Վստահության խնդի՞ր, թե՞ առանց պարտադրանքի. հիմնադրամի նվիրաբերությունն ավելի քիչ է. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Հայաստան» համահայկական հիմնադրամին Լոս Անջելեսում մեկնարկած «Հեռուստամարաթոն-2018»-ի ընթացքում երեկվա դրությամբ նվիրաբերվել էր 11 մլն 109 հազար 633 դոլար: Միայն թե, նախորդ տարիների համեմատ, այս անգամ հանգանակված գումարն ավելի քիչ էր. 2017թ. մարաթոնի ժամանակ հանգանակվել էր 12 մլն 505 հազար դոլար, իսկ 2016 թվականին` 14.6 մլն դոլար: Նախորդ տարվա համեմատ` 2018թ. հանգանակված գումարի տարբերությունը մեծ չէ՝ 1.3 մլն դրամ: Մինչդեռ թավշյա հեղափոխությունից հետո սպասվում էր, որ Սփյուռքի հանգանակած գումարները շեշտակի կավելանան: Ի վերջո, Սփյուռքը հիմա ավելի շատ է վստահում ՀՀ նոր իշխանություններին, քան ՀՀԿ օրոք էր:

Ըստ այդմ, երեկ տեղի ունեցածը տարօրինակ էր: Բայց այդ գումարը հնարավոր է, որ կավելանա. նախ՝ հաշվարկված չէ ՀՀ-ից արված նվիրատվությունները: Բացի այդ, եթե նախկինում պետական կառավարման համակարգի աշխատակիցների աշխատավարձերից որոշակի գումար է պահվել հանգանակության նպատակով, ապա այս տարի ստիպողաբար նման քայլ չի եղել: Միաժամանակ, հավաքագրման նվազման պատճառը կարող էր լինել հիմնադրամի նախկին ղեկավար Արա Վարդանյանի շուրջ տեղի ունեցած սկանդալը: Եթե հիշում եք, նա հիմնադրամի միջոցները խաղադրույք էր դրել, բայց հետո այդ գումարները մինչեւ վերջին լուման վերադարձրել: Սակայն դա չխանգարեց, որ ԱԱԾ-ն այդ պատմության բացահայտումից հետո քրեական գործ հարուցի: Երեկ Վարդանյանն ինքը նման խոստովանություն է արել ու ներողություն խնդրել.

«Կրկին հայցում եմ բոլորիդ ներողամտությունը, եթե իմ հետ կապված աղմուկը որեւէ կերպ ազդել է վստահության վրա, եւ կոչ եմ անում բոլորին սատար կանգնել Հիմնադրամին եւ իր սուրբ առաքելությանը»,- ասել է նա: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն էլ չի բացառել, որ այս տարի քիչ գումար է հավաքագրվելու. պատճառներից մեկը նախկին տնօրենի շուրջ սկանդալն էր. «Հնարավոր է, չի բացառվում»:

Ավելի մանրամասն`«Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս