Դա շատ մեծ սթրես էր ինձ համար. այդտեղից էլ սկսվեց իմ հաջողությունը. Նազենի Հովհաննիսյան (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի պետական համալսարանի «Հաջողության նախագիծը» մեկնարկել է «Խոսքը` որպես հաջողության գրավական» խորագրով դասընթացների շարքը: Այն իրականացվում է «ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի» աջակցությամբ: Ծրագրի երկրորդ հյուրը դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն էր: Նա ներկաներին փոխանցեց իր փորձը, հմտությունները, խոսեց իր անցած ճանապարհի, հանդիպած խոչընդոտների եւ ձեռքբերումների մասին: «Ժողովուրդ»-ը ներկայացնում է դերասանուհու մի քանի ուշագրավ դիտարկում:

Ի՞նչ բան է հաջողությունը

15423736_1827711497511290_1221691690_n

Առաջին հայացքից հաջողության վերաբերյալ իմ տեսությունը կարող է թվալ ծիծաղելի, բայց ես պատրաստ եմ պաշտպանել այն: Հաջողությունն առաջին հերթին ավանդույթն է: Կարծում եմ` հենց ավանդույթն է մարդու մեջ ձեւավորում հաջողության կորիզը: Այդ ավանդույթը կարող է ներառել ընտանիքով առավոտյան մի բաժակ սուրճ խմելուց մինչեւ երեկոյան միասին ընթրելը: Ի դեպ, գենն էլ է ավանդույթ, որից մենք չենք կարող փախչել. երբեմն նկատում ես, որ մի ամբողջ կյանք գլուխդ քորել ես այնպես, ինչպես դա անում էր հայրդ: Կարճ ասած` հաջողությունն ավանդույթներից մղվելն է: Հաջողությունը նաեւ չհոգնելն է. մանր քայլերով առաջ գնալու արվեստին տիրապետելը ամենամեծ հաղթանակի գրավականն է: Եվ, վերջապես, հաջողության երաշխիքը պինդ լինելն է, չվախենալը, որ քո հանդեպ կարող են լինել անհանդուրժող: Ես փոքր էի, բայց շատ լավ հիշում եմ, որ երբ երջանկահիշատակ Սոս Սարգսյանը առաջադրվել էր որպես ՀՀ նախագահի թեկնածու, մենք նրան «թաղեցինք», որովհետեւ անհանդուրժող ենք դիմացինի այլընտրանքի նկատմամբ: Առհասարակ, անհատներին միշտ խանգարում են: Կարծում եմ` հաջողությունը ծանր մարսվող, պարբերական աշխատանք պահանջող, հստակ նպատակներ հետապնդող ծանր մի բան է, որը կողքից կարող է փայլուն խաղալիք թվալ:

Թատերականի դիպլոմն «օժիտի» չէր

15327571_1827711487511291_1475216827_n

Երբ ես նոր էի ընդունվում թատերական ինստիտուտ, այն, ցավոք, լավագույն տեղը չէր համարվում աղջկա համար (ի դեպ, եթե երկրորդ անգամ ընտրության հնարավորություն ունենայի, ճարտարապետ կդառնայի): Թատերականի դիպլոմը` որպես «օժիտի դիպլոմ», ամենավատն էր (ծիծաղում է): Բայց այդ ինստիտուտն ինձ տվեց շատ կարեւոր մի բան` ամեն ինչից հաճույք ստանալու հատկություն: Ամենածանր կացության մեջ անգամ պետք է գտնել պրոցեսը: Եթե շարժման մեջ ես, դու կստանաս հաճույք: Մենք միշտ մտածում ենք արդյունքի մասին: Ես երբեք չեմ մտածել արդյունքի մասին: Ցանկանում էի գեղասահորդուհի դառնալ: Չդարձա, բայց այն շարժումը, որը գրավում էր ինձ գեղասահքի մեջ, ես ունեմ: Այսօր, երբ ես թատերականի դիմորդներին հարցնում եմ, թե ինչու են ուզում ընդունվել այդ ինստիտուտ, քչերն են ասում, որ իրենց հետաքրքիր է պրոցեսը, որովհետեւ չգիտեն դրա մասին: Ուզում են հայտնի դառնալ, ամենաանհետաքրքիր բանը աշխարհում:

«Օրվա հոգսը բավ է օրվան»

Եթե խոսելու լինենք «չիկարելիների» մասին, ես կասեմ, որ չի կարելի լինել անհավես: Կարծում եմ` պետք է անել թեկուզ մի գործ, բայց հավեսով: Մի անգամ կարդացի այն մասին, որ մեր ուղեղն անընդհատ թափառում է անցյալում կամ ապագայում: Ի դեպ, սա նաեւ մեր գենետիկ խնդիրն է. հայերս կա՛մ անցյալում ենք, կա՛մ ապագայում. չենք ուզում ներկան կառուցել: Նաեւ սա է տնտեսական, գիտական ու հատկապես քաղաքական մի շարք խնդիրների պատճառը: Հիշում եմ` մի հոգեւորական, այս թեմայի շուրջ խոսելով, մի առիթով նշել էր. «Օրվա հոգսը բավ է օրվան»:

Վախը ստիպում է չքայլել

Երբ մի աղջիկ փողոցում հանդիպում է մի խումբ տղաների, ինքն էլ բարձրակրունկներով է լինում, մտածում է. «Վա՜յ, հանկարծ չընկնեմ» ու ընկնում է: Այդ վախը ստիպում է չքայլել: Բայց մի ուրիշ աղջիկ, որն ուզում է քայլել բարձրակրունկներով, թեկուզ դժվարությամբ, բայց քայլում է, որովհետեւ ինքն այդպես է որոշել:

Սթրեսից էլ սկսվեց հաջողությունը

15424660_1827711520844621_353044781_n

Ժամանակին ես աշխատում էի իմ շատ սիրելի Դրամատիկական թատրոնում, բայց ինչ-ինչ պատճառներով ինձ այնտեղից հանեցին: Դա շատ մեծ սթրես էր ինձ համար, եւ այդտեղից էլ սկսվեց իմ հաջողությունը: Աշխատանքից հանելն ինձ համար ամենամեծ ծառայությունն էր. չեմ ասի` միակը, բայց` ծառայություններից մեկն էր:

Որքան լիքն է կինը, այնքան գեղեցիկ է

Կինը որքան ներքուստ լեցուն է, այնքան գեղեցիկ է` անկախ կնճիռների քանակից: Պլաստիկան, նաեւ ժամանակը անզոր են մարդու ներքինի դեմ: Այն, ինչ թվացյալ դեֆեկտ է, կինը պետք է կարողանա դարձնել էֆեկտ:

Ներկայիս կարգախոսն է` «Շարժվի՛ր առաջ»

Կարգախոսները, ինչպես մարդը, կյանքի տարբեր էտապներում փոփոխվում են: Ինձ համար միշտ եղել է այս կարգախոսը` «Չվնասե՛լ մարդուն»: Եթե, Աստված չանի, մեկին մի կծու խոսք ասեմ, դրա հարյուրապատիկը վերադառնում է ինձ: Մեկ այլ կարգախոս էլ ունեմ` «Մեզ խանգարողները մեզ կերտողներն են»: Ամենավատ, չար ու նախանձ ընկերուհիդ դեմքիդ շպրտում է, ըստ քեզ, անտեղի մի մեղադրանք, բայց եթե դու դրա մեջ խորանաս, ճշմարտության հատիկ կգտնես, իսկ եթե այդքան ուժդ բավի, որ գտնես այդ ճշմարտությունը, հաստատ կշտկես սխալդ: Իմ ներկայի կարգախոսն է` «Շարժվի՛ր առաջ»: Ես էլ, ինչպես շատերը, եկել, հասել եմ ինչ-որ հոգեբանական փակուղու: Ես որոշել եմ շարժվել առաջ եւ արդեն իսկ փորձում եմ դա անել` առանց ետ նայելու: Կապն անցյալիս հետ, անշուշտ, չեմ կորցնում, բայց անընդհատ հետ չեմ նայում, այլապես ժամանակ կկորցնեմ: Ապրում եմ կյանքիս այս էտապով եւ դրա մեջ փնտրում եմ գեղեցիկը:

Աննա Բաբաջանյան




Լրահոս