«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ներկայացնել «Անգերազանցելիները» շարքը: Անդրադառնում ենք շոուբիզնեսցիներին, որոնք այս կամ այն հարցում առաջատար են եւ աչքի են ընկնում իրենց ամենատարբեր արժանիքներով: Այս անգամ խոսքը հայկական շոու-բիզնեսի բազմատաղանդ աստղերի մասին է: Նրանք աչքի են ընկնում ոչ միայն այն ունակություններով, որոնց մասին գիտեն բոլորը, այլեւ ունեն թաքնված տաղանդներ:
Արմինկա
Երգչուհի Արմինկան, որն աչքի է ընկնում իր ընդգծված ոճով եւ գեղեցիկ լուքերով, միայն երաժշտության ոլորտում չէ, որ հաջողություններ ունի: Նա զբաղվում է նաեւ հագուստի դիզայնով, ունի սեփական խանութ-սրահ: «Ինձ միշտ ասում էին, թե ես ինչու նորաձեւության տուն չեմ բացում, բայց ես էլ պատասխանում էի, որ ես դրան պատրաստ չեմ: Հիմա ամեն ինչ փոխվել է: Գաղտնիք չէ, որ հիմա բեմում գրեթե չկամ, բայց ստեղծագործելն ինձ համար մնում է անհրաժեշտություն: Մտածեցի՝ եթե երաժշտությունը ինձ համար անհասանելի է դարձել, ապա փորձեմ այս ոլորտը»,- դեռեւս 2016 թ. ասել է Արմինկան:
Արսեն Սաֆարյան
Քչերը գիտեն, որ Արսենը դպրոցական տարիներին խաղացել է ֆուտբոլ, խոտի հոկեյ եւ հաճախել է քանդակագործության խմբակ: 17 տարեկան հասակում նա ստացել է սպորտի վարպետի կոչում: Իր այս տաղանդների մասին երգիչը շատ չի խոսում, բայց դրանք, վստահաբար, օգնել են նրան ամուր կամք ունենալու եւ հաղթանակի ձգտելու հարցում:
Վաչե
Գուցե անսպասելի է, բայց հումորիստ, դերասան Վաչեն պատանի հասակում լրջորեն զբաղվել է լողով եւ մեծ հաջողություններ է ունեցել որպես լողորդ: 15 տարեկանում նա իր հասակակիցների շրջանում դարձել է Հայաստանի չեմպիոն: Հիմա արդեն Վաչեն միայն իր հաճույքի համար է լողով զբաղվում:
Աստղիկ Սաֆարյան
Երգչուհին եւս, ինչպես Արմինկան, մեծ հետաքրքրություն ունի նորաձեւության հանդեպ, բայց դա չի սահմանափակվել միայն ուրույն ոճ ստեղծելու փորձերով: Նա դեռեւս 2018թ. ստեղծել է հագուստի սեփական բրենդը:
Ջուս
Երգչուհի Ջուսը երկրպագուներին զարմացնելու առիթներ շատ է ունեցել, սակայն դրանք նրա պարագայում անսպառ են: Պարզվում է՝ Ջուսը բավական լավ նկարում է, ավելին՝ կարողանում է աքսեսուարների դիզայն անել: Դե ինչ, հուսով ենք՝ մի օր երկրպագուները կկարողանան տեսնել նրա նկարները:
Սյուզի Մելիքյան
Սյուզին երգչուհու իր կարիերայից զատ զբաղվում է նաեւ դիմահարդարմամբ: Նա ձեռք է բերել խորքային գիտելիքներ, ունի աստղային այցելուներ եւ, առհասարակ, հաճախորդների պակաս չի զգում: Ու թեեւ սկզբնական շրջանում դիմահարդարումը նրա համար ընդամենը հոբբի էր, այն կամաց-կամաց վերածվեց երկրորդ մասնագիտության:
Անահիտ Սիմոնյան
Անահիտ Սիմոնյանի բազմատաղանդ լինելու մասին նոր չէ, որ պետք է խոսենք: Բոլորն էլ գիտեն, որ, բացի երգելուց, Անահիտի մոտ բավական հաջող է ստացվում նաեւ հագուստի մոդելավորումը: Նա հաջողակ դիզայներ է, ոճաբան եւ իր կայուն տեղն ունի նորաձեւության ասպարեզում:
Նաիրա Մովսիսյան
Դերասանուհի Նաիրա Մովսիսյանը, որը փորձում է միշտ խնամված եւ հետաքրքիր ներկայանալ, ինչպես Սյուզի Մելիքյանը, զբաղվում է նաեւ դիմահարդարմամբ: Նա էլ ունի աստղային այցելուներ եւ բավական պրոֆեսիոնալ է մոտենում իր աշխատանքին:
Անի Քրիստի
Երգարվեստում տեւական դադարի մեջ գտնվող Անի Քրիստին, որը բնակվում է Լոս Անջելեսում, ավարտելով տեղի դիմահարդարման դպրոցներից մեկը, համագործակցում է կինոարտադրող ընկերությունների հետ: «Հասկացել եմ, որ կյանքը շատ երկար է միայն մեկ մասնագիտություն ունենալու համար: Մեկ տարի սովորելուց հետո նախորդ տարեվերջին ստացա դիպլոմս ու գործի անցա: Հուրախություն ինձ՝ սովորելուս ժամանակ հավանում էին իմ աշխատանքները, ինչի համար համագործակցության առաջարկները չուշացան: Արդեն չորս ֆիլմի ստեղծման եմ մասնակցել՝ ապահովելով դերասանների կերպարային էֆեկտները»,- հարցազրույցներից մեկի ժամանակ ասել է երգչուհին:
ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ