Ինչպե՞ս է ձին հարվածել Թինա Քեյին, իսկ օձը խայթել նրա փորը՝ հղի ժամանակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ընթերցողների դատին ներկայացնել շարք՝ «Չեք հավատա, բայց…» խորագրով: Շարքի շրջանակում պատմում ենք շոուբիզնեսցիների կյանքից քչերին հայտնի, բայց ուշագրավ դրվագներ. հայտնիները հիշում են պահեր, որոնք իրենց պարգեւել են ժպիտ, զարմանք, վախ եւ այլ զգացումներ:

Այս անգամ մեր զրուցակիցը ակրոբատ, պարուհի, երգչուհի Թինա Քեյն է:

Նա, նախ, հիշեց մի պատմություն իր պատանեկության տարիներից, երբ ինքը 14 տարեկան էր. «Այդ ժամանակ ակտիվ կերպով զբաղվում էի ձիասպորտով, բավական լուրջ հաջողություններ ունեի, տիրապետում էի սպորտի հետ կապված մի շարք նյուանսների, բայց այդքանով հանդերձ, ինչպես ասում են, փորձված աղվեսի նման երկու ոտքով ընկա թակարդը: Այդ օրերին, երբ ազատ ժամանակ էի ունենում, երեխաներին պտտեցնում էի ձիով: Հերթական անգամ գնացել ու կանգնել էի ուղիղ ձիու հետեւի մասում:

Չէր կարելի այդտեղ կանգնել: Միայն այն եմ հիշում, որ ձին սարսափելի ուժեղ հարվածեց ինձ, եւ ես թռա մի քանի մետր այն կողմ, մարդիկ վրա հասան ու հավաքվեցին գլխավերեւումս: Ոտքս ամբողջովին սեւացել էր, բայց, բարեբախտաբար, լուրջ վնասվածքներ չունեի: Քանի որ շուրջս շատ մարդ կար, ես ջանում էի զսպել ցավերս ու ծպտուն չհանեցի»,- պատմեց Թինան:

Նա մտաբերեց մեկ այլ էքստրեմալ իրավիճակ եւս. այս անգամ այն գրանցվել է 2012-ին, երբ Թինան սպասում էր իր առաջնեկին. «Համերգով Գյումրիում էինք, օձերով համարի ժամանակ մի փոքր ու անվնաս թվացող օձ, որից ամենաքիչն էի նման բան սպասում, խայթեց, ոչ ավել ոչ պակաս, փորս… Դուք պետք է տեսնեիք մեր երաժիշտների վիճակը: Քիչ էր մնում՝ գիտակցությունը կորցնեին: Ես այդպես արյունոտ որովայնով շարունակել եմ համարը ցուցադրել… Բարեբախտաբար, ինձ եւ փոքրիկիս ոչինչ չեղավ: Ճիշտ է, օձը թունավոր չէր, բայց կարող էր վարակ անցնել, հազար ու մի վտանգ կար: Իսկապես, Աստված օգնեց ինձ»,- նշեց մեր զրուցակիցը:

Նա հավելեց, որ իր հետ գործի բերումով հաճախ են նման դեպքեր կատարվում. կենդանիները խայթել են, հարվածել, օդային համարների ժամանակ ընկնել է, այդ ամենը կարծես դարձել է կենսակերպի մի մաս: «Ամեն դեպքում, ես բավական դիմացկուն եմ եւ փորձում եմ առանց տրտնջալու հաղթահարել ինձ բաժին հասած դժվարությունները»,- եզրափակեց Թինան:

Աննա Բաբաջանյան




Լրահոս