Օդի ջերմաստիճանը վաղվանից կնվազի 6-8 աստիճանով:




Լրահոս