Հայաստանում նոր դատարան կստեղծվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետի աշխատակազմն առաջարկում է ստեղծել Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան: ArmLur.am-ը նախագծի հիմնավորումից տեղեկացավ, որ դատարանն իրականացնելու է հակակոռուպցիոն քաղաքացիական և կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործերով կայացված դատական ակտերի վերաքննության կարգով վերանայումը:

Դատարանը կազմված է լինելու թվով առնվազն 12 դատավորներից, որոնցից առնվազն 6-ը զբաղվելու են կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործերով, առնվազն 6-ը՝ հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով կայացված դատական ակտերի դեմ բողոքների քննությամբ: Այսինքն, վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանում կոռուպցիոն հանցագործությունների գործերով կայացված ակտերի վերանայման գործերը բաշխվելու են միայն կոռուպցիոն հանցագործությունների քննության մասնագիտացմամբ, իսկ հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով կայացված ակտերի վերանայման գործերը՝ միայն հակակոռուպցիոն քաղաքացիական գործերի քննության մասնագիտացմամբ դատավորների միջև:

Այսպիսով, նախագծի ընդունման արդյունքում վերաքննիչ քրեական և վերաքննիչ քաղաքացիական դատարանները դադարելու են քննել համապատասխանաբար կոռուպցիոն հանցագործությունների և հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերը:

Նախագծով առաջարկվում է նաև վերաքննիչ դատարանում առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակը ավելացնել հակակոռուպցիոն բաժնով՝ նախատեսելով, որ հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնում ներառվելու են կոռուպցիոն հանցագործությունների քննության և հակակոռուպցիոն քաղաքացիական գործերի քննության ենթաբաժինները:

Ն.Հ.




Լրահոս