Հիմա քաղաքական դաշտն այնպես է խառնվել, որ ոչ ոքի էլ չեմ համակրում. Ասո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի հարցերին պատասխանել է ժողովրդական երգիչ Արսեն Գրիգորյանը՝ Ասոն: Մենք բացահայտել ենք նրա բնավորության՝ քչերին հայտնի գծեր, խոսել ենք երգչի նախասիրությունների մասին: Ասոն պատմել է, թե ինչպես է իր կյանքը փոխվել հայտնի դառնալուց հետո, եւ ինչ հարցերում է ստիպված եղել իրեն սահմանափակել: Նա խոստովանել է, որ իր կյանքի դժվարին փուլը կապված է ֆինանսականի հետ. Ասոն չի կարողանում ոչ ասել, եւ այնպես է ստացվում, որ տասը անգամ երգում է, մեկ անգամ՝ գումար վաստակում:

-Մանկության ամենավառ հուշերը ինչի՞ հետ են կապված:

-Մանկության ամեն մի հուշ կապված է պապիկիս եւ տատիկիս հետ, մեր գյուղի հետ: Խոսքն Արա գյուղի մասին է:

-Եղե՞լ է, որ բեմի մարդ լինելու համար զղջաք: Այն ի՞նչ անհարմություններ կարող է պատճառել:

-Բեմը բերում է ճանաչման, իսկ ճանաչված մարդուն երբ սխալ են հասկանում, մի ամբողջ բանակ է հավաքվում նրա դեմ: Պարզ է, որ եթե տվյալ անձը ճանաչված չլինի, նրա ամեն մի խոսք այդքան մեծ արձագանք չի գտնի:

-Երբ ոչինչ այլեւս Ձեզ չի մխիթարում, անպայման օգնության է հասնում…

-Օգնության են հասնում իմ ընկերները եւ սեփական ինքնակառավարումս: Ինձ մխիթարում է նաեւ երեխաներիս հանդեպ իմ ունեցած մեծ սերը: Դա ամեն ինչի դարմանն է:

-Ո՞րն է կյանքի տված լավագույն դասը Ձեզ:

-Նեղությունը կարող է լավ ուսուցիչ լինել, բայց միայն խելացիների համար, թե չէ անխելքը ոչ մի բանից էլ դաս չի քաղում:

-Լիարժեք հանգստանալու համար Ձեզ ի՞նչ է հարկավոր:

-Լինել մեր տանը, այգում, ընտանիքիս հետ: Տանը լինելը հանգստանալու միակ եւ լավագույն ձեւն է:

-Ինչի՞ց կամ ումի՞ց կախվածություն ունեք:

-Մորիցս եւ Աստծուց:

-Շարունակե՛ք միտքը՝ հիմար մարդը նա է, ով…

-Իր սխալներից է սովորում: Չէ՞ որ խելացին սովորում է ուրիշների սխալներից:

-Ինչպե՞ս եք վարվում Ձեր ներքին հակասությունների հետ:

-Իմ մեջ անընդհատ կռիվ եմ տալիս դրանց հետ եւ գտնում լավագույն լուծումը, դրանով էլ մխիթարվում եմ:

-Ո՞վ կարող է դառնալ Ձեր ընկերը:

-Յուրաքանչյուր ազնիվ մարդ:

-Քաղաքական գործիչներից ու՞մ եք համակրում:

-Հիմա քաղաքական դաշտն այնպես է խառնվել, որ ոչ ոքի էլ չեմ համակրում:

-Հայտնի դառնալը ինչո՞վ է օգնում եւ ինչո՞վ է վնասում մարդուն:

-Մինչ հայտնի դառնալը երազում էի այդ մասին, բայց հետո հասկացա, որ այն շատ խնդիրներ է իր հետ բերում: Հիշում եմ՝ երբ տարիներ առաջ Թումանյան փողոցով քայլում էի Աշոտ Ղազարյանի հետ, բոլորը մոտենում էին նրան, բարեւում էին եւ ջերմ խոսքեր ասում: Ես էլ մտածում էի. «Երանի~ Աշոտին, տեսնես կգա՞ մի օր, երբ ինձ էլ կճանաչեն»: Բայց, հավատացե՛ք, երբ եկավ այդ օրը, ես հասկացա, որ հայտնի լինելը բեռ է. չես կարողանում ապրել այնպես, ինչպես կցանկանայիր: Ես էլ հումորով, ջրիկ մարդ եմ, եւ հայտնի լինելը շատ է սահմանափակում ինձ:

-Ըստ Ձեզ՝ ո՞ր դեպքում է ճշմարտությունն ասելն արդյունավետ:

-Ինչպես ասում են, սուտ կա՝ տուն է սարքում, ճիշտ կա՝ տուն է քանդում: Պետք է միշտ հաշվի առնել ճշմարտությունն ասելու հետեւանքները:

-Տարիքի հետ ընկերներ կորցնո՞ւմ եք, թե՞ ձեռք բերում:

-Երկուսն էլ. շատերը մաղվում են, շատերն էլ գալիս են իմ կյանք: Առհասարակ, ընկերոջ կորուստը ծանր եմ տանում, բայց, իհարկե, կան դեպքեր, երբ ուրախանում եմ, որ տվյալ մարդուն բացահայտում եմ եւ հասկանում, որ նա չի կարող իմ ընկերը լինել:

-Ձեր կյանքի դժվարին փուլն ինչի՞ հետ է կապված եղել:

-Օրինակ՝ հիմա այն կապված է նյութական դժվարությունների հետ: Բանն այն է, որ չեմ կարողանում մարդկանց ոչ ասել, արդյունքում երգում եմ տասը երգ, բայց մեկի համար եմ վճարվում: Գիտեմ, որ հաճախ չարաշահում են մեծահոգությունս, բայց իմ բնավորության հետ ոչինչ չեմ կարող անել:

-Ո՞րն է կին-տղամարդ հարաբերությունների կայունության հիմքը:

-Փոխադարձ սերն ու հարգանքը:

-Եվ վերջում՝ իմ հարցերից ո՞րը Ձեզ դուր եկավ:

-Անկեղծ ասած՝ բոլորը:

Անի Անտոնյան




Լրահոս