ՉՈՐՐՈՐԴ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՐԴՄՆԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ կայացավ թվով 7-րդ նախագահական երդմնակալության արարողությունը, որը անցավ հայաստանյան տխուր ավանդույթներով: Սովորաբար այս իրադարձությունը ժողովրդավարական երկրներում անցնում է տոնական մթնոլորտում, մինչդեռ Հայաստանում այն վերածված է փակ, կաստայական միջոցառման: Թվում էր՝ Արմեն Սարգսյանը, որպես արեւմտյան քաղաքակրթական արժեքների կրող, կփորձեր վեր կանգնել հայկական մռայլ ավանդույթներից, սակայն հայությանը կրկին հիասթափություն էր սպասվում այս առումով:

ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի երդմնակալության արարողությունը տեղի է ունեցել 1991թ. նոյեմբերին: Այն անցկացվել է ՀՀ Գերագույն խորհրդի նիստում` ներկայիս կառավարության նիստերի մեծ դահլիճում, որտեղ այնժամ տեղակայված էր խորհրդարանը: Այն ժամանակվա խորհրդարանը ձեւավորվել էր հասարակության քվեով եւ գրեթե ամբողջությամբ արտահայտում էր հասարակական տրամադրությունները:
Առաջին նախագահի երկրորդ երդմնակալությունը տեղի ունեցավ ՀՀ ԱԺ ներկայիս շենքում: Դրան նախորդել էին վիճահարույց ընտրություններ. այն ժամանակ ընդդիմադիր առաջնորդ Վազգեն Մանուկյանն ու իր կողմնակիցները գրոհել էին ԱԺ շենքի վրա, առեւանգել եւ բռնության ենթարկել ԱԺ ղեկավարությանը: Մի տեսակ մթնոլորտն այն չէր:
Ռոբերտ Քոչարյանի երդմնակալության առաջին արարողությունը կայացավ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Թեպետ հասարակությունը առանձնակի ջերմությամբ չէր տրամադրված նոր նախագահի հանդեպ, եւ ընտրություններում հիմնական մրցակիցը ներկա չէր միջոցառմանը, սակայն նախկին նախագահ Տեր-Պետրոսյանի ու նրա կողմնակիցների ներկայությունը որոշակիորեն խոսում էր ազգային միասնականության փորձի մասին: Արդեն 2003թ. երդմնակալությունը տեղի ունեցավ ՀՀ կառավարության նիստերի մեծ դահլիճում: Այսժամ Քոչարյանն ու նրա շրջապատը հասարակությունից պաշտպանվում էին փշալարերով, իսկ բողոքի ցույցեր անցկացնող անձինք բռնությունների էին ենթարկվում: Քոչարյանի երկրորդ ժամկետը մեկնարկեց ընդդիմության հանրահավաքի ճնշմամբ ու մասսայական բռնություններով՝ այդ ավանդույթը փոխանցելով Սերժ Սարգսյանին: Վերջինս 2008թ. իր երդմնակալությունն իրականացրեց Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Սարգսյանը պատահական չէր ընտրել այդ վայրը՝ հաշվի առնելով Ազատության հրապարակի տեղաբաշխվածությունը, որտեղից մարտի 1-ի առավոտյան բռնությամբ ցրվել էին խաղաղ հանրահավաքները, իսկ նույն օրվա երեկոյան արդեն դիմահար կրակոցով գնդակահարվել էին 10 քաղաքացիներ: Սարգսյանը Ազատության հրապարակում զինվորական շքերթ անցկացնելով՝ հուշում էր հասարակությանը, որ հիմնվելու է ուժի վրա: Ի դեպ, Սարգսյանի երդմնակալության արարողության ժամանակ Օպերայի շրջակայքն ամբողջությամբ շղթայված էր ոստիկաններով, որոնք անգամ թույլ չէին տալիս մոտակա շենքերի բնակիչներին ներս ու դուրս անել: Իսկ Սերժ Սարգսյանն Ազատության հրապարակում միայնակ ընդունում էր շքերթը՝ քամուց քշված ցելոֆանի ուղեկցությամբ: Սարգսյանի երկրորդ երդմնակալությունը նույնպես անցավ փակ պայմաններում, երբ Րաֆֆի Հովհաննիսյանի երթը ուղղություն վերցրեց դեպի Բաղրամյան 26, բախվելով ոստիկանության խիտ շարքերին, հանգրվանեց Ծիծեռնակաբերդում եւ աղոթեց «զորավար» ոստիականապետի հետ:
Խորհրդարանական կառավարմամբ պետություններում, ինչպես օրինակ՝ Գերմանիայում, նախագահական երդմնակալության արարողությանը այնքան էլ մեծ կարեւորություն չի տրվում: Եվ այդ պատճառով էլ այն անցկացվում է խորհրդարանում: Մինչդեռ նախագահական ԱՄՆ-ում, օրինակ, հունվարյան սաստիկ ցրտի պայմաններում ԱՄՆ Կոնգրեսի դիմահայաց հրապարակում կազմակերպվում է բաց արարողություն, որին մասնակցում են միլիոնավոր մարդիկ: Ֆրանսիայում նախագահը երդվում է Վերսալյան պալատում, սակայն պաշտոնական ելույթից հետո դուրս է գալիս հասարակությանն ընդառաջ, շրջում ժողովրդի մեջ, շքահանդեսների մասնակցում եւ այլն: Այս երկրներում նախագահական երդմնակալության արարողությունը լուսաբանում են հարյուրավոր լրատվամիջոցներ, ներկա է լինում գրեթե ողջ քաղաքական դասը՝ անկախ ընդդիմադիր կամ իշխանության ներկայացուցիչ լինելուց, ինչպես նաեւ հազարավոր քաղաքացիներ: Ողջ օրվա ընթացքում մայրաքաղաքում թեւածում է տոնական տրամադրությունը:
ՀՀ նախագահի 7-րդ երդմնակալության արարողությունն իր փակ բնույթով չտարբերվեց նախորդներից: Այսժամ նույնպես փողոցում նորընտիր նախագահին ողջունող բազմություն չկար: Անգամ լրագրողների ներկայությունն էր դահլիճում արգելված՝ թողնելով խորհրդային շրջանին բնորոշ միջոցառման տպավորություն: Նոր նախագահը ունեցավ հռչակագրային մակարդակի մի ելույթ՝ հասցնելով միայն գովաբանել իր նախորդի «քաղաքական հեռատեսությունը»: Նկատելի էր նաեւ, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի ելույթի ժամանակ Արմեն Սարգսյանն ակնհայտ հուզված էր:
Նրա երդման արարողությանը նվիրված հատուկ նիստը տեւեց ընդամենը 40 րոպե. ավանդական տեքստ եւ ավանդական ելույթներ: Հետաքրքիր է, որ ՆՍՕՏՏ ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի աջն Արմեն Սարգսյանը չհամբուրեց: ԱԺ հատուկ նիստին ներկա հյուրերի շրջանակը սպասելի էր. բացի «Ելք» խմբակցությունից, խորհրդարանական մյուս ուժերը մասնակցում էին, իսկ ահա «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը ներկա չէ, ինչպես պարզվեց` երկրում չէ: Չնայած երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ներկա է եղել Սերժ Սարգսյանի երդման արարողությանը նաեւ 2013 թվականին, սակայն այս անգամ ներկա չէր. պաշտոնական մեկնաբանությունը եւս նույնն էր. նա երկրում չէ: Արարողությանը չէին մասնակցում նաեւ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու ՀԱԿ անդամները. բացառություն էր միայն ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը, ով, սակայն, խուսափեց լրագրողների հարցերից եւ գերադասեց մեքենան նստելով արագ հեռանալ: Որքան էլ զարմանալի է` արարողությանը մասնակցում էր «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Համացանցում են հայտնվել նաեւ նրա՝ Սերժ Սարգսյանի հետ ջերմ ձեռքսեղմման լուսանկարները: Փաստորեն, մինչ նրա կուսակիցները փողոցում պայքարում են Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ, նա չի խուսափում սեղմել նրա ձեռքը` հավանաբար՝ հետաքրքրվելով, թե «տիկին Սարգսյանն ինչպե՞ս է»: Իրենց ընդդիմադիր համարող ուժերից նկատեցինք նաեւ ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանին:
Հաշվի առնելով Արմեն Սարգսյանի բնավորությունը, արեւմտյան հասարակությունում բնակվելը, վերջինիս նիստուկացին լավագույնս ծանոթ լինելը, կարծելի էր, որ նա պարզապես թույլ չի տա վերածելու իր երդմնակալության արարողությունը խորհրդային մռայլ միջոցառման: Դժբախտաբար, նոր նախագահը այդ փտած կարծրատիպերը հաղթահարել չկարողացավ: Հուսանք՝ սա ժամանակավոր է, մինչեւ որ ամրապնդի իր դիրքերն ու ազատվի Սերժ Սարգսյանի կողմից նշանակված նախագահի բարդույթից:

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 

ՌՈՒՍԱԿԱՆ ԿՈՂՄԸ ԿՍՏՈՒԳԻ ԼՈԼԻԿԻ ՀԱՅ ԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԻՆ

Լոլիկի` հայաստանցի արտադրողները, արտահանողները հայտնվել են ռուսական «Ռոսսելխոզնադզորի» տեսադաշտում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ապրիլի 11-ից «Ռոսսելխոզնադզորը» ստուգելու է լոլիկի հայ արտադրողներին:

Բանն այն է, որ այս կառույցը կասկածում է` հայ արտադրողները թուրքական ծագման լոլիկը վերաարտահանում են ՌԴ: Ավելին` ռուսական կողմն իր մտահոգությունն է հայտնել. պատճառն այն է, որ ներկա պահին Հայաստանում ստեղծվել է թուրքական լոլիկը հայկականի անվան տակ արտահանելու բարենպաստ իրավիճակ: Ի դեպ, հայ արտադրողներին ստուգելու որոշման մասով պայմանավորվածությունը ձեռք է բերվել երկու` ե՛ւ ռուսական, ե՛ւ հայկական կողմերի միջեւ:
Ըստ ռուսական «Ռոսսելխոզնադզոր»-ի` ՀՀ-ից դեպի Ռուսաստան լոլիկ արտահանում է երկու ընկերություն` «Սպայկա»-ն ու «Գրինպրոդուկտ»-ը, որոնք զբաղվում են ոչ միայն լոլիկի արտադրությամբ, մթերմամբ, այլեւ արտահանմամբ: Ու ստացվում է, որ ռուսական կողմը թուրքական լոլիկի վերաարտահանման մեջ կասկածում է այս ընկերություններին: Այսպես` ռուսական կողմի հաղորդագրության մեջ նշված է, որ ընկերությունների արտադրության ծավալների ընդլայնումն ու ինտենսիվ առաքումը վկայում է հայկական կողմի վերարտահանման մասին, այդ թվում եւ թուրքական ծագում ունեցող արտադրանքի: Այս նպատակով «Ռոսսելխոզնադզոր»-ը հայկական կողմից պահանջել է ներկայացնել տեղեկություններ լոլիկի արտադրության, աճի ծավալների եւ արտադրության վայրերի մասին: Իսկ մինչ այս վերջին շրջանում համառորեն լուրեր էին շրջանառվում այն մասին, որ հայկական արտադրանքի անվան տակ մեծ քանակությամբ թուրքական ծագման լոլիկ է արտահանվում ՌԴ: Սակայն այս տեղեկությունը պաշտոնապես այդպես էլ չի հաստատվել:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ԴԻԱՀԵՐՁՈՂԸ ՍԵՎԱՆԻՑ Է ՄԵԿՆՈՒՄ ԲԵՐԴ
Բերդի տարածաշրջանի բնակիչները «Ժողովուրդ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում դժգոհել են, որ Բերդի տարածաշրջանում դիահերձող չկա, եւ հարկ եղած դեպքում դիահերձող դատական բժիշկը Սեւան քաղաքից կտրում է 130 կմ ճանապարհ` Բերդ հասնելու համար: Արդյունքում նա ոչ միայն հաճախ ուշանում է, այլեւ մահացածի հարազատներին ասում է, որ մի քանի հոգու մահվան դեպքում միայն ինքը կգնա Բերդ, դատական բժիշկը մահացածների հարազատներին ասում է, որ վերջիններս դիահերձումից հետո պետք է վերցնեն մահացածի ներքին օրգանները եւ այսպես շարունակ:
«Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանությունների համար դիմեց Սեւանի Ձկնագյուղ գյուղի բնակիչ, դատական բժիշկ Սահակ Ավետիսյանին, որն էլ սպասարկում է Բերդը: Նա ասաց, որ վերջերս Բերդի բնակիչներից մեկը, ով իր հարազատի մահվան վկայականը ստանալու խնդիր է ունեցել, բողոքել է իր աշխատանքից: Ս. Ավետիսյանը, ով 30 տարեկան է, ասաց, որ մեկ ամիս է` ինքը նաեւ Բերդի տարածաշրջանում է դատական բժիշկ աշխատում, մեկ ամսում այդ տարածքում 7 դիահերձում է կատարել, այն պնդումը, որ մի քանի մահվան դեպքում է միայն ինքը Բերդ մեկնում, իրականությանը չի համապատասխանում: Դատական բժիշկն ասաց, որ ինքը միշտ սահմանված ժամկետում` մահվան դեպքից 12 ժամ անց, բայց ոչ ուշ, քան 24 ժամում է կատարում դիահերձումը, ինքն այդ գործը երբեք չի ուշացրել: Նրա խոսքերով` որպես դատական բժիշկ է կատարում դիահերձումը, մահացածի հարազատները վճարում են միայն սանիտարուհուն, ով նրանց վճարման անդորրագիր է հանձնում: Ս. Ավետիսյանը պարզաբանեց, որ դիահերձման ժամանակ մահացածի ներքին օրգանները իր կողմից մշակվում եւ փակվում են մահացածի որովայնում, եղել է 1-2 դեպք, երբ մահվան պատճառ դարձած, ուռուցքահարված օրգանը նեխած է եղել, եւ այն մարմնից հեռացնելու խնդիր է ծագել: Նա ասաց, որ առաջիկայում լուծվելու է Բերդի բժշկական կենտրոնի տարածքում դրանք թաղելու համար նախատեսված տարածքի հարցը: Ս. Ավետիսյանը հայտնեց, որ Բերդի տարածաշրջանում տարեկան մահվան շուրջ 400 դեպք է տեղի ունենում, մինչդեռ ինքը մեկ ամսում 7 դիահերձում է կատարել: Նրա խոսքերով` ինքը դիահերձում է կատարում քննիչի, հետաքննիչի կամ այլ իրավապահի որոշմամբ: Շատ դեպքերում Բերդի եւ Իջեւանի տարածաշրջանի գյուղերում դիահերձում չի կատարվում կամ այն կատարվում է տնային պայմաններում: Տնային պայմաններում դիահերձումից հետո կարող է վարակ տարածվել այդ տան բնակիչների, հատկապես փոքրահասակ երեխաների մեջ:
Դատական բժշկի վկայությամբ` շատ դեպքերում Բերդի եւ Իջեւանի տարածաշրջանի գյուղերում մահացածի հարազատները մահվան վկայական ստանում են ընտանեկան բժիշկներից, մինչդեռ կարող են դեպքեր լինել, որ մահվան պատճառը մահացածի հիվանդությունը չի եղել, հետո արտաշիրիմում կատարելու անհրաժեշտություն կառաջանա:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս