2016 թվականի մարտի 15-ին (երբ դեռ ՊՆ-ում կոռուպցիոն որսը չէր սկսվել) ՀՀ ՊՆ վարչական համալիրի մոտակայքում կաշառք ստանալու պահին ձերբակալվեց, իսկ ավելի ուշ կալանավորվեց ՀՀ ՊՆ նյութատեխնիկական դեպարտամենտի տեխնիկական ապահովման վարչության գլխավոր մասնագետ Արսեն Ղարիբջանյանը: Նույն օրը կալանավորվեց նաև ՀՀ ՊՆ վերահսկիչ վարչության ընդհանուր վերահսկման բաժնի պետ, գնդապետ Սամվել Խաչատրյանը:
«Ժողովուրդ»-ին տեղեկություններ էին հասել, որ մինչ այս աղմկահարույց կալանավորումները ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանի անվտանգության պետ Սերգեյ Հայրապետովը ծեծի է ենթարկել Արսեն Ղարիբջանյանին` ստիպելով «գրել» Սամվել Խաչատրյանի դեմ: Ավելի ուշ դատարանը կասկածելի հանգամանքներում փոխգնդապետ Արսեն Ղարիբջանյանին գրավի դիմաց ազատ էր արձակել: Ու մինչ մեղադրող դատախազը վերաքննիչ դատարանում բողոքարկելով հասել էր նրան, որ Ղարիբջանյանին կրկին կալանավորեն, նա անհետացել էր: Ու մինչ օրս նրան փնտրում են :
Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթի այս հրապարակումից հետո ՀՀ զինվորական քննչական բաժնում հարուցված սույն քրեական գործով հարցաքննության էին հրավիրել «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողին, ծանուցագրի մեջ չնշելով նրա կարգավիճակը, իսկ ավելի ուշ բերման ենթարկելու որոշում էին կայացրել, իսկ 2016 թվականի հունիսի 17 ռազմական ոստիկանները այցելել էին լրագրողի տուն, որպեսզի նրան բերման ենթարկեն, սակայն փորձերը անցան ապարդյուն:
Այսպիսով, 3 տարի անց ՀՀ վերաքննիչ դատարանը արդարացրել է ՊՆ գնդապետ Սամվել Խաչատրյանին: Այսինքն, դատարանը եւս գտավ, որ Սամվել Խաչատրյանը կատարվածի հետ կապ չի ունեցել, եւ նրա «գլխին սարքել էին»՝ 3 տարի պահելով կալանքի տակ: «Ժողովուրդ» օրաթերթի՝ 3 տարի առաջ հրապարակած հոդվածը, որ Սամվել Խաչատրյանը կապ չի ունեցել կատարվածի հետ այսօր հաստատվեց դատարանի կողմից: