Երեկ խորհրդարանում կրկին շիլաշփոթ էր, եւ սխալված չենք լինի, եթե ասենք, որ պատճառը դարձյալ թաքնված էր ՀՀԿ-ի հնարամտության տիրույթում, որը իսկապես վատ դրության մեջ դրեց գործող իշխանություններին: Ինչպես հայտնի է, երեկ կառավարության հրավերով խորհրդարանն արտահերթ նիստ էր գումարել, որի ժամանակ էլ քննարկվեց Ընտրական օրենսգրքում փոփոխություններ անելու նախագիծը:
Սակայն ի սկզբանե նիստի ընթացքն ու քվեարկության պատկերն անորոշ էին, քանի որ շատ քիչ թվով պատգամավորներ էին ներկա: Առավոտյան` գրանցման պահին, ներկա էր 53 պատգամավոր, որը բավարար է նիստի քվորումն ապահովելու համար, բայց Ընտրական օրենսգիրքը սահմանադրական օրենք է, եւ դրա քվեարկության համար անհրաժեշտ է պատգամավորների 3/5-րդը, այսինքն` 63 ձայն:
Նշենք, որ հենց սկզբից քվորումն ապահովել հաջողվեց մի քանի ՀՀԿ-ականների ներկայության շնորհիվ, քանի որ բացականեր կային թե՛ «Ծառուկյան» խմբակցությունում, թե՛ ՀՅԴ-ում: Եւ արդեն ակնհայտ էր, որ ՀՀԿ-ն մտադիր է տապալել Ընտրական օրենսգրքի ընդունումը, եւ նրանք դրա համար նաեւ հատուկ սցենար էին մշակել: Մասնավորապես, ազատ էին թողնել խմբակցության անդամներին` ինչպես ցանկանան, այնպես էլ կքվեարկեն, եւ հենց այդ պատճառով էլ անորոշ իրավիճակ էր: Մասնավորապես, ՀՀԿ-ական պատգամավորներից կային այնպիսիք, որոնք շենքում էին, բայց չէին գրանցվել, իսկ մի քանիսն էլ զուտ դահլիճ էին մտել, որպեսզի գոնե քննարկման համար քվորում ապահովեն, բայց ամեն ինչ այլ ուղղությամբ տարան:
Կառավարությունն առաջարկում էր այս նախագիծն ընդունել 24 ժամյա ռեժիմով, սակայն պատգամավորներին առաջարկում էին 72 ժամյա ռեժիմ, եւ չընդունեցին նաեւ այդ տարբերակը: Այսինքն, չընդունվեց ե՛ւ 24 ժամյա ռեժիմը, ե՛ւ 72 ժամյա ռեժիմը: Նշենք, որ այդ դեպքերում սովորական նախագծերի պես է տեղի ունենում քվեարկությունը, երբ երկրորդ ընթերցումը կայանում է միայն երկու շաբաթ անց, եթե կառավարությունը կրկին արտահերթ նիստ հրավիրելու որոշում չկայացնի: Եվ ահա օրվա ընթացքում հաջողվեց մինչ 16:00 մի քանի պատգամավորների «բերման ենթարկել» խորհրդարան: Թվում էր, թե խնդիրը հանգուցալուծվում էր, սակայն քվեարկության վճռական պահին ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը զիջեց եւ թույլ տվեց, որ քվեարկությունը կայանա մեկ ժամ անց, որպեսզի համապատասխան թվով պատգամավորներ լինեն դահլիճում:
Սակայն մինչ այդ խորհրդարանում պատգամավորները ակտիվ գործընթացների մեջ էին եւ փորձում էին գտնել իրենց գործընկերներին, ովքեր կկարողանան գալ նիստի: Իրավիճակը սրվեց հատկապես ՀՀԿ-ի այն հայտարարությունից հետո, թե իրենք կողմ չեն նախագծին: Դրանից հետո գործի անցան առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, ով փորձել է զանգահարել պատգամավորների, հատկապես ՀՀԿ-ական՝ համոզելով նրանց բերել խորհրդարան: Նման կոչեր էին հնչում նաեւ հենց ԱԺ ամբիոնից, երբ օրինակ Նաիրա Զոհրաբյանը եւս հորդորեց ՀՀԿ-ական գործընկերներին սաբոտաժի չգնալ ու կողմ քվեարկել այս նախագծին:
Իսկ այժմ անդրադառնանք ներկաներին եւ բացականերին: Երեկ ԱԺ նիստից բացակայում էին բուն հանրապետականները, եւ Ընտրական օրենսգրքի քննարկմանը եկել եւ ստիպված գերի էին մնացել խորհրդարանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները դեկտեմբերին անցկացնելու հայտարարությանը միացածներից մի քանիսը: Նրանց թվում էին Տաճատ Վարդապետյանը, Գեւորգ Կոստանյանը, Շիրակ Թորոսյանը, Կնյազ Հասանովը, Արթուր Գեւորգյանը, Սամվել Ալեքսանյանը, Արման Սահակյանը, Մարտուն Գրիգորյանը, Արման Սահակյանը, Աշոտ Արսենյանը: Իսկ բուն հանրապետականներից խորհրդարանում էին Վահրամ Բաղդասարյանը, Արմեն Աշոտյանը, Արփինե Հովհաննիսյանը, Գալուստ Սահակյանը: ՀՅԴ-ում նիստի սկզբում եւս բացականեր կային, ովքեր չէին գրանցվել նիստին, խոսքը Ռոմիկ Մանուկյանի եւ Անդրանիկ Կարապետյանի մասին է, սակայն ժամեր անց խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հայտարարեց, թե իրենք խմբակցության բոլոր անդամներով կողմ են քվեարկելու: Սակայն հետաքրքիր է, որ Սուրեն Մանուկյանն ու Անդրանիկ Մանուկյանը, ովքեր անկուսակցական են, այդպես էլ չմասնակցեցին քվեարկությանը:
Բացականեր կային նաեւ «Ծառուկյան» խմբակցությունում` Գագիկ Ծառուկյանը, Վահան Կարապետյանը, Հրանտ Մադաթյանը, Դավիթ Մանուկյանը, Մելիք Մանուկյանը: Արգամ Աբրահամյանը եւս ի սկզբանե չէր գրանցվել, սակայն ավելի ուշ նա խորհրդարանում էր եւ կողմ քվեարկեց: Քվեարկությանն ավելի ուշ հասավ նաեւ Մելիք Մանուկյանը, իսկ ահա Նապոլեոն Ազիզյանն առավոտյան գրանցվեց, սակայն հետո չմասնակցեց քվեարկությանը:
Եվ, ի վերջո, երբ նախագիծը պետք է դրվեր քվեարկության, արդեն ընդմիջում վերցրեց Լենա Նազարյանը, սակայն այդ պահին արդեն նիստերի դահլիճում 69 պատգամավոր կար: Ընդ որում, մեզ հայտնի դարձավ, որ ընդմիջում վերցնելու պատճառը կառավարության եւ մի քանի պատգամավորների միջեւ բանակցությունների հաջող անցկացումն է եղել, ովքեր խոստացել են գալ ու կողմ քվեարկել: Սակայն 20 րոպե անց դահլիճում կրկին նույն 69 պատգամավորն էր ներկա, քվեարկությանը ոչ բոլորը մասնակցեցին եւ արդյունքում նախագիծը չանցավ 56 կողմ, 3 դեմ ձայների հարաբերակցությամբ: 3 դեմ քվեարկած պատգամավորներն էին Արմեն Աշոտյանը, Վահրամ Բաղդասարյանը եւ Խոսրով Հարությունյանը: Այսպիսով, ընտրական օրենսգրքի նախագիծը չընդունվեց, որը Նիկոլ Փաշինյանի «արտահերթի» ծրագրերի մեջ չէր մտնում:
Նաիրա Հովհաննիսյան