Ստամբուլում 90 տարեկանում մահացել է հայտնի պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը։
Պոլսահայ լուսանկարչի ինքնազգացողությունը վատացել էր, ինչի արդյունքում նրան տեղափոխել էին հիվանդանոց։ Հիվանդանոցում բժիշկները երկու անգամ կարողացել էին վերականգնել Գյուլերի սրտի կանգը՝ տեղափոխելով նրան վերակենդանացման բաժանմունք։
Քիչ անց, սակայն, նա սրտի անբավարարության հետևանքով մահացել է։
Արա Գյուլերը ծնվել է 1928թ. օգոստոսի 16-ին, Ստամբուլում: Դպրոցական տարիներին աշխատել է Թուրքիայի կինոստուդիաներում և հաճախել թատերական դասընթացների: 1950թ-ից սկսել է աշխատել «Նոր Ստամբուլ» թերթում` զուգահեռ ուսանելով Ստամբուլի համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետում: Որոշ ժամանակ անց տեղափոխվել է «Հյուրիեթ» թերթի խմբագրություն: 1958թ. դարձել է ամերկյան «Լայֆ Թայմ» հանդեսի թուրքական մասնաճյուղի Մերձավոր Արևելքի առաջին թղթակիցը, ինչպես նաև գործակցել միջազգային մի քանի հեղինակավոր լրատվամիջոցների հետ: 1961թ. աշխատանքի է անցել «Հայաթ» թերթում` գլխավորելով լուսանկարչական բաժինը: 1960-ականներից նրա լուսանկարները զարդարել են անվանի գրողների գրքեր և ցուցադրվել աշխարհի տարբեր ցուցահանդեսներում:
1970-ականներին ֆոտոհարցազրույցներ է վերցրել այնպիսի հեղինակավոր դեմքերից, ինչպիսիք են Ուինսթոն Չերչիլը, Մարիա Կալլասը, Ջոն Բերգերը, Բերնարդ Ռասսելը, Սալվադոր Դալին, Պաբլո Պիկասոն, Ինդիրա Գանդին և այլք: Համարվում է Թուրքիայում ֆոտոնկարչության հիմնադիրը: 2000թ. Թուրքիայում անցկացված հարցումների արդյունքում նրա անունը գրվել է հազարամյակի 10 մեծագույն թուրքերի կողքին: 2004թ-ից Ստամբուլի Տեխնիկական համալսարանի պատվավոր դոկտոր է:
Նրա մականունն է «Ստամբուլի աչք» կամ «Ստամբուլի լուսանկարիչ»:
Աշխարհահռչակ լուսանկարչի՝ աշխարհի տարբեր անկյուններում և ժամանակներում արված ավելի քան 100 լուսանկարներ 2013 թվականի հունիսին ամփոփվեցին Հայաստանի ազգային պատկերասրահում բացված «Բարև ձեզ» խորագրով ցուցահանդեսում: