ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Հայկ Կոնջորյանը հայտարարություն է տարածել, որով տեղեկացնում է, որ հեռանում է կուսակցությունից և միանում Փաշինյանի թիմին։
«Սիրելի հայրենակիցներ, Ցանկանում եմ տեղեկացնել, որ այս պահից ես դադարեցնում եմ իմ անդամակցությունը Լուսավոր Հայաստան կուսակցությանը: Այս որոշումը պայմանավորված է կուսակցության ապագա գործունեության շուրջ իմ ունեցած մոտեցումների տարբերությամբ: Ես խորապես շնորհակալ եմ Լուսավոր Հայաստանի իմ ընկերներին անցած համատեղ ճանապարհի համար և հաջողություն եմ մաղթում նրանց՝ ապագա ձեռնարկումներում: Ես հավատում եմ, որ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը մեր պայծառ ապագայի գլխավոր շանսն է:
Ես գիտեմ, որ անցյալի ուրվականը դեռ թափառում է Հայաստանում: Ես համոզված եմ, որ ապագայի և անցյալի կռվում պիտի կանգնել հեղափոխության կողքին ուղղակիորեն, անմիջականորեն, ուս-ուսի տված: Ուստի, ես իմ ուղղակի և անվերապահ աջակցությունն եմ հայտնում Նիկոլ Փաշինյանին և հեղափոխությանը Հայաստանի համար այս բախտորոշ ժամանակներում և իմ քաղաքական գործունեությունը իրականացնելու եմ հեղափոխության թիմի հետ միասին, որովհետև մեր պետության նավը դուրս է եկել ծով, որը լի է փոթորիկներով և ծովահեններով, իսկ առագաստը պիտի պահել ամուր, որովհետև նավը պիտի հասնի մեր երազանքների ափին»: