Ինչպես հայտնի է, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի թիմակիցներն ավագանու նիստում նրան «անվստահություն» են հայտնել, սակայն հետո քննարկումների ժամանակ պաշտպանեցին Բալասանյանին` վերահաստատելով այդ պաշտոնին: Սա արվել է մեկ նպատակով, որպեսզի ՏԻՄ օրենքի համաձայն մեկ տարվա ընթացքում այլեւս ավագանին հնարավորություն չունենա քննարկելու համայնքապետին անվստահություն հայտնելու առաջարկ, ինչը ցանկանում էին անել ընդդիմադիրները: Գյումրիում տեղի ունեցած այս պատմության մասին «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Գյումրու նախկին քաղաքապետ, այժմ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանի հետ:
-Պարո՛ն Ղուկասյան, ի՞նչ տպավորություն եք ստացել Գյումրու քաղաքապետարանում ավագանու հայտնի նիստից:
-Գիտեք ինչ, դա Բալասանյանի կողմից այլասերվածության հեթական քայլն էր: Ամբողջ քաղաքը զարմացած է: Դա, էն որ ասում են, տարօրինակ արարած, այ էդպիսին է: Երեւի վարկեր է կերել, հիմա որոշել է մնալ, որ այդ ամենը չբացահայտվի: Թե չէ ինչի՞ է այդպես խառնվել իրար: Քաղաքը խոսում է, որ ինքը 300.000 դրամ է բաժանել ավագանու անդամներին, որ այդպես անեն: Ժողովուրդը գիտե՞ք` ինչ է ասում, ասում է` դատախազություն, ոստիկանություն, ԱԱԾ ավելի հեշտ ենք մտնում, քան քաղաքապետարան: Մեր Հայաստանի գաղութներն ավելի հեշտ է ներս մտնելը, քան քաղաքապետարան: Այ դրա նմանների արգասիքն այսօրվա իրավիճակն է: Երբ այդպիսիններին թողնեն, էս վիճակն է լինում: Պետք է թողնեն, որ ժողովրդի կողմից նշանակվի քաղաքապետը: Գիտեք, մի խոսք կա, գյումրեցիք ասում են` գիտուն աղվեսը երկու ոտքով է թակարդն ընկնում: Այ իր մասին է դա: Երկերեսանի մարդ է նա: Մեկը որ 1600 գույն ունենա, որ ինքը ժողովրդի կողմից է ընտրված, որ ինքը մաքուր է, էլ ինչ…
-Այսինքն` իրականում գյումրեցին չի՞ ընտրել Բալասանյանին:
-Ինչ ընտրություն, դա փողով ընտրություն էր: Դրա համար պետք է ազատվել նմանատիպ փալասանյաններից: Ամբողջ քաղաքը դա է խոսում: Եթե առանց միկրոֆոնի խոսեցնեք պատահական մարդկանց Գյումրիում, ոչ թե իր գործարանի աշխատակիցներին, որոնք վախից մի երկու բան կասեն, որպեսզի գործից չազատեն խեղճերին, մարդիկ կհայհոյեն: Ամբողջ ժողովուրդը զզվում է: Իրեն ոչ մի անգամ չեն ընտրել, կեղծիքներով, խաբեբայությամբ ընտրվել է քաղաքապետ: Ատելի մարդ է ինքը, իրոք այդ կերպարը չեն սիրում, դրա համար ժողովուրդն այդքան զայրույթ հայտնեց: Պետք է թողնենք` ժողովուրդն ընտրի, որպեսզի ժողովուրդը վստահ լինի, որ այդ մարդը ժողովրդի կարիքները կհոգա: Իր ուշք ու միտքը պաշտոնն է, որովհետեւ ինքը պաշտոնից այն կողմ ուրիշ բան չի սիրում` աթոռ, պաշտոն: Հետո այդպիսի մարդկանց Գյումրիում չպիտի բերեն, դնեն: Դա հո գյումրեցի չի, դա կիրովաբաթցի է: Բերել, կապել են գյումրեցոնց գլխին, այդպես հո չի կարելի: Էդ ինչ գյումրեցի, ինչ Պոլոզ Մուկուչ: Խայտառակություն է դա: Իրա արձանն էլ դրել է, յանի գարեջուրն ինքն է ստեղծել: Գյումրիում իր անունը դրել են քավոր Պետրոս: Կնունքին խաչի տեղը պղինձ է տարել: Այդ մարդուց ինչ մարդ: Ժամանակին գործարանի տնօրենն էլ ինքն է եղել, Մարգարյան Հովհաննեսի գլխին էլ ինքն է սարքել կաթի փոշու գործով: Ինքը մարդկանց գլխին լավ կարողանում է սարքել:
-Կարծում եք` Գյումրին պետք է ազատվի՞ նման քաղաքապետից:
-Ինչքան Գյումրին շուտ ազատվի նման մարդկանցից, այնքան ամեն ինչ նորմալ կլինի: Պետք է հպատակներից ազատվել: Ոչ մեկին դա օգուտ չի տալիս` ոչ ՕԵԿ-ին, ոչ ՀՀԿ-ին: Ինքը եղել է ե՛ւ կոմունիստ, ե՛ւ ՀՀՇ… ինչ ասես` եղել է:
զրուցեց Մերի Մարտիրոսյանը