ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Երեւանում

Քաղաքացին որոշել է կատակել, բայց իրականում նա ի ցույց է դրել դաժան իրականությունը. ՀՀ-ում այսօր դժվար է գտնել մեկին, որը բանկերի հանդեպ չունենա վարկային պարտավորություններ։

 

 

 

ՀԱՐՑ. Ես ուզում եմ կատարել իմ կենսաթոշակի վերահաշվարկ, խնդրում եմ ասեք` դրա համար ի՞նչ է անհրաժեշտ։ Ընդհանրապես ո՞ր դեպքում է կենսաթոշակը վերահաշվարկվում։

Լաուրա Ներսիսյան (68 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ աշխատանքային կենսաթոշակը վերահաշվարկվում է, եթե`
1) փոխվել է հիմնական կենսաթոշակի չափը կամ աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը` տվյալ ամսվա 1-ից.
2) տարիքային կամ հաշմանդամության կենսաթոշակ նշանակելուց (կենսաթոշակը կենսաթոշակառուի գրավոր դիմումի հիման վրա վերահաշվարկելուց) 12 ամիս հետո կենսաթոշակառուն ներկայացրել է կենսաթոշակը նշանակելուց (կենսաթոշակը կենսաթոշակառուի գրավոր դիմումի հիման վրա վերահաշվարկելուց) հետո առնվազն վեց ամիս աշխատած լինելու մասին տեղեկանք` դիմումը եւ անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու ամսին հաջորդող ամսվա 1-ից.
3) կենսաթոշակառուն ներկայացրել է մինչեւ կենսաթոշակ նշանակելը (կենսաթոշակի տեսակը փոխելը) ընկած ժամանակահատվածում իր կամ մահացած կերակրողի աշխատանքային կամ մինչեւ տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքն ընկած ժամանակահատվածի այլ գործունեության վերաբերյալ լրացուցիչ փաստաթղթեր` դիմումը եւ անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու ամսին հաջորդող ամսվա 1-ից.
4) հաշմանդամության կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող կենսաթոշակառուն, մինչեւ տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալը, կենսաթոշակը նշանակելուց 2 ամիս հետո ներկայացրել է այլ գործունեության ժամանակահատվածի մասին փաստաթուղթ` դիմումը եւ այդ փաստաթուղթը ներկայացնելու ամսին հաջորդող ամսվա 1-ից:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ կնսաթոշակը վերահաշվարկվում է նաեւ՝
1) հաշմանդամության խումբը փոխվելու դեպքում` նոր հաշմանդամության խումբ սահմանելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից.
2) կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող երեխայի կամ առկա ուսուցմամբ սովորող զավակի մյուս ծնողի մահանալու դեպքում` նրա մահվան օրվանից, եթե դիմումը եւ անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են այդ օրվանից հետո` 6 ամսվա ընթացքում, իսկ այդ ժամկետից հետո դիմելու դեպքում` դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:

 

 

 

ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ` ովքե՞ր կարող են օտարերկրացուն Հայաստանի Հանրապետություն այցելելու հրավեր տալ: Եվ խնդրում եմ ասեք` որո՞նք են Հայաստան մուտքի վիզայի տեսակները։

Ստելլա Մխոյան (38 տարեկան, տնտեսագետ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ օտարերկրացուն Հայաստանի Հանրապետություն այցելելու հրավեր կարող են տալ` ա) Հայաստանում բնակվող ՀՀ քաղաքացին, բ) Հայաստանում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացին, գ) Հայաստանում գրանցված իրավաբանական անձինք, դ) Հայաստանի Հանրապետության պետական մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինները, Հայաստանում հավատարմագրված դեսպանությունները, հյուպատոսական հիմնարկները եւ միջազգային կազմակերպությունները:
Հայտնում ենք, որ Հայաստան մուտքի վիզայի տեսակներն են`
ա) այցելության մուտքի վիզա` հարազատներին այցելելու, զբոսաշրջության, կրթական հաստատություններում ուսանելու, տարբեր միջոցառումներին մասնակցելու նպատակով այցելության համար, բ) պաշտոնական մուտքի վիզա` պաշտոնական անձնագիր կրող անձանց կամ սովորական անձնագրերով պաշտոնական պատվիրակությունների անդամների համար, գ) դիվանագիտական մուտքի վիզա` դիվանագիտական անձնագիր կրող կամ դիվանագիտական կարգավիճակ ունեցող անձանց համար, դ) տարանցիկ մուտքի վիզա` Հայաստանի Հանրապետության տարածքով երթեւեկողների համար:

ՀՀ միգրացիոն պետական ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ հրավերը պետք է պարունակի հրավիրվողի եւ հրավիրողի տվյալները, հրավերի նպատակը, հրավիրվողի` Հայաստանի Հանրապետությունում մնալու ժամկետները:




Լրահոս