ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Գումի շուկայում

Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Գումի շուկա ծանոթանալու գյուղմթերքների գներին: Վաճառողներից մեկը վարչապետի հետ զրույցում ասել է, որ առեւտուրը նստել է, մարդիկ ավելի շատ սուպերմարկետներից են օգտվում: Վարչապետը նշել է. «Յոլա գնալու ռեժիմը պետք է հանենք, հիմա առաջ գնալու ժամանակն է, հերիք է ինչքան յոլա գնացինք»: Վարչապետի խոսքով` իր այցի նպատակն է ծանոթանալ գյուղմթերքի գներին, քանի որ ահազանգեր կան, որ գներն աճել են:

 

 

 

ՀԱՐՑ. Ունեմ 39 տարվա աշխատանքային ստաժ: 2019թ. փետրվարին լրանում է կենսաթոշակի անցնելու տարիքս: Ցանկանում եմ իմանալ` Ակսել Բակունցի անվան մանկավարժական ուսումնարանում սովորած տարիները համարվո՞ւմ են աշխատանքային ստաժ, թե՞ ոչ:

Էմմա Վարդանյան (Արարատի մարզ)

ՊԱՏԱՍԽԱՆ. «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 9-րդ հոդվածի համաձայն` տարիքային աշխատանքային կենuաթոշակ նշանակվում է 63 տարին լրացած անձին, եթե նա ունի առնվազն 10 օրացուցային տարվա աշխատանքային uտաժ: Տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքից մեկ տարի շուտ (62 տարին լրանալու դեպքում) տարիքային կենuաթոշակ նշանակվում է, եթե անձն ունի առնվազն 35 տարվա աշխատանքային uտաժ եւ չի աշխատում: ՀՀ կառավարության 2011թ. մայիսի 5-ի N 665-Ն որոշմամբ հաստատված «Կենսաթոշակ նշանակելու համար դիմելու, կենսաթոշակ նշանակելու, կենսաթոշակի տեսակը փոխելու, կենսաթոշակ վճարելու եւ կենսաթոշակի գործ վարելու կարգի» 24-րդ կետի համաձայն` ուսումնական հաստատությունում առկա ուսման ժամանակահատվածը ստաժում հաշվառվում է այդ հաստատության տված դիպլոմով կամ վկայականով: Դիպլոմի, վկայականի հետ ներկայացվում է նաեւ առկա ուսման լրիվ դասընթացն ավարտելու մասին արխիվային տվյալներ պարունակող տեղեկանք, որում նշվում են տեղեկանքը տալու օրը, ամիսը, տարեթիվը, անձի անունը, ազգանունը, հայրանունը, ուսումնական հաստատություն ընդունվելու եւ ավարտելու տարեթիվը, տարկետում ստացած լինելու դեպքում` տարկետման ժամանակահատվածի սկիզբը եւ վերջը: Տարկետում ստանալու հիմքերի բացակայության դեպքում տեղեկանքում նշվում է ուսումնական հաստատության տվյալ ֆակուլտետում առկա ուսման տեւողությունը: Ուսման լրիվ դասընթացն ավարտած չլինելու դեպքում ընդունվում է դրա առանձին փուլերն ավարտելու մասին արխիվային տվյալներ պարունակող տեղեկանք:
Ակսել Բակունցի անվան մանկավարժական ուսումնարանում սովորելու ժամանակահատվածը կհաշվառվի Է. Վարդանյանի աշխատանքային ստաժում, եթե նա դիպլոմի հետ ներկայացնի նաեւ առկա ուսուցմամբ սովորելու մասին արխիվային տվյալներ պարունակող տեղեկանք:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող աշխատանքային ստաժի առկայության դեպքում աշխատանքային ստաժում հաշվառվում են նաեւ ուսումնական հաստատություններում (բացառությամբ հանրակրթական ուսումնական հաստատությունների) առկա ուսման ժամանակահատվածը` վեց տարուց ոչ ավելի:

 

 

ՀԱՐՑ. Քննարկումներ էին ընթանում, որ 2-րդ երեխայի ծնվելուց հետո ծնողները պետության կողմից 50.000 դրամի փոխարեն պետք է ստանան 150.000 դրամ: Ուզում եմ իմանալ` օրենքն ուժի մեջ մտե՞լ է, թե՞ ոչ: Եթե ոչ, ապա երբվանի՞ց կգործի այն: Հիմա 2-րդ երեխայի ծնվելու դեպքում պետության կողմից որքա՞ն գումար է տրամադրվում:

Անահիտ Հարությունյան (34 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափերը սահմանված են ՀՀ կառավարության 2014 թվականի մարտի 6-ի թիվ 275-Ն որոշմամբ: Տեղեկացնում ենք նաեւ, որ ներկայումս շրջանառվում է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6-ի N 275-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որի շրջանակներում նախատեսվում է վերանայել երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը երկրորդ երեխայի ծննդյան դեպքում:
Նախագիծն ընդունվելու դեպքում այն սահմանված կարգով կհրապարակվի Հայաստանի Իրավական Տեղեկատվական Համակարգի arlis.am կայքէջում, ինչպես նաեւ զանգվածային լրատվության միջոցներով:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանն օրերս հայտարարել էր, թե երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը 150 հազար դրամ դարձնելու որոշումը կարող է ուժի մեջ մտնել այս տարվա հոկտեմբերի 1-ից:




Լրահոս