Ում եւ ինչ է փորձում ապացուցել ՀՀ ոստիկանությունը: Պայքարելով քերական ենթամշակույթ կրող անձանց դեմ՝ պատկերը միանգամայն այլ է լինում: Մասնավորապես, ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ Գեղարքունիքի մարզում բերման ենթարկված եւ մի քանի ժամ հետո ոստիկանությունից դուրս եկած անձինք հայտարարել են, թե իրենք նախապես գիտեին, որ սա սարքած շոու է:
Նախ նշենք, որ փետրվարի 10-ին ՀՀ ոստիկանությունը պաշտանական հայտարարություն և դրան կից տեսանյութ տարածեց՝ հայտարարելով, թե հանցագործություն ծնող բարքերի դեմ պայքարի համատեքստում հերթական հատուկ միջոցառումն էր իրականացրել Գեղարքունիքի մարզում։ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Գեղարքունիքի մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումների ծառայողները օպերատիվ տեղեկությունների հիման վրա տարբեր կասկածանքներով ոստիկանության Գավառի, Սևանի, Մարտունիի, Վարդենիսի և Ճամբարակի բաժիններ բերման էին ենթարկել քրեական ենթամշակույթ կրող և այդ ենթամշակույթին հարող անձանց։
Ըստ նույն հաղորդագրության՝ կատարվել են անձնական խուզարկություններ ու մեքենաների զննություններ։ Նկատենք, որ ոստիկանությունը այդպես էլ չէր գաղտնազերծել, թե ովքեր են բերման ենթարկված անձինք: Առավել ուշագրավն այն է, որ այդ օրերին Գեղարքունիքի մարզում ձյան տեղումները բավականին շատ էին, ճանապարհներն անանցանելի՝ պատված մերկասառույցով: Սակայն ոստիկանության տարածած հաղորդագրությունում պատկերը միանգամայն այլ է. տպավորություն է, որ կամ դեպքը տեղի է ունեցել շատ ավելի վաղ, կամ, մեղմ ասած, ներկայացվածը վատ մոնտաժով բեմականացում էր:
Ինչևէ, շատ խիստ չդատելով տեղի ունեցածը՝ ArmLur.am-ը փորձեց հենց ոստիկանությունից ճշտել որոշ կասկածահարույց դրվագներ: Մասնավորապես, հետաքրքրվեցինք, թե ստույգ երբ է իրականացվել նշված օպերացիան:
Ի պատասխան մեր հարցմանը՝ հրաժարվեցին տեսանյութից անդին այլ մանրամասներ ներկայացնել:
Այդուհանդերձ, ArmLur.am-ը սեփական հետաքննությունն իրականացրեց, և մեզ հաջողվեց որոշ հանգամանքներ պարզել:
Այսպես, ըստ մեր տեղեկությունների՝ Վարդենիս քաղաքից բերման են ենթարկվել Արմեն Ալոյանը և քրեական ենթամշակույթ կրող հայտնի Սուրոյի Ապոն, ովքեր մի քանի ժամ հետո ազատ են արձակվել:
Իսկ Ճամբարակ քաղաքից բերման է ենթարկվել քրեական ենթամշակույթ կրող Սամվել Սոսյանը, ում ևս րոպեներ անց ազատ են արձակել: Ի դեպ, Սամվել Սոսյանը հայտնի Վիլեն Սոսյանի եղբայրն է, ով դեռևս անցած տարվա աշնանը կրիմինալ պատմության կիզակետում էր հայտնվել: Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթն ավելի վաղ հայտնել էր, որ Ճամբարակում տեղի ունեցած հայտնի ծեծկռտուքին մասնակցել են քաղաքապետ Վազգեն Ադամյանի մտերիմները, այդ թվում՝ Սոսյան եղբայրներից մեկը:
Հ.Գ. Այսպիսով, ոստիկանության հաղորդագրությունը բազմաթիվ հացերի տեղիք է տվել՝ հաշվի առնելով նաև բերման ենթարկվածների հայտարարությունները: Հուսով ենք՝ դրանք կգտնեն իրենց պատասխանները:
Քնար Մանուկյան, Լիդա Եղիազարյան
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում: