««The Beautified Project»-Ը ԻՄ ԵՐԵԽԱՆ Է, ԵՍ ՆՐԱՆ ՉԵՄ ԹՈՂՆԻ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը «The Beautified Project» ռոք խմբի կազմալուծման, «Մոդերն Թոքինգ» երեւանյան համերգի կազմակերպման դժվարությունների եւ իր ներկայիս գործունեության մասին զրուցել է երգիչ, երգահան Անդրե Սիմոնյանի հետ։

-Անդրե, «The Beautified Project» ռոք խմբի նախկին անդամ Արմեն Շահվերդյանը վերջերս մի առիթով նշել է, որ Դուք խմբի լուծարումից հետո ուրիշ արտիստների հետ սկսեցիք անել այն, ինչ նախկինում միասին եք արել, այդպե՞ս է, համաձա՞յն եք։
-Ասեմ, որ խմբի գործունեության վերջին շրջանում մենք խմբի անդամներով շատ չէինք հանդիպում։ Այն ընթացքում, երբ խումբը ակտիվ գործունեություն է վարել, ես երբեք որեւէ մեկի հետ դուետ չեմ երգել, դրսի երաժիշտներից որեւէ մեկի հետ չեմ համագործակցել, քանի որ մտածում էի, որ դա կարող է պատճառ դառնալ մեր միասնական ընտանիքի՝ խմբի քանդման համար։ Բայց երբ նստեցինք ու համատեղ որոշեցինք, որ բաժանվում ենք, իհարկե, մտերիմ ձեւով, արդեն այն, ինչ նախկինում ուզեցել էի, բայց չէի կարողացել, սկսեցի անել։
-Մի փոքր կմանրամասնե՞ք՝ կոնկրետ հիմա ինչով եք զբաղված։ Եվ ի՞նչն է, որ նախկինում չէր ստացվում անել, բայց հիմա անում եք։
-Նախորդ տարի, օրինակ, դուետ ունեցա «Նեմրա» խմբի, հետո՝ Սիբիլի հետ, համագործակցեցի Adana Project-ի հետ։ Հիմա Մարիամ Պետրոսյանի՝ Մարիամ Ավրայի հետ եմ աշխատում։ Նա Սերժ Թանկյանի հայտարարած «Յոթ նոտա» մրցույթի հաղթողն է։ Մյուս շաբաթ կներկայացնենք Մարիամի հետ համատեղ տեսահոլովակ։ Այն, ինչ հիմա անում եմ, անում եմ հանուն արվեստի։ Ինձ դուր է գալիս օգնել այն մարդկանց, որոնք արժանի են ճանաչման։ Այլապես մեր շոու-բիզնեսը հիմա ահավոր վիճակում է։ Ժողովուրդը դժգոհում է, ասում է. «Ինչո՞ւ են Վրաստանում կազմակերպվում բարձր մակարդակով համերգներ, Հայաստանում՝ հազվադեպ»։ Ես էլ պատասխանում եմ՝ որովհետեւ Հայաստանում իր արմատներն է գցել այնպիսի մի ահավոր երաժշտություն, որը սպանել է այդ արվեստը, եւ հենց այդ պատճառով շուկայում որակյալ երաժշտությունը տեղ չունի։ Եթե ես կարող եմ աջակցել բոլոր լավ արտիստներին, որոնք ճանաչվելու ձեւերը չգիտեն, ապա հաստատ կանեմ դա։
-Դուք վերջերս Երեւանում կայացած «Մոդերն Թոքինգ» համերգի կազմակերպիչներից մեկն եք։ Էլի նման մեծության աստղերի կհրավիրե՞ք Հայաստան։
-Իրականում դա ժողովրդից է կախված։ Մենք ամիսներ շարունակ փոխանակ կենտրոնանայինք համերգի մանրամասների վրա, մարդկանց համոզում էինք, որ ամեն ինչ արդար է, եւ որ մենք չենք վերցնի իրենց տոմսերի փողերն ու չենք փախչի, որ համերգն իսկապես կկայանա։
-Բայց չէ՞ որ ժողովրդի «տառապանքը փորձ ունի»։ Նախկինում տեսել ենք, թե ինչպես են Հայաստանում չեղյալ հայտարարվել, օրինակ, Ռամազոտիի, Ալեգրովայի համերգները, խնդիրներ են առաջացել մի շարք չեղարկված համերգների տոմսերի վերադարձի հետ կապված։
-Այո, դա էլ կա, բայց այդ նեգատիվը ժողովրդի միջից պետք է հանվի՝ վստահություն ձեռք բերելու շնորհիվ։ «Մոդերն Թոքինգի» համերգի օրինակով զգացինք, որ մեր երկրում մեծամասշտաբ համերգի պահանջարկ կա։ Հույս ունենք, որ հայ ժողովուրդը կձեւավորի նաեւ տոմս գնելու մշակույթ։ Ես համերգի կազմակերպման գործընթացում նկատեցի, որ շատերը հույսը դնում են հրավիրատոմսեր ստանալու վրա։
-Անդրե՛, գիտեմ, որ չեք ընդունում, երբ Ձեր մասին ասում են՝ «The Beautified Project» խմբի նախկին մենակատար։ Բայց չէ՞ որ խումբը կազմալուծվել է, ի՞նչն է խնդիրը։
-Բանն այն է, որ «The Beautified Project»-ը որպես տրիո ավարտել է, բայց որպես նախագիծ չի ավարտել իր գործունեությունը։ Նախագծի գործունեության սկզբում եղել է նաեւ, որ միայնակ եմ ալբոմ թողարկել, ինչի՞ մասին է խոսքը, այսինքն՝ նախագիծը եղել է եւ հիմա էլ կա։ Հիմա խումբ ձեւավորելու ձգտում չունեմ, որովհետեւ այն, ինչ անում եմ, ինձ հետաքրքրում է, բայց «The Beautified Project»-ը իմ երեխան է, եւ ես նրան չեմ թողնի։

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

 

Ո՞ՒՐ Է ԿՈՐԵԼ ՄԱՎՐ ՄԿՐՏՉՅԱՆԸ

Ժողովրդական երգիչ, ինչպես նաեւ բազմաթիվ դասական ստեղծագործությունների եւ երգերի հեղինակ Մավր Մկրտչյանը, ով հայտնի է «Ժողովրդական երգիչ» հեռուստանախագծից, տեւական ժամանակ է՝ էկրաններին չի երեւում։ Նրա երկրպագուները հարցնում են՝ ո՞ւր է կորել Մավրը եւ ինչո՞վ է այժմ զբաղված։

Երգիչը «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրեց, որ հարաբերական դադարը մինչեւ տարեվերջ կլրացվի. կունենա 2-3 տեսահոլովակ։ Դրանցից երկուսը նա պատրաստվում է ներկայացնել մայիսին եւ սեպտեմբերին. «Աշխատանքային պրոցեսի մեջ եմ, մոտ ժամանակներս նոր երգի պրեմիերա կլինի։ Ես չեմ կորել, պարզապես մի կողմից նվիրվել եմ ընտանիքիս, մյուս կողմից էլ այս ընթացքում ունեցել եմ համերգային շատ շրջագայություններ։ Առհասարակ, զուտ երգերի քանակի վրա չեմ աշխատում, նոր գործ ներկայացնելու համար ինձ որոշակի ժամանակ է պետք»,-ասաց Մավրը։
Հարցին, թե պատկերացնում է արդյոք իրեն տասը տարի անց ժողովրդական, ազգագրական երգեր կատարելիս, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ես, միանշանակ, առաջիկա տարիներին պատրաստվում եմ զբաղվել այլ գործերով եւս, բացի ժողովրդականից՝ իմ պլաններում ուրիշ ժանրեր էլ կան, բայց չեմ ուզում փակագծերը բացել։ Այսինքն՝ այլ ժանրերում ներկայանալու առիթներ կլինեն, բայց որպես առանցքային ժանր ինձ համար եղել է ու կմնա ժողովրդականը»։
Ի դեպ, նշենք, որ Մավրը 2014-ին թողարկել է իր առաջին ձայնասկավառակը։ Մենք նաեւ հետաքրքրվեցինք՝ նա բիզնես ունի, թե միայն երգարվեստի միջոցով է գումար աշխատում. «Ո՛չ, բիզնես չունեմ, արվեստն ինձնից բավական ժամանակ է խլում, բացի այդ՝ ես ինքս չեմ ուզում իմ էներգիան ուրիշ բաների վրա վատնել։ Համերգային շրջագայությունները, օրինակ, ժողովրդական երգը ներկայացնողների համար գումար աշխատելու լավ միջոց են։ Ես էլ արդյունքից դժգոհ չեմ (Մավրը համերգներով եղել է, օրինակ, Վրաստանում, Ռուսաստանում-հեղ.), թեեւ կարող եմ ավելիին հասնել»,-եզրափակեց երգիչը։

Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 

 

 

ՀԻՄԱ ԷԼ ՊՍԺ-ԻՑ Է ՀԵՌԱՆՈՒՄ
Բրազիլացի հարձակվող Նեյմարը հիմա էլ ցանկանում է հեռանալ ֆրանսիական ՊՍԺ թիմից: Հիշեցնենք, որ տարիներ շարունակ նա հանդես էր գալիս կատալոնական «Բարսելոնա» թիմի կազմում, սակայն 222 մլն եվրոյի դիմաց անակնկալ որոշում կայացրեց հեռանալ այնտեղից: Հիմա նրա տրանսֆերային առաջին նպատակը մնում է «Ռեալ» տեղափոխությունը: Մարզական մեկնաբանների պնդմամբ` մադրիդյան ակումբ տեղափոխության ձախողման դեպքում 25-ամյա ֆուտբոլիստն արդեն մտածում է պլան B-ի մասին: Որպես այլընտրանքային տարբերակներ դիտարկվում են «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Մանչեսթեր Սիթին»,

 

 

ՏՈՒԳԱՆՔ` 400.000 ԵՎՐՈ
«Օլիմպիակոս»-ի սեփականատեր Էվանգելոս Մարինակիսը թիմին տուգանել է 400 հազար եվրոյով անբավարար արդյունքների պատճառով: Բացի այդ, նա խաղացողների մի մասին պահանջել է գնալ արձակուրդ: Մրցաշրջանի մնացած հատվածի խաղերին կմասնակցեն ակումբի երիտասարդական թիմի ֆուտբոլիստները: Մարինակիսը ֆուտբոլիստներին մեղադրել է նրանում, որ իրենք ավելի շատ մտածում են գումարի, քան ֆուտբոլի մասին:

 

 

ԸՆԴԴԵՄ ՖԵՅՔ ԼՈՒՐԵՐԻ
Հնդկական լրատվամիջոցների փոխանցմամբ` իրենց երկրի կառավարությունը որոշում է ընդունել, որը «ֆեյք լուրերի» տարածման դեպքում թույլ է տալիս զրկել լրագրողներին հավատարմագրերից: Հնդկաստանի տեղեկատվության եւ ռադիոհեռարձակման նախարարությունը հաղորդել է, որ ցանկացած լրագրողի հավատարմագրումը, ով «ֆեյք նորություններ է ստեղծել եւ/կամ տարածել», մինչեւ հետաքննության ավարտը կդադարեցվի:
Ըստ կառավարության որոշման` «ֆեյք լուրեր» տարածող յուրաքանչյուր ոք առաջին անգամ կզրկվի հավատարմագրից վեց ամսով, կրկնվելու դեպքում՝ մեկ տարով եւ վերջնականապես կկորցնի, եթե անի դա երրորդ անգամ:




Լրահոս