2017 թվականի հոկտեմբերին ՀՀ արդեն նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, անդրադառնալով բազմաբնակարանային շենքերի գողությունների մտահոգիչ ցուցանիշներին, առաջարկել էր Երեւանի քաղաքապետին եւ ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարին` քննարկել եւ գործուն քայլեր ձեռնարկել Երեւանի ու ՀՀ մարզերի տարածքներում գտնվող բազմաբնակարան շենքերը տեսախցիկներով, շենքերի մուտքերի դռները հատուկ, կոդավորվող փականներով հագեցնելու ուղղությամբ: Եվ ահա ամիսներ առաջ ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարականը կարծես թե աչքաթող չի արվել:
Մասնավորապես «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այս օրերին Երեւանում շենքերի մուտքերի դռները հատուկ գաղտնաբառով փականներ են տեղադրվում եւ քաղաքացիներին հայտնում են, որ այս քայլին գնում են` քաղաքացիների անվտանգությունը քիչ թե շատ ապահովելու համար: Նման գործընթաց սկսվել է քաղաքի տարբեր վարչական շրջաններում: Միայն թե դեռ հստակ պարզ չէ՝ քաղաքապետարանը, թաղապետարաններն ու համատիրությունները այս աշխատանքներն իրականացնելիս որքա՞ն ատկատ են անում, իսկ որ նրանք անում են, փաստ է: