Լեւոն Ալթունյանը Արսեն Թորոսյանին ներկայացրել է նախարարության աշխատակիցներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և նախկին նախարար Լևոն Ալթունյանն այսօր հանդիպել են նախարարության կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարների հետ։

Շնորհավորելով Արսեն Թորոսյանին նշանակման կապակցությամբ` Լևոն Ալթունյանն աշխատանքային հաջողություններ է մաղթել և աջակցության պատրաստակամություն հայտնել։ Նա ընդգծել է, որ երկրում կատարված փոփոխությունների արդյունքում իրականացվող սերնդափոխությունը նոր շունչ կհաղորդի առողջապահության ոլորտին։ Նախկին նախարարը նաև շնորհակալություն է հայտնել անձնակզմին համատեղ անցած ճանապարհի, իրականացվող ծրագրերի համար` մաղթելով աշխատանքային հետագա հաջողություններ։

Արսեն Թորոսյանն ընդգծել է, որ իր գործունեության ընթացքում առաջնորդվելու է բացառապես առողջապահության նախարարության և կառավարության շահերով` ուղղված բնակչության առողջության պահպանմանը։

«Քաղաքական իրողություններ են փոխվել, ինչը հնարավորություն կտա աշխատելու բացառապես հանուն երկրի, հանուն ոլորտի զարգացման։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որ վաղը նոր եկող մարդկանց հետ որևէ խնդիր չունենանք», – ասել է առողջապահության նախարարը` հավելելով, որ ոլորտի քաղաքականություն մշակող այս կառույցը նաև պետք է հանդես գա համակարգին աջակցողի դերում։

Արսեն Թորոսյանն ընդգծել է, որ առողջապահության ոլորտում իրականացվող հաջողված բոլոր ծրագրերը շարունակվելու և զարգանալու են։ Այն ծրագրերը, որոնք թերություներ ունեն կամ շտկումների անհրաժեշտություն կա, կվերանայվեն, գուցե և դադարեցվեն։ Նախարարը նշել է նաև նոր ծրագրեր մեկնարկելու մասին։

Առօրյա աշխատանքում Արսեն Թորոսյանը բոլորից ակնկալում է լիովին նոր մոտեցում և նոր աշխատելաոճ։




Լրահոս