ԱՐԴՅՈ՞Ք ԿԱԶԱՏԱԶՐԿԵՆ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բրազիլիայի գերագույն դատարանը նախօրեին մերժեց նախկին նախագահ Լուիս Ինասիու Լուլայի հայցադիմումը չեղարկելու նախորդ դատական ատյանի կայացրած վճիռը, որով վերջինս դատապարտվել է 12 տարվա ազատազրկման: Նախկին նախագահը հայտարարում է, որ իր հանդեպ իրականացվող քրեական հետապնդումը պայմանավորված է քաղաքական դրդապատճառներով: Դրա հետ մեկտեղ նախկին նախագահին պատասխանատվության կանչելը հատկապես Բրազիլիայի պես թերզարգացած ժողովրդավարությունում ունի թե՛ բացասական, թե՛ դրական նշանակություն, որից կարող է դաս քաղել նաեւ Հայաստանը ոչ թե հեռու ապագայում, այլ հենց ապրիլի 9-ին:

Բրազիլիայի նախկին նախագահը մեղադրվում է կոռուպցիայի մեջ` կաշառք վերցնելու համար: Նրան դատարանը ենթարկել է 12 տարվա ազատազրկման, եւ Գերագույն դատարան դիմելով` 72-ամյա Լուլան փորձում էր լուծել 2018թ. հոկտեմբերին նախագահական ընտրություններին մասնակցության հարցը: Այժմ Լուլան Բրազիլիայում լուրջ հեղինակություն է վայելում եւ հանդես է գալիս իշխանությունների խիստ քննադատի դիրքերում: Բրազիլիայի Գերագույն դատարանը 5-6 հարաբերակցությամբ որոշում է կայացրել ուժի մեջ թողնել Լուլայի հանդեպ կայացված դատավճիռը, ինչը նշանակում է, որ նախկին նախագահը ստիպված կլինի առաջիկա տարիներն անցկացնել անազատության մեջ:
Լուլան նախկին մետաղագործ է, առեւտրային միությունների ակտիվիստ, որը Բրազիլիայի նախագահ է դարձել 2003 թ.: Որպես ձախ թեւը ներկայացնող առաջին նախագահ` Լուլան Բրազիլիային բերեց տնտեսական ամենաերկար զարգացման շրջափուլը` թույլ տալով մեծ ֆինանսներ ծախսել սոցիալական լայն ծրագրերի վրա: Նրա իշխանության նախաձեռնությունների արդյունքում տասնյակ միլիոնավոր մարդիկ են դուրս եկել աղքատության ճիրաններից: Ավելին` Լուլան իշխանությունից հեռացել է սահմանադրական երկու ժամկետ սպառելուց հետո, ամենաբարձր վարկանիշով: Նա բրազիլական քաղաքականության հակասական կերպարներից մեկն է, որն ունի ինչպես իրեն սատարողների, այնպես էլ իրեն միանշանակորեն չընդունողների լուրջ բանակներ: Նախկին նախագահի ազատազրկման մասին դատական որոշումից հետո երկու ճամբարներն էլ հանրահավաքներ են անցկացրել բրազիլական մի շարք քաղաքներում, երբ մեկը պահանջում էր նախկին նախագահին անմիջապես ազատազրկել առանց թղթաբանական ընթացակարգերին հետեւելու, մյուսը կասկածի տակ է դնում դատարանի որոշման հիմնավորվածությունը:
2014թ., երբ Լուլան այլեւս նախագահ չէր, բրազիլական կառավարության դատախազությունը քննություն սկսեց այն մեղադրանքների առնչությամբ, ըստ որոնց` պետական «Պետրոբրաս» նավթային կազմակերպությունը կաշառքներ է ընդունել` սառուցապատող ընկերություններին պատվերներ տալու համար: Հետաքննությունը լայն թափ ստացավ ու ընդգրկեց բարձրագույն բազմաթիվ պաշտոնյաների: Լուլան մեղադրվում էր ավելի քան մեկ միլիոն դոլարանոց բնակարան ստանալու մեջ` որպես կաշառք իր կայացրած որոշումներից մեկի համար: Նախկին նախագահի պաշտպանական թիմը ժխտողական դիրքորոշում որդեգրեց քննության նկատմամբ` հայտարարելով, որ որեւէ ապացույց չկա այդ փաստը հավաստող` նկատի ունենալով, որ գործը կառուցված է միայն կոռուպցիայի մեջ մեղադրվողներից մեկի խոստովանական ցուցմունքի վրա: Լուլան էլ պնդում է, որ դա իր դեմ լարված դավադրություն է բրազիլական ռազմական շրջանակների կողմից, որոնց ինքը ժամանակին մերժել է` հրաժարվելով ընդունել նրանց իշխանությունն իր նկատմամբ: Հաշվի առնելով գործի քննության ընթացքը, ինչպես նաեւ Լուլայի հանդեպ հասարակական վերաբերմունքը` կարելի է ենթադրել, որ նրա դեմ հարուցված գործը քաղաքական մոտիվներ ունի: Առհասարակ այսպիսի թերի ժողովրդավարություններում լայն տարածված է քաղաքական ռեալ հակառակորդներին քրեական մեղադրանքներով ասպարեզից հեռացնելու պրակտիկան:
Միեւնույն ժամանակ հաճախ է կարիք առաջանում քաղաքական ու իրավական գնահատական տալ նախագահներին ու նրանց պաշտոնավարման ժամանակաշրջանին: Ռոբերտ Քոչարյանի պաշտոնաթողությունից հետո, որն ավարտվեց մարտի 1-ի սպանդով, ընդդիմադիր «Հայ ազգային կոնգրեսը» ստորագրահավաք սկսեց` նրան` իբրեւ ամբաստանյալ, Հաագայի միջազգային քրեական դատարան գործուղելու համար: Ի դեպ, գործի նյութերն ուղարկվեցին Հաագա, եւ տեղեկատվություն տարածվեց, որ դատախազն ընդունել է դրանք քննելու ու հասկանալու գործ հարուցելու հիմքերը: Սակայն մինչ օրս այս հարցում որեւէ էական տեղաշարժ չկա: Ենթադրելի է, որ Քոչարյանի հարցը կմնա օդից կախված այնքան ժամանակ, քանի դեռ նա կպահպանի իր չեզոքությունն ու որսորդական տրամադրությունները: Այս օրերին իր պաշտոնավարման 10-ամյակն ամփոփող Սերժ Սարգսյանին կարծես ոչ ոք մտադրված չէ ուղարկել դատարան, քանզի դեռ խնդիր է Սարգսյանից ազատվելը: Վերջինս առկա իրավիճակում առավելագույնս պատրաստվել է սեփական իշխանավարության ընդհատում թույլ չտալուն: Դրա հետ մեկտեղ` ապրիլի 9-17-ը Սարգսյանը լինելու է պարզապես նախկին նախագահ առանց իրավական լծակների: Նրան հարկավոր եղավ 6-7 ամիս ազատվելու իշխանության բարձունքում Քոչարյանի ճնշող ներկայությունից, իսկ իր ներկայիս ենթականերն ունեն ընդամենը 6-7 օր: Սակայն դա էլ կարող է բավարար լինել նախագահի լիազորություններ ունեցող Արմեն Սարգսյանի ու վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի համար, եթե վերջիններս Սերժ Սարգսյանին համատեղորեն թոշակի ուղարկելու կամք ունենան:

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 

ԳԱԶԻ ՆԵՐԿՐՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆ ԶԳԱԼԻ ՆՎԱԶԵԼ Է
Հայաստանում ոչ միայն հացի արտադրության ծավալներն են նվազում, այլեւ ուղեւորներն են պակասում: Պաշտոնական վիճակագրությամբ այս տարվա հունվար-փետրվարին ուղեւորափոխադրումների ծավալը 2 տոկոսով նվազել է: Իսկ ուղեւորափոխադրումներն անմիջականորեն արտացոլում են հանրապետության ժողովրդագրական վիճակը:
«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ ինքնաթիռով ուղեւորափոխադրումների ծավալը այս տարվա երկու ամիսներին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 9.3 տոկոսով աճել է: Փոխարենը ավտոմոբիլային ուղեւորափոխադրումներն են նվազել` 4.5 տոկոսով: Իսկ ահա երկաթուղով ուղեւորափոխադրումները, հակառակը, աճել են 7.2 տոկոսով: Ի դեպ, ավտոմոբիլային տրանսպորտի մեջ են մտնում նաեւ տաքսիները, որոնց ուղեւորափոխադրումների ընդհանուր ծավալը նվազել է 4.3 տոկոսով: Ինչպես հայտնի է` ավտոմոբիլային տրանսպորտով ուղեւորափոխադրումների ծավալների անկման պատճառը մեկն է` ուղեւորների նվազումը: Պաշտոնական տվյալներով` ամեն տարի Հայաստանից արտագաղթում է մոտ 40-50 հազար մարդ: Ակնհայտ է, որ նրանց բացակայությունը իր ազդեցությունն է ունեցել նաեւ ուղեւորափոխադրումների ծավալների վրա:
Մյուս կողմից` ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` այս տարվա 2 ամիսներին Հայաստանում բեռնափոխադրումների ծավալների աճ է արձանագրվել: Ընդհանուր բեռնափոխադրումները, անցած տարվա երկու ամիսների համեմատ, աճել են 28.8 տոկոսով եւ կազմել 4 մլն 830 հազար տոննա: Բեռների արտահանումն աճել է 18.3 տոկոսով, ներմուծումը` 9 տոկոսով: Աճել է նաեւ երկաթուղով ներհանրապետական բեռնափոխադրումների ծավալը` 7.8 տոկոսով: Այսինքն` տվյալ ժամանակահատվածում իրականացվել է 237 հազար 100 տոննայի երկաթուղով ներհանրապետական բեռնափոխադրում:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ արձանագրվել է «մայրուղային խողովակաշարային» բեռնափոխադրումների ծավալների 16.2 տոկոս նվազում: Ի դեպ, բեռնափոխադրումների այս տեսակի դեպքում արտահանման եւ ներկրման տարանջատում չկա, քանի որ ընդհանուր խոսքը գնում է միայն ներկրման մասին եւ մեկ տեսակի ապրանքի` գազի մասին: Կարող ենք արձանագրել, որ գազի ներկրումը Հայաստան այս տարվա 2 ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, զգալի նվազել է: Ասել է, թե բարենպաստ ձմեռը իր «բացասական» ազդեցությունն է ունեցել «Գազպրոմ Արմենիա» ընկերության գործերի վրա:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՆՔԵՐԻ

«Նոյեմբերյանի «Ռեստարտ» երիտասարդական նախաձեռնող խումբը» երկրաբանահետախուզական եւ հանքերի շահագործման աշխատանքներն արգելելու պահանջով նախաձեռնել եւ իրականացնում է ստորագրահավաք:

Համայնքի բնակիչները ստորագրում են Նոյեմբերյան համայնքի ղեկավար Կարեն Աբազյանին ուղղված դիմումը, որը կոչվում է հանրագիր: Այդտեղ վկայակոչված է ՀՀ Սահմանադրությունը, այդ թվում` հիմնական օրենքի 12-րդ հոդվածը` «Յուրաքանչյուր ոք պարտավոր է հոգ տանել շրջակա միջավայրի պաշտպանության մասին»: Հանրագրի մասնակիցները Նոյեմբերյան համայնքի ղեկավարին հիշեցնում են. «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասը` «Համայնքի ավագանու նիստի օրակարգում հարց ընդգրկելու նախաձեռնությամբ կարող են հանդես գալ նաեւ համայնքում հաշվառված, տասնվեց տարին լրացած անձանց ոչ պակաս, քան մեկ տոկոսը տասը հազարից ավելի բնակիչ ունեցող համայնքներում: Ավագանու նիստի օրակարգում հարց ընդգրկելու նախաձեռնությունը ստորագրում են համայնքի` դրան կողմ բնակիչները եւ ներկայացնում են համայնքի ղեկավարին: Համայնքի բնակիչների նախաձեռնությունը ներկայացվում եւ քննարկվում է ավագանու նիստում ոչ ուշ, քան համայնքի ղեկավարի կողմից դրա ստանալուց հետո` մեկ ամսվա ընթացքում»:
Նոյեմբերյան համայնքի բնակիչները հանրագրով խնդրում եւ պահանջում են Նոյեմբերյան համայնքի վարչական տարածքում արգելել մետաղական հանքարդյունաբերության հետ կապված հետախուզական, հանքավայրերի շահագործման հետ կապված աշխատանքները, քանի որ Նոյեմբերյանի բնակիչներն իրենց ապագան տեսնում են էկոտուրիզմի, գյուղատնտեսական տուրիզմի, անասնապահության, մեղվաբուծության եւ այլ հարակից բնագավառների զարգացման մեջ: Ստորագրահավաքը հատկապես ակտիվ է ընթանում Նոյեմբերյան քաղաքում, Նոյեմբերյան համայնքի մաս կազմող սահմանամերձ Բերդավանում գյուղում: «Պոլիմետալ Արմենիա» ՍՊԸ-ն նախատեսում է 2018-2021թթ. երկրաբանահետախուզական աշխատանքներ իրականացնել Լոռու մարզի Ալավերդի եւ Շնող, Տավուշի մարզի Կողբ եւ Նոյեմբերյան համայնքների վարչական սահմաններում գտնվող տարածքներում: Դա առաջացրել է Նոյեմբերյանի տարածաշրջանի բնակիչների խիստ դժգոհությանը, որից հետո` մարտի 15-ին, «Պոլիմետալ Արմենիա» ՍՊԸ-ն հայտարարեց. «Առաջնահերթ կարեւորելով իր գործունեության դրական հանրային ընկալումը»` դադարեցնում է Լոռու մարզի Ալավերդի եւ Շնող, Տավուշի մարզի Նոյեմբերյան եւ Կողբ համայնքների վարչական տարածքներում երկրաբանահետախուզական աշխատանքների ծրագրի` շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության իրականացման եւ այդ գործընթացի շրջանակներում հանրային քննարկման կազմակերպման ուղղությամբ աշխատանքները: Այդ որոշմանը նախորդել է Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի ղեկավարի, ավագանու անդամների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ ընկերության ներկայացուցիչների հանդիպումը, որի շրջանակներում համայնքի ներկայացուցիչների հնչեցրած դիրքորոշումներն ուղղված են եղել Նոյեմբերյանի տարածքում երկրաբանահետախուզական աշխատանքների կատարումը բացառելուն»: Նոյեմբերյանի տարածաշրջանի երիտասարդությունը, այնուամենայնիվ, մտավախություն ունի, որ «Պոլիմետալ Արմենիան» կամ այլ ընկերություն Նոյեմբերյանի տարածաշրջանում կարող է երկրաբանահետախուզում եւ հանքերի շահագործում իրականացնել:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս