Հոկտեմբերի 1-ին հղում անելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքին`«Ժողովուրդ» օրաթերթը պատվիրված նամակով տեղեկատվական հարցում է ուղարկել Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանին:
Ի թիվս այլ հարցերի` ղեկավարին ուղղվել է հետեւյալ հարցը. «2019 թվականին Տավուշի մարզպետարանի աշխատողները քանի՞ անգամ են պետական բյուջեից դրամական պարգեւատրման արժանացել,ընդհանուր որքա՞ն է կազմում պարգեւատրման գումարը, ընդհանուր առմամբ որքա՞ն գումարով եք պարգեւատրվել Դուք, մարզպետի տեղակալը, Ձեր խորհրդականը, օգնականները եւ մարզպետարանի արչությունների պետերը»:
Տավուշի մարզպետ Հ. Չոբանյանը ավելի քան մեկ ամիս անց` նոյեմբերի 7-ին, էլեկտրոնային փոստով հայտնել է, որ 2019թ. ընթացիկ ինն ամիսների ընթացքում Տավուշի մարզպետարանի 105 աշխատակիցներ ստացել են 61 միլիոն 88,4 հազար դրամի պարգեւատրում: Մարզպետը, ըստ էության, չի պատասխանել տեղեկատվական հարցմանը` տալով ընդհանրական տեղեկատվություն մարզպետարանի պարգեւատրված աշխատակիցների թվի եւ պարգեւատրման ընդհանուր գումարի մասին:
Տավուշի մարզի մի խումբ բնակիչներ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնել են, որ իրենք, լինելով սոցիալապես անապահով կամ անառողջ, դրամական օգնության համար դիմել են Տավուշի մարզպետարան, սակայն մարզպետարանը մերժել է ֆինանսապես օգնելու խնդրանքները: Տավուշի մարզի գյուղերում շատ են կարկտահարությունից,իրենց անասունների անկումից տուժած գյուղացիները, սակայն Տավուշի մարզպետարանը նրանց դրամական օգնություն չի ցուցաբերել:
Ոսկան Սարգսյան
Տավուշ