Վայոց ձորի մարզի Գնդեվազ համայնքում օգոստոսի 24-ի գիշերը ծեծկռտուք է տեղի ունեցել Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարող բնապահպանների և Գնդեվազի բնակիչների միջև:
Ծեծկռտուքի արդյունքում վնասվածքներով երկու անձի տեղափոխել են «Վայքի» բժշկական կենտրոն: Տուժածներից մեկը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է: Ըստ տեղեկությունների՝ վնասվել է նրա ականջը:
Դեպքի առավել մանրամասների շուրջ ArmLur.am-ը զրուցել է Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում հայտնեց, որ ծեծկռտուքի մասին լսել է, բայց մանրամասներին ծանոթ չէ:
Նշենք, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ խուլիգանության դեպքի հատկանիշներով, մեկ անձ ձերբակալվել է։ Տարածված լուրերի համաձայն՝ մասնակիցները բնապահպաններ են եղել:
Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին Քննչական կոմիտեն հրապարակեց Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված համալիր փորձաքննության արդյունքները։ Եզրակացության հրապարակումից հետո բնապահպանները բողոքի ակցիաներ սկսեցին ընդդեմ Ամուլսարի հանքավայրի շահագործման։ Հանքի շահագործմանը դեմ են նաև Ջերմուկի և հարակից գյուղերի բնակիչները։ Օգոստոսի 23-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնեց Ջերմուկ և հանդիպեց բնակիչներին։
Լիդա Եղիազարյան