ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐ ԵՆ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության, կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի եւ Սյունիքի մարզային վարչության աշխատակիցները, հետեւողական պայքար տանելով  կոռուպցիոն երեւույթների դեմ, բացահայտել են ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Սիսիանի ոստիկանության բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալի եւ ոստիկանության նույն բաժնի այլ աշխատակիցների կողմից խարդախությամբ ուրիշի՝ առանձնապես խոշոր չափերի գույքը հափշտակելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնեական լիազորությունները անցնելու դեպքեր:

 

ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Սիսիանի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գ.Մ.-ն, ոստիկանության նույն բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչներ Ա.Բ.-ի եւ Գ.Հ.-ի հետ նախնական համաձայնությամբ, 2020 թվականի դեկտեմբերի 14-ից մինչեւ 2021 թվականի մարտի 24-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում քաղաքացի Հ.Գ.-ի անասնագոմերից կատարված հափշտակությունների, ինքնիրավչությունների եւ այլնի վերաբերյալ համապատասխան հաղորդումներ չեն ընդունել, կատարված հանցագործությունների դեպքերը պատշաճ կարգով չեն հաշվառել, փոխարենը, չունենալով իրավական ակտերով նախատեսված որեւէ լիազորություն, ձեռնամուխ են եղել կողմերի միջեւ առաջացած վեճն օրենսդրությամբ չնախատեսված կարգով լուծելուն՝ այդկերպ ակնհայտորեն դուրս գալով իրենց լիազորությունների շրջանակից:

Մասնավորապես, նշված պաշտոնատար անձինք, փաստացի ստանձնելով նախկին անասնատերերի իրավունքների պաշտպանությունը, արտադատական կարգով լուծել են կողմերի միջեւ ծագած վեճերը, որից հետո Հ.Գ.-ից նյութական օգուտներ ստանալու շահադիտական դրդումներով ձեռնամուխ են եղել նրան ունեզրկելու, առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու գործընթացի իրականացմանը, որի համար տարբեր պատրվակներով տուժողից ստացել են առանձնապես խոշոր չափի՝ 2.550.000 ՀՀ դրամ գումար, 1.000.000 ՀՀ դրամ արժողությամբ ավտոմեքենա, որոնք խարդախության եղանակով հափշտակել են:

Ավելին, անասնագողության դեպքերն իբր բացահայտելու պատրվակով անասնագոմի տարածքից հանել են ընդհանուր 2.500.000 ՀՀ դրամ արժողությամբ, տուժողին պատկանող տեսախցիկները եւ դրանց բաղկացուցիչ սարքերը, որից հետո հրաժարվել են դրանք վերադարձնել սեփականատիրոջը, հափշտակված տեսախցիկները վերադարձնելու եւ դրանք այլ անձի չվաճառելու դիմաց տուժողից պահանջել են ընդհանուր 700.000 ՀՀ դրամ գումար, որի մի մասը ոստիկանության ծառայողներից մեկը ստացել է 2021 թվականի մարտի 25-ին՝ ՀՀ ԱԱԾ օպերատիվ աշխատակիցների վերահսկողության ներքո: Քրեական գործով կատարված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում հայտնաբերվել եւ վերցվել են գործի համար նշանակություն ունեցող բազմաթիվ իրեր, այդ թվում՝ հափշտակված առարկաներ, կենդանիներ, գումարներ եւ այլն: Ոստիկանության վերը հիշատակված պաշտոնատար անձինք ձերբակալվել են եւ նրանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություններ են ներկայացվել դատարան, որոնք բավարարվել են:

Հիշեցնենք, որ երեկ ArmLur.am-ը գրել էր, որ օրերս կաշառքի գործով կալանավորվել է Սիսիանի ոստիկանապետի տեղակալ Գարիկ Մուրադյանը: Ի դեպ, հիշեցնենք, որ Գարիկ Մուրադյանի գործողությունների մասով անցած տարի Սիսիանում բողոքներ գրանցվեցին:

Իրավապահներին էր դիմել Սիսիանի բնակիչ Գառնիկ Սիմոնյանը՝ հայտարարելով, որ ոստիկանապետն իրեն ապրիլի սկզբին խոշտանգել է։ Տարեց քաղաքացու փաստաբան Լուսինե Զեյնալյանը պատմել էր՝ 64-ամյա սիսիանցուն բերման են ենթարկել ոստիկանություն եւ ստիպել բնակարանային գողությունն իր վրա վերցնել։ Եվ երբ չի կատարել Սիսիանի ոստիկանապետի պահանջը, ենթարկվել է բռնության:

 

 

 

ՄԻՊ-Ը՝ ՎՍՏԱՀԵԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐ

Խոշտանգումների կանխարգելման ասոցիացիայի (ք. Ժնեւ) գլխավոր քարտուղար Բարբարա Բերնաթը բաց նամակ է հղել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի անկախության վերաբերյալ՝ նշելով, որ սահմանադրական օրենքում Պաշտպանի գործունեության ֆինանսական անկախության երաշխիքը պետք է պահպանել:

 

Բաց նամակում նշված է, որ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի գործող 8-րդ հոդվածի 5-րդ մասը լայնորեն ճանաչվել է միջազգային լավագույն փորձ, եւ իրենք այն առաջարկում են այլ երկրների կանխարգելման ազգային մեխանիզմներ հիմնադրելիս:

Բարբարա Բերնաթը նշել է, որ հենց այս եւ անկախության մյուս երաշխիքներն են, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին դարձրել են այսքան ուժեղ եւ վստահելի գործընկեր խոշտանգումների եւ վատ վերաբերմունքի դեմ պայքարում: Նամակում ընդգծված է ասոցիացիայի հետ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի տարիների համագործակցությունը՝ նաեւ շնորհիվ անկախության: Խոշտանգումների կանխարգելման ասոցիացիայի գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ չնայած շատ պետություններ բախվում են բյուջետային սահմանափակումների, մասնավորապես՝ նոր կորոնավիրուսային համավարակի (COVID-19) դժվարին ժամանակահատվածում, միաժամանակ, այս ընթացքում է, որ հասարակության առավել խոցելի խմբերը գտնվում են մեծագույն ռիսկի ներքո: Ուստի էական է, որ նման ժամանակներում նրանց պաշտպանության մանդատ ունեցող հաստատություններին ոչ միայն ցուցաբերվի աջակցություն, այլ նաեւ դրանք առավել հզորացվեն:

Հայաստանի Ազգային ժողովի նախագահին ուղղված բաց նամակում ընդգծվում է, որ այս հարցը դիտարկվում է առավել լայն կոնտեքստով՝ նշելով, որ մեքենաների հարցում սահմանափակումը արդեն իսկ բացասական է եղել: Հատուկ անդրադարձ է եղել նաեւ այն հարցին, որ փոփոխություններն արվել են առանց Մարդու իրավունքների պաշտպանի հետ պատշաճ խորհրդակցության կամ քննարկման:

Հաշվի առնելով միջազգային, այդ թվում՝ փարիզյան սկզբունքները, ՄԱԿ-ի կոնվենցիոն չափանիշները եւ Հայաստանի միջազգային պարտավորությունները՝ Խոշտանգումների կանխարգելման ասոցիացիայի գլխավոր քարտուղարը նամակում նշել է, որ պետք է պահպանել «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի գործող 8-րդ հոդվածի 5-րդ մասը՝ որպես Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եւ Կանխարգելման ազգային մեխանիզմների թվում լավագույն փորձ: Միաժամանակ, առաջարկել է ապահովել, որպեսզի Մարդու իրավունքների պաշտպանի ֆինանսավորման հետ կապված օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ ցանկացած հետագա քննարկում իրականացվի Մարդու իրավունքների պաշտպանի հետ ամբողջական խորհրդակցությամբ։

 

 

 

ՀԻՄՆԱՎՈՐ ՉԵՆ

Որպես ինքնիշխան պետություններ՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ դեմարկացիա կամ դելիմիտացիա երբեք տեղի չի ունեցել, եւ, առավել եւս, միջազգային որեւէ փաստաթուղթ դրա վերաբերյալ չի ստորագրվել: Այս մասին հայտնել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: Նա նշել է.

«1) Սյունիքի կամ Գեղարքունիքի գյուղերի հարեւանությամբ, Սյունիքում ճանապարհներին ադրբեջանական տեղակայումները՝ Խորհրդային Հայաստանի կամ Ադրբեջանի սահմաններով, 1970-ական, 1980-ական, 1940-ական թվականների (լինի, օրինակ, 1975-1976 թթ., 1985թ., 1942թ.) կամ այլ քարտեզներով եւ GPS-ի տվյալներով, հիմնավորել չի կարելի:

Որպես ինքնիշխան պետություններ՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ դեմարկացիա կամ դելիմիտացիա երբեք տեղի չի ունեցել, եւ, առավել եւս, միջազգային որեւէ փաստաթուղթ դրա վերաբերյալ չի ստորագրվել:

2) Խորհրդային միությունում տեղի ունեցածը եղել է ոչ թե երկու ինքնիշխան պետությունների՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետական սահմանների որոշում, այլ մեկ ինքնիշխան պետության՝ ԽՍՀՄ-ի ներսում երկու սուբյեկտների միջեւ սահմանների վարչական բնույթի բաժանում: Խորհրդային քարտեզները միայն այդ մասին են:

Ի դեպ, ինչու՞ 1920-ական թթ. քարտեզները սահմանների այս օրերի գործընթացի հետ կապված չեն վկայակոչվում:

3) ՀՀ պետական սահմանների որոշման գործընթացը վարչատարածքային բաժանման հետ կապել չի կարելի: Այդ երեւույթները միանգամայն տարբեր են:

4) ՀՀ պետական սահմանների որոշման գործընթացում Հայաստանի առաջին հանրապետության սահմաններն ու քարտեզներն անտեսվել չեն կարող: Սա պահանջում ՀՀ քաղաքացիների, ՀՀ բնակչության իրավունքների իրական երաշխավորման հրամայականը:

5) Ադրբեջանական այսօրվա տեղակայումներն ընթացել են միջազգային, այդ թվում՝ մարդու իրավունքների պահանջների կոպիտ ու զանգվածային խախտումներով, պատերազմի եւ ուժի իրական սպառնալիքի ներքո եւ ադրբեջանական բացահայտ ցեղասպան քաղաքականության պայմաններում:

6) Պետական սահմանների որոշման գործընթացը չի կարող խաթարել սահմանային բնակիչների բնականոն կյանքը կամ առաջացնել պետության քաղաքացու իրավունքների եւ օրինական շահերի, այդ թվում՝ կյանքի ու ֆիզիկական անվտանգության, երեխաների անվտանգ ապրելու, սեփական հողը մշակելու, ջրային պաշարներից, արոտավայրերից ու խոտհարքներից լիարժեք օգտվելու եւ այլ իրավունքներ:

Այս կետերը ՀՀ քաղաքացիների, սահմանային բնակիչների իրավունքների ու բնականոն կյանքի երաշխավորող հիմնական գործոններից են»:

 

 

 




Լրահոս