Հունիսի 30-ը Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատանքի վերջին օրն է: Գերատեսչությունը հուլիսից կգործի Ներքին գործերի նախարարության կազմում:
Համաձայն 2022 թվականի դեկտեմբերի 16-ին ընդունված «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի՝ ստեղծվել է Ներքին գործերի նախարարություն, որն իր մեջ ներառում Է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության գործառույթները: Ստացվում է՝ ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը եւ ԱԻՆ շուրջ 280 աշխատակից շուտով կմնան առանց աշխատանքի:
ArmLur.am-ը ԱԻ նախարարությունից փորձեց հասկանալ՝ ի՞նչ ճակատագիր է սպասվում աշխատակիցներին եւ ԱԻ նախարարության շենքին, որը գտնվում է Դավթաշեն վարչական շրջանում: Այպիսով՝ ArmLur.am-ին ԱԻ նախարարությունից հայտնեցին, որ շուրջ 280 աշխատակիցներ ցանկության դեպքում կարող են մրցույթի մասնակցել և համալրել ՆԳՆ շարքերը, կամ էլ այլ ոլորտում շարունակեն իրենց հետագա գործունեությունը:
Այսինքն՝ ստացվում է, ԱԻՆ աշխատակիցների ճակատագիրը դեռ անորոշ է, իրենք պետք է փորձեն իրեն համար աշխատանք գտնել, նախարարությունն այդ հարցով չի զբաղվելու: Ինչպես հայտնի է՝ Արմեն Փամբուխչյանը ղեկավարելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբը Երևանի ավագանու սպասվող ընտրություններում:
ArmLur.am-ը գրել էր, որ Արմեն Փամբուխչյանի համար աշխատանք գտնելը Նիկոլ Փաշինյանի համար առաջնային հարց է, բայց ինչ պաշտոն առաջարկում է Փամբուխչյանին, վերջինիս սրտով չի լինում: Ինչ վերաբերվում է ԱԻՆ շենքի ճակատագրին, մեզ հայտնեցին, որ այդ հարցը լինելու է կառավարության հինգշաբթի օրվա նիստի օրակարգում: Կառավարության որոշմամբ նախարարության շենքը, ողջ գույքը կտրամադրվի ՆԳՆ-ին, որն էլ արդեն կորոշի շենքն ի՞նչ նպատակով է օգտագործելու կամ ո՞ւմ է տրամադրելու:
Քրիստինա Մուշեղյան