Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա: Այս մասին նա հայտնել էր օրեր առաջ եւ որպես արտահերթ խորհրդարանական ընտրությունների հնարավոր ժամկետ մատնանշել էր դեկտեմբերի 9-ը: Իսկ մինչ այդ խորհրդարանում երկու անգամ վարչապետ չի ընտրվի, որից հետո էլ Ազգային ժողովը կլուծարվի: Իսկ ի՞նչ է սպասվում արտահերթ ընտրություններից հետո, երբ տեղի ունենա առաջին նիստը, եւ ե՞րբ կրկին վարչապետ կունենանք:
Նախ նշենք, որ ՀՀ Սահմանադրության համաձայն` մինչ արտահերթ ընտրություններից հետո առաջին նիստի գումարումը նախորդը շարունակում է իր աշխատանքները: Իսկ դա կարեւոր հանգամանք է, քանի որ, ըստ էության, 2019 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումները տեղի կունենան արդեն լուծարված խորհրդարանում:
Սահմանադրության 90-րդ հոդվածը նաեւ սահմանում է, թե արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո որ օրը պետք է գումարվի առաջին նիստը: «Արտահերթ ընտրության դեպքում գործող Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն ավարտվում, եւ նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն սկսվում է նորընտիր Ազգային ժողովի կազմավորումից հետո` երկրորդ երկուշաբթի օրը հրավիրված Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման պահին», – ասված է օրենքում:
Իսկ ե՞րբ Ազգային ժողովը կհամարվի կազմավորված. դա էլ սահմանում է Ընտրական օրենսգիրքը: Մասնավորապես, սահմանված է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քվեարկությունների արդյունքների հիման վրա քվեարկության ավարտից ոչ ուշ, քան 24 ժամ հետո ամփոփում է Ազգային ժողովի` ընտրության քվեարկության նախնական արդյունքները եւ արձանագրությամբ վավերացնում դրանք: Իսկ ահա քվեարկության օրվանից հետո` 7-րդ օրը, կազմվում է արձանագրություն քվեարկության արդյունքների վերաբերյալ: Այսինքն, ընտրությունների օրվանից մեկ շաբաթ անց պաշտոնապես պարզ կդառնան խորհրդարան անցած ուժերը, նրանց մանդատների թիվը եւ այլն:
Եվ ըստ այդմ, արդեն ԱԺ կանոնակարգ-օրենքն էլ սահմանում է, թե երբ պետք է հրավիրվի նորընտիր խորհրդարանի առաջին նիստը: Ըստ այդմ, Ազգային ժողովի արտահերթ ընտրության դեպքում առաջին նստաշրջանը հրավիրվում է նորընտիր Ազգային ժողովի կազմավորումից հետո` երկրորդ երկուշաբթի օրը՝ ժամը 10:00-ին, որի մասին հայտարարում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը:
Առաջին նստաշրջանի անցկացման հետ կապված հարցերը եւս կարգավորվում է ԱԺ կանոնակարգ-օրենքի միջոցով:
Մասնավորապես, այդ ամենը կարգավորում է 33-րդ հոդվածը: Ըստ այդմ, առաջին նստաշրջանի նիստերը բացում եւ մինչեւ Ազգային ժողովի նախագահի ընտրվելը նախագահում է տարիքով ավագ պատգամավորը: Առաջին նստաշրջանի բացման առթիվ ողջույնի ելույթի իրավունք ունեն Հանրապետության նախագահը եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Ողջույնի ելույթներից հետո պատգամավորները երդվում են՝ «Հանուն համազգային նպատակների իրականացման եւ հայրենիքի հզորացման ու բարգավաճման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջեւ ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը եւ օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության եւ շահերի պահպանմանը, անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության, ազգային ու համամարդկային արժեքների պահպանման համար:»:
Ապա նախագահողը հայտարարում է առաջին նստաշրջանի օրակարգը՝ 1) հաշվիչ հանձնախմբի ստեղծում. 2) Ազգային ժողովի նախագահի ընտրություն. 3) Ազգային ժողովի նախագահի երեք տեղակալների ընտրություններ. 4) մշտական հանձնաժողովների ստեղծում. 5) մշտական հանձնաժողովների նախագահների ընտրություններ. 5.1) Կառավարության առաջարկությամբ՝ Կառավարության կառուցվածքի փոփոխության վերաբերյալ օրենքի նախագծի քննարկում. 6) Կառավարության ծրագրին հավանություն տալու հարց:
Սակայն մինչեւ 6-րդ կետն իրականացնելը պետք է տեղի ունենա վարչապետի ընտրություն, որն արդեն ամրագրված է Սահմանադրությամբ: Մասնավորապես, հոդված 149-ը սահմանում է վարչապետի ընտրության եւ նշանակման հարցերը: Մասնավորապես,
1. Հանրապետության նախագահը նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետի սկսվելուց հետո անհապաղ վարչապետ է նշանակում Սահմանադրության 89-րդ հոդվածով սահմանված կարգով ձեւավորված խորհրդարանական մեծամասնության ներկայացրած թեկնածուին:
Սա նշանակում է, որ եթե խորհրդարանական ընտրությունների արդյունքները լինեն Երեւանի ավագանու ընտրությունների պես ակնհայտ տարբերությամբ, ապա մեծամասնության թեկնածուն, այս դեպքում` Նիկոլ Փաշինյանը, իրավունքի ուժով է դառնալու ՀՀ վարչապետ: Ճիշտ այնպես, ինչպես եւ Հայկ Մարությանը դարձավ Երեւանի քաղաքապետ առանց ավագանիների կողմից ընտրության:
Նաիրա Հովհաննիսյան