ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տափերականում սպանվածը Արցախի բնակիչ էր․ նոր մանրամասններ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնել ենք՝ ապրիլի 12-ի գիշերը «Մասիս» բժշկական կենտրոն էր տեղափոխվել 43-ամյա տղամարդու դի՝ հրազենային վնասվածքով։

Սակայն,ինչպես հայտնում է ոստիկանությունը, տղամարդը հրազենային վնասվածքը ստացել էր ոչ թե Արտաշատում, այլ Արարատի մարզի Տափերական գյուղում։ Այդտեղ մի խումբ անձանց մասնակցությամբ միջադեպ էր տեղի ունեցել, որի ընթացքում հնչել էին կրակոցներ։ Հրազենային վնասվածք ստացած տղամարդուն ընկերները հիվանդանոց հասցնելու փոխարեն տարել էին Արտաշատ՝ ազգականի տուն, որտեղ փորձել էին, այսպես ասած՝ տնային պայմաններում դադարեցնել արյունահոսությունը։ Որոշ ժամանակ անց տեսնելով, որ արյունահոսությունը չի դադարում, զանգել էին շտապօգնություն, բայց հիվանդանոց չհասած՝ տղամարդը մահացել էր։

Դեպքի առթիվ ArmLur.am-ը փորձեց զրուցել Տափերականի համայնքի ղեկավար Կարեն Խաչատրյանի հետ, ով մեզ հետ զրույցում հայտնեց, որ թեև դեպքը տեղի է ունեցել հենց համայնքապետարանի մոտ, սակայն նրան միջադեպի պատճառները հայտնի չեն։

«Այս պահին նախաքննություն է գնում, առայժմ ոչինչ չեմ կարող ասել։Միայն կարող եմ ասել, որ մահացածն ապրում էր Արտաշատում, բայց Արցախի հանրապետությունից էր»,-նշեց Տափերականի համայնքի ղեկավարը։

Նշենք, որ դեպքի վայրում՝ իրավապահները հայտնաբերել են ատրճանակի կոթի դետալ, կրակված պարկուճներ, գնդակ, արնանման հետքեր և այլն։

Դեպքի առթիվ բերման է ենթարկվել Տափերականի 25-ամյա բնակիչը։ Ի դեպ, նշված միջադեպի մասնակիցներից մեկն էլ դանակահարված վիճակում տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն։

Նշենք, որ դեպքի հանգամանքները պարզելու և հանցագործության գործիքները հայտնաբերելու ուղղությամբ կատարվում է նախաքննություն։

Լիդա Եղիազարյան




Լրահոս