«Ամուլսար»-ի հարցով նոր զարգացումներ են սպասվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ հայտնի դարձավ, որ «Լիդիան Արմենիա» ընկերությունը հանվել է Տորոնտոյի ֆոնդային բորսայի ցուցակներից ցուցակագրման պահանջներին շարունակաբար չհամապատասխանելու պատճառով: Ավելին, ընկերության արժեթղթերի վաճառքը նույնպես կասեցված է: Ինչ զարգացումներ կարող են լինել՝ հաշվի առնելով նաեւ վերջին շրջանի իրադարձությունները: Նշենք սակայն, որ այս գործընթացը սկսվել էր դեռ դեկտեմբերի 23-ին, երբ Տորոնտոյիֆոնդային բորսան դադարեցրել էր ընկերության հասարակ բաժնետոմսերի սպասարկումը, ապա սկսել քննարկել այդ բաժնետոմսերի սակարկման իրավազորությունը (այսինքն՝ կարո՞ղ են բաժնետոմսերը բորսայում սակարկվել, թե՞ոչ):

Ի՞նչն է պատճառը

Ավելի վաղ «Լիդիան Արմենիա» ընկերությունը դիմել էր Օնտարիոյի արդարության գերագույն դատարան «Ընկերությունների պարտատերերի կարգավորման» օրենքիներքո պաշտպանություն ստանալու նպատակով: Եվ այդ պաշտպանությունը նախնական մինչեւ այս տարվա հունվարի 2-ն էր գործելու: Իսկ դա ենթադրում էր, որմինչեւ այդ ժամկետը «Լիդիան»-ի պարտատերերը չեն կարող որեւէ իրավական պահանջ ներկայացնել: Ավելին, ընկերությունը մտադրվել էր այս ընթացքում լուծել կառավարության եւ պարտատերերի միջեւ առաջացած հարցերը, վերջ դնել իրենց գնահատմամբ «անօրինական գործողություններին» եւ նույնիսկ Ամուլսարի ծրագիրը վաճառելու հնարավորություններին:

Եվ, ահա, հունվարի 2-ին տեղի են ունեցել կարճ տեխնիկական լսումներ, սակայն հաջորդ փուլի բովանդակաին քննարկումները կանադական դատարանում տեղի կունենան 2020 թվականի հունվարի 23-ին:

Ի՞նչ կլինի դրանից հետո

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս ընթացքում «Լիդիան Արմենիա» ընկերությունըորոշել է մի քանի ուղղությամբ աշխատել, այդ թվում՝ Ամուլսարի ծրագրի հնարավոր վաճառքը կամ ՀՀ կառավարության դեմ արբիտրաժային գործընթաց սկսելը: Մերտեղեկություններով՝ այս պահին ընկերությունն ակտիվ քննարկումների մեջ է, թե տարբերակներից որըընտրել: Ընկերությունըչի բացառում նաեւ ծրագրի վերաֆինանսավորման տարբերակը:

ԱԺ-ի բացահայտումները

Ինչպես հայտնի է, ԱԺ-ում գործում է մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի շրջանակներում գործադիր իշխանության մարմիններին ներկայացված եւ նրանց կողմից ընդունված ֆինանսական եւ այլ հաշվետվությունների օրինականությունը, հիմնավորվածությունը եւ արժանահավատությունը ուսումնասիրող քննիչ հանձնաժողով, որը նախագահում է ԲՀԿ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը: Եվ հանձնաժողովի ստեղծման հենց առաջին օրվանից այն նախաձեռնել է ուսումնասիրություններ հանքարդյունաբերությամբ զբաղվող 5 ընկերություններում, այդ թվում՝ «Լիդիան Արմենիա»-ում:

Այս հանձնաժողովի աշխատանքներում ներգրավված են նաեւ բնապահպան-իրավաբաններ: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ արդեն պատրաստ է Ամուլսարի հանքավայրի շահագործման ծրագրի վերաբերյալ 33 էջից բաղկացած եզրակացություն, եւ այն ստանալու համար ուսումնասիրվել է շուրջ 10 հազար փաստաթուղթ:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ արդյունքներն այնքան էլ գոհացուցիչ չեն, եւ պարզվել է, որ Հայաստանում հանքարդյունահանումը իրականացվել եւ այժմ էլ դեռ իրականացվում է մի շարք օրենքների, օրենսգրքերի եւ միջազգային կոնվենցիաների խախտումներով: Ըստ այդ եզրակացության՝ նախորդ իշխանություններն Ամուլսարի շահագործման հետ կապված անօրինական որոշումներ են կայացրել:

Օրինակ՝ Ջրային օրենսգրքով եւ «Սեւանի մասին» օրենքով արգելվում է լճի ջրահավաք ավազանի տարածքում հանքարդյունահանության իրականացումը, իսկ կոնվենցիաներով չի թույլատրվում հանք շահագործել այն տեղանքներում, որտեղ ապրում են միջազգային Կարմիր գրքում գրանցված կենդանատեսակներն ու թռչնատեսակները: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ նաեւ, որ հաջորդ շաբաթ նախատեսվում է այս քննիչ հանձնաժողովում հերթական նիստը անցկացնել, որի ժամանակ էլ կքննարկվի 33 էջից բաղկացած եզրակացությունը, որն է՛լ ավելի նոր բացահայտումներ է խոստանում:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս