Ու՞ր է կորել «Տնփեսայի» «Էկլերիկը» և ինչո՞վ է այժմ զբաղված

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասանուհի Լուսինե Արշակյանը, որը առավել հայտնի է «Տնփեսա» սիթքոմում Սիլվայի իր դերով, վերջին շրջանում էկրաններին չի երեւում: Հեռուստադիտողներին հետաքրքրում է՝ ուր է կորել «Տնփեսա» սիթքոմում Մկրտիչ Արզումանյանի մարմնավորած Անուշավան պապիկի սիրելի «Էկլերիկը» եւ ինչով է այժմ զբաղված:
««Անհասցե ծնվածները» սերիալում որոշ ժամանակ առաջ հանդես եկա փոքրիկ դերով, հիմա սերիալներում երեւալու ցանկություն ինքս չունեմ: Հիմա կենտրոնացել եմ բեմական գործունեության վրա: Մյուզիքլային երկու ներկայացման մեջ եմ ընդգրկված, համագործակցում եմ «Թատրոն տանիքում» թատերախմբի հետ: Պարոնյան թատրոնում եւս շարունակում եմ խաղալ: Ասեմ նաեւ, որ թատերական ստուդիայում իմ խմբակն ունեմ, գեղարվեստական ղեկավարը ես եմ, երեխաների հետ եմ աշխատում»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց Լուսինե Արշակյանը:

Նա շեշտեց, որ չի սիրում առաջինը գնալ եւ դռներ ծեծել, խնդրել, որ իրեն նկարահանեն, իսկ երբ հարմար հրավերներ ստանում է, անպայման ընդունում է: Հարցին, թե «Տնփեսա» սիթքոմի տպավորիչ կերպարից հետո դժվար չէր նոր կերպար մարմնավորել, դերասանուհին պատասխանեց. «Ես ինձ վստահված բոլոր կերպարները կերտել եմ անմնացորդ նվիրվածությամբ: Ինձ համար չկան փոքր կամ մեծ դերեր: Բայց մի խոստավանություն անեմ.վերջերս հեռուստատեսությամբ կրկնում էին «Տնփեսա» սիթքոմը, աչքիս պոչով հետեւում էի եւ, պատկերացրեք, ծիծաղում էի այդ դերասանուհու, այսինքն՝ իմ խաղի վրա: Այդ ժամանակ արդեն ոչ թե մասնագիտական, այլ կողքի աչքով էի նայում եւ հիանում մեր իմպրովիզներով»:
Դերասանուհին ուրախություն հայտնեց, որ իրեն հեռուստադիտողները ոչ միայն չեն մոռանում, այլեւ ամեն տեսնելիս ջերմ խոսքեր են ասում:
Հավելենք, որ Լուսինեն նաեւ երգչուհի է, նա ունի 2 տեսահոլովակ, տասնյակ ձայնագրված երգեր, որոնցից մեկի հեղինակը ինքն է:

Անի Անտոնյան




Լրահոս