«Արդեն երկու տարի է, ինչ տեղի է ունեցել հեղափոխություն։ Հատկապես ոստիկանության ոլորտում մենք ունեինք լրջագույն փոփոխությունների կարիք, առաջ ունեինք ընդհուպ մինչև ոստիկանության ամենաթողություն, հիմա ունենք լրիվ հակառակ պատկերը»։
Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանն՝ անդրադառնալով Գավառում տեղի ունեցած արյունահեղությանը։
«Հիմա ոստիկանները վախենում են իրենց արարքների, գործողությունների համար ընկնել քաշքշուքների մեջ, ինչի պատճառով փաստորեն իրենց գործառույթը չեն կատարում։ Սա լրջագույն խնդիր և մարտահրավեր է մեր երկրի անվտանգության համար, եթե այսպես շարունակվի և քաղաքացիները սկսեն չվստահել ոստիկանությանն ու իրավապահ համակարգին, սկսվելու են ինքնադատաստանները։ Եվ քանի դեռ մենք ռեալ փոփոխություններ ընդհանուր համակարգում չենք արել, կանգնելու ենք նման խնդիրների առաջ»,-ընդգծեց մեր զրուցակիցը։
Մեր այն հարցին, թե Ձեր կարծիքով ի՞նչն է պատճառը, որ Ազգային ժողովում անհանդուրժողականության մթնոլորտ է տիրում․ և՛ իշխանական, և՛ ընդդիմադիր թևի պատգամավորները միմյան հասցեին հնչեցնում են վիրավորական արտահայտություններ, Գևորգ Գորգիսյանը պատասխանեց․
«Մենք դեռևս նախորդ գումարման Ազգային ժողովից սկսած փորձել ենք միշտ լինել քաղաքական բանավեճի դաշտում, միշտ փաստերը փաստերի դեմ ներկայացնել, բայց մեր գործընկերները ժամանակ առ ժամանակ փաստերը մոռանում են , իսկ երբ փաստերը չի հերիքում՝ հակափաստարկներ բերելու մեր նախագծերին, առաջարկներին, անցնում են վիրավորանքների, մտացածին ինչ-որ բանբասնաքների, ընդհուպ մինչև անձնական վիրավորանքների դաշտ»։
Պատգամավորի հավելմամբ՝ քաղաքական դաշտում նման գործելաոճը տեղ չպետք է ունենա։
Լիդա Եղիազարյան