ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ Շիրակի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոն» ՀԿ նախագահին մեղադրանք է առաջադրվել՝ առանձնապես խոշոր չափերով յուրացման, խարդախության և փաստաթղթեր կեղծելու համար: «Նախաքննության ընթացքում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, կատարման մեխանիզմը:
Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2015 թվականի ընթացքում Գյումրի քաղաքում անցկացվելիք «Վերածնունդ» երաժիշտ կատարողների ամենամյա միջազգային 6-րդ մրցույթ-փառատոնի մասնակի ծախսերի կատարումն ապահովելու համար, համաձայն ներկայացված նախահաշվի, ի դեմս «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոն» հասարակական կազմակերպության և «Շիրակի մարզի Գյումրու քաղաքապետարանի» ՀԿՀ-ի միջև կնքվել է նվիրատվության պայմանագիր, համաձայն որի՝ Գյումրու քաղաքապետարանի կողմից նվիրաբերվել է 5.000.000 ՀՀ դրամ գումար:
Նույն նպատակով, համաձայն ներկայացված նախահաշվի, «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոն» հասարակական կազմակերպության նախագահի և ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատարի միջև կնքվել է դրամաշնորհի պայմանագիր, ըստ որի՝ ՀՀ մշակույթի նախարարության կողմից հասարակական կազմակերպությանը հատկացվել է նշված 5.000.000 ՀՀ դրամ գումարը: Նախաքննության ընթացքում պարզվել է, որ նշված գումարներից յուրացնելու եղանակով առերևույթ հափշտակվել է խոշոր չափերի` 2.681.000 ՀՀ դրամ գումար, և որպեսզի կատարված հափշտակության հանգամանքը քողարկի, ՀԿ նախագահը կեղծել է իրավունք վերապահող փաստաթղթեր:
Մասնավորապես՝ կազմվել են հասարակական կազմակերպության պատվերով, իբր, տպագրական ծառայություններ մատուցելու դիմաց վճարված գումարների վերաբերյալ դրամարկղային մուտքի կեղծ օրդերներ, հյուրանոցային ծառայություններ մատուցելու վերաբերյալ կեղծ հաշիվներ, ՀՀ մշակույթի նախարարություն ներկայացվելիք ֆինանսական հաշվետվության փաստաթղթերի ամփոփաթերթերում կեղծ տեղեկություններ են ներառվել՝ նույն` 2.681.000 ՀՀ դրամ գումարի չափով ծախսը Գյումրու քաղաքապետարանի և ՀՀ մշակույթի նախարարության կողմից տրամադրված դրամական միջոցներով կատարած լինելու վերաբերյալ, իսկ ՀԿ նախագահն իր ստորագրությամբ և կազմակերպության կնիքով հաստատել է կեղծ տվյալներ պարունակող ամփոփաթերթերը և դրել շրջանառության մեջ` դրանք ներկայացնելով Գյումրու քաղաքապետարան և ՀՀ մշակույթի նախարարություն:
Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև՝ ՀԿ նախագահի կողմից 2015 թվականին անցկացված «Վերածնունդ» երաժիշտ կատարողների ամենամյա միջազգային վեցերորդ մրցույթ-փառատոնի ժյուրիի անդամների կեցության հարցը լուծելու նպատակով ԱՊՀ հումանիտար համագործակցության միջպետական միջազգային հիմնադրամից փոխանցված 3.000.000 ՈԴ ռուբլի գումարից յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափերի 27.170.000 ՀՀ դրամ գումար հափշտակելու վերաբերյալ:
Քննության տվյալներով՝ օգտվելով հասարակական կազմակերպության նախագահը հանդիսանալու հանգամանքից, յուրացնելու եղանակով հափշտակություն կատարելու մտադրությամբ, իբրև հյուրանոցային ծառայություններ մատուցելու համար անհատ ձեռներեցին վճարվելիք գումար, ՀԿ նախագահը 3 անգամ գումարներ է դուրս գրել հասարակական կազմակերպության դրամական միջոցներից և յուրացնելու եղանակով հափշտակել, իսկ հափշտակության փաստը կոծկելու համար կազմել և օգտագործել է կեղծ փաստաթղթեր, այն է՝ անհատ ձեռներեցի հետ, վերջինի կողմից առանց ծառայությունների իրական մատուցման, կազմել է կեղծ տվյալներ պարունակող փաստաթղթեր` ծառայությունների մատուցման հաշիվներ, ակտեր` հասարակական կազմակերպությանը 10.678.000, 7.562.000, 8.930.000 ՀՀ դրամի չափով ծառայություններ մատուցված լինելու վերաբերյալ, այդ փաստաթղթերը հաստատել իր ստորագրությամբ և կազմակերպության կնիքով, ձեռք բերել հիշատակված գումարների չափով վճարում կատարված լինելու մասին անհատ ձեռներեցի կողմից կազմված կեղծ տվյալներ պարունակող անդորրագրեր և հատկացված միջոցների նպատակային ծախսումը հիմնավորելու նպատակով դրել շրջանառության մեջ` դրանք ուղարկելով ԱՊՀ հումանիտար համագործակցության միջպետական միջազգային հիմնադրամ: Նախաքննության ընթացքում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է նաև ՀԿ նախագահի կողմից կատարված մեկ այլ հանցավոր դրսևորման վերաբերյալ ևս:
Պարզվել է, որ ՀԿ նախագահը, Ամերիկայի Միացյալ Նահանգներում մրցույթ-փառատոնի մասնակցելու պատրվակով, ԱՄՆ մեկնելու ցանկություն հայտնած մի շարք անձանցից խարդախությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի գույք: Քննության տվյալներով՝ ՀԿ նախագահը, խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու մտադրությամբ, ԱՄՆ-ում մրցույթ-փառատոնի մասնակցելու ցանկություն հայտնած անձանց հավաստիացրել է՝ Միացյալ Նահանգներում տեղի ունենալիք մրցույթ-փառատոնին մասնակցելու կամ այդ պատրվակով այդ երկիր մեկնելու հնարավորության մասին և վստահություն ձեռք բերելու նպատակով, «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոն» հասարակական կազմակերպության անունից հանդես գալով, նրանց հետ կնքել է պայմանագրեր` պարտավորվելով նրանց որպես արվեստագետներ ուղարկել Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ այնտեղ կայանալիք սեմինարին իբր մասնակցելու համար:
Այնուհետև նրանցից պահանջել է «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոն» հասարակական կազմակերպության բանկային հաշվին փոխանցել 1300 ԱՄՆ դոլարից մինչև 1500 ԱՄՆ դոլարին համարժեք գումար և հափշտակել թվով 9 անձանց կողմից հասարակական կազմակերպության հաշվին փոխանցված ընդհանուր` առանձնապես խոշոր չափերի 7.115.950 ՀՀ դրամ գումարը: Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոն» հասարակական կազմակերպության նախագահին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 179-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 325-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ):
Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ: Նախաքննությունը շարունակվում է: