Տավուշի մարզպետարանի ղեկավար աշխատողներից ովքեր չեն ծառայել բանակում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզպետարանի կայքում հրապարակված են մարզպետարանի աշխատակազմի ղեկավար աշխատողների կենսագրությունները: «Ժողովուրդ» օրաթերթը նրանց կենսագրականներն ուսումնասիրելով` պարզեց` շատերը ՀՀ զինված ուժերում ժամկետային ծառայություն չեն անցել, այնինչ սահմանամերձ մարզի բնակիչների դեպքում այդպես չպետք է լիներ:

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը ծառայել է Հայաստանի զինված ուժերում։

2019թ․մարտի 12-ին Տավուշի մարզպետի խորհրդական է նշանակվել Արբակ Գրիգորյանը։ 1983թ․Երեւանում ծնված Արբակ Գրիգորյանը միջնակարգ դպրոցն ավարտել է Եկատիրինբուրգում, սովորել է Ուրալյան պետական բժշկական ակադեմիայում, ավարտելուց հետո աշխատել տեղի բժշկական հիմնարկություններում, 2016թ․Ռուսաստանից վերադարձել է Հայաստան։

Մարզպետի օգնական Էմին Գեւորգյանը ծնվել է 1996թ․Դիլիջան քաղաքում։ Նա 2018թ․ավարտել է Երեւանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը, սկսել աշխատանքային գործունեությունը։ 2019թ․փետրվարի 20-ին, Տավուշի մարզպետի որոշմամբ, նա նշանակվել է մարզպետի օգնական։

Տավուշի մարզպետի մյուս օգնականը` Մերուժան Հարությունյանը, ծնվել է 1973թ․Իջեւան քաղաքում, 1995թ.-ին ավարտել է Երեւանի պետական ճարտարագիտական համալսարանը։ Մ․Հարությունյանը չի ծառայել ՀՀ ծառայել զինված ուժերում, նա` որպես ուսուցիչ, 1995-2000 թվականներին աշխատել է Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Վազաշենի միջնակարգ դպրոցում։

Բանակում չի ծառայել նաեւ մարզպետարանի գլխավոր քարտուղար Արման Գեւորգյանը։ Նա Տավուշի մարզպետարանում աշխատանքի է անցել ավելի վաղ՝ 2010 թվականից։ Նա` որպես պատմության ուսուցիչ, 1997-2000 թվականներին աշխատել է Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Սեւքարի դպրոցում։ Այդ տարիներին սահմանամերձ գյուղերի դպրոցներում ուսուցիչ աշխատելու դեպքում ազատվում էին ժամկետային զինվորական ծառայությունից։

Տավուշի մարզը 300 կմ սահման ունի Ադրբեջանի հետ, մարզի ավելի քան 4 տասնյակ բնակավայրեր սահմանակից են այդ երկրին։ Արդա՞ր է արդյոք, որ Տավուշի մարզպետարանի ղեկավար աշխատողները չեն ծառայել Հայաստանի բանակում։

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս