Որ նախարարի օրոք են դիտավորությամբ թաքցվել շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ` վաղը, տեղի կունենա Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանի մամուլի ասուլիսը: Լրագրողներին կներկայացվի Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները՝ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնատար անձանց կողմից դիտավորությամբ թաքցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով նշանակված համալիր փորձաքննության եզրակացության վերաբերյալ վերջին օրերին հնչող գնահատականների կապակցությամբ պարզաբանումներ:

Ինչպես հայտնի է` դեռեւս նախորդ տարի ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնատար անձանց կողմից շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները դիտավորությամբ թաքցնելու առերևույթ դեպքի առթիվ։

Մասնավորապես,  ՀՀ քննչական կոմիտեում քաղաքացուց հաղորդում էր ստացվել՝ «Լիդիան Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության կողմից Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի հանքարդյունահանման համալիրի շահագործման հետ կապված շրջակա միջավայրի աղտոտման վերաբերյալ:

Պարզվել է, որ «Գեոթիմ» փակ բաժնետիրական ընկերությունը, որը հետագայում վերանվանվել է «Լիդիան Արմենիա» ՓԲԸ, ՀՀ բնահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն է (ՊՈԱԿ) ներկայացրել ՀՀ Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի վարչական սահմաններում գտնվող Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի հանքարդյունահանման համալիրի նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվություն, որի հիման վրա 2016թ. ապրիլի 29-ին նշված ՊՈԱԿ-ի կողմից տրվել է շրջակա միջավայրի վրա ազդեցության դրական եզրակացություն:

Մինչդեռ նյութերի նախապատրաստման ընթացքում տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ ՀՀ բնապահպանության նախարարության համապատասխան պաշտոնատար անձինք, տեղեկացված լինելով նշված համալիրի շահագործման դեպքում շրջակա միջավայրի քիմիական աղտոտման վտանգավոր ռիսկերի մասին, բնակչությունից դիտավորությամբ թաքցրել են մարդկանց կյանքի և առողջության համար վտանգավոր քիմիական նյութերով շրջակա միջավայրի աղտոտման վերաբերյալ տեղեկությունները:

Հավելենք, որ քրեական գործ հարուցվելուց հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ հանքը չի շահագործվի, քանի դեռ փորձաքննությունը դրական եզրակացություն չի տվել։ Եվ ահա, օրեր առաջ ՀՀ քննչական կոմիտեն քիչ առաջ հայտարարեց, որ Ամուլսարի փորձագիտական եզրակացությունն ստանալուց հետո քննչական խումբը եկել է այն եզրակացության, որ քրեական հետապնդման հիմքեր չկան։ Եվ նույն Յուրա Իվանյանն օրեր առաջ լրագրողների  հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ գործն, ամենայն հավանականությամբ, կկարճվի։

Ինչպես արդեն նշեցինք, խոսքը վերաբերում է 2016թ. ապրիլի 29-ին նշված ՊՈԱԿ-ի կողմից տրված  շրջակա միջավայրի վրա ազդեցության դրական եզրակացությանը:  Հավելենք, որ այդ ժամանակ բնապահպանության նախարարը եղել է Արամայիս Գրիգորյանը, որը պաշտոնը զբաղեցնում էր 2014 թվականից և միայն 2016 թվականի սեպտեմբերին նրան այդ պաշտոնում փոխարինեց Արծվիկ Մինասյանը:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս