Մահացել է ԱԱԾ տնօրենի նախկին առաջին տեղակալ Գրիգոր Գրիգորյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

85 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ԱԱԾ տնօրենի նախկին առաջին տեղակալ գեներալ-մայոր Գրիգոր Գարեգինի Գրիգորյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են Ազգային անվտանգության ծառայությունից:

Գրիգոր Գրիգորյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա ընթացիկ տարվա նոյեմբերի 5-ին ժամը 18:00-ին Կոնդի Սբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում, հուղարկավորությունը՝ նոյեմբերի 6-ին ժամը 13:00-ին՝ նույն վայրից:

«Բազմակողմանի զարգացած, մասնագիտությամբ իրավագետ Գ. Գրիգորյանը 1964թ. ՀԽՍՀ ՊԱԿ-ում իր ծառայությունը սկսել է օպերլիազորից՝ հասնելով բաժնի պետի պաշտոնի, այնուհետև ծառայությունը 1984-1991 թթ. շարունակել է ՀՍՍՀ ՆԳՆ-ում՝ որպես նախարարի տեղակալ: 1991-1992 թթ. զբաղեցրել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի-ՍԶ հրամանատարի պաշտոնը: 1992-1993 թթ. հանդիսացել է ՀՀ գլխավոր սահմանապահ կոմիսար, 1993 թ. նշանակվել է ՊՆ ռազմական հակահետախուզական վարչության պետ և գլխավորել այդ կառույցը մինչև 1995 թ.»,- նշում են ԱԱԾ-ից և հավելում, որ 1995 թ. Գրիգորյանը նշանակվել է ՀՀ ազգային անվտանգության պետական վարչության պետի տեղակալ: 1995-1996 թթ. զբաղեցրել է ՀՀ ԱԱ նախարարի տեղակալի, 1996 թ.՝ ՀՀ ԱԱ նախարարի առաջին տեղակալի, 1996-1999 թթ.՝ ՀՀ ՆԳ և ԱԱ նախարարի առաջին տեղակալի, 1999-2003 թթ.՝ ՀՀ ԱԱ նախարարի առաջին տեղակալի, 2003 թ.՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալի պաշտոնները:

«Գրիգորյանը մեծ ներդրում է ունեցել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման, ՀՀ սահմանապահ զորքերի ստեղծման և ՀՀ ազգային անվտանգության մարմինների կայացման գործում: Ազնիվ ու անբասիր ծառայության համար գեներալ-մայորը բազմիցս պարգևատրվել է: 2005 թ. հունվարին ՀՀ նախագահի հրամանագրով արձակվել է զինվորական ծառայությունից՝ կենսաթոշակի սահմանային տարիքի լրանալու կապակցությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Վերջին տարիներին Գրիգոր Գրիգորյանը հանդիսացել է ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի վետերանների խորհրդի նախագահ:

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը խորը ցավակցություն է հայտնել պետական գործչի ընտանիքին, հարազատներին, մերձավորներին և գործընկերներին:




Լրահոս