Անգլիական Պրեմիեր լիգայում հանդես եկող ակումբներն իրենց ֆուտբոլիստներին կթեստավորեն մայիսի 14-ից սկսած:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է The Telegraph-ը: Բոլոր ակումբների ֆուտբոլիստները և սպասարկող անձնակազմը կթեստավորվի: Արդյունքների մասին թիմերին կտեղեկացնեն 24 ժամի ընթացքում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ անգլիական Պրեմիեր լիգան ներկայացնող ակումբները կողմ են մրցաշրջանը վերսկսելուն: Այժմ Պրեմիեր լիգայի կազմակերպիչներն աշխատանքներ են տանում կառավարությունից թույլտվություն ստանալու ուղղությամբ: Անգլիայում մարզումային գործընթացն էլ կարող է սկսվել մայիսի 18-ից:
Հիշեցնենք, որ ապրիլի 3-ին Անգլիայի ֆուտբոլի առաջնությունը կրկին անժամկետ հետաձգվեց: Ի սկզբանե պլանավորվում էր առաջնությունը վերսկսել ապրիլի 30-ին: Սակայն կազմակերպիչները մտադիր են առաջնությունը շարունակել միայն կորոնավիրուսի պանդեմիան նահանջելուց հետո: Անգլիայի ֆուտբոլի առաջնությունը դադարեցվել էր մարտի 13-ին` կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: