ԿԵՆԱՑՆԵՐԸ ԳՆԱԼՈՎ ՔԱՂՑՐԱՆՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ղարաբաղի խնդրում իրավիճակը հետաքրքիր զարգացումներ է ստանում: ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Ստեփանակերտում ընդլայնել են իրենց հանդիպումների շրջանակները. երեկ նրանք հանդիպել են ոչ միայն ղարաբաղցի պաշտոնյաների, այլեւ առաջին անգամ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Ստեփանակերտի մամուլի ակումբում ղարաբաղյան քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ հանդիպել են ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն ու ֆրանսիացի համանախագահ Ժակ Ֆորը, իսկ ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցիչ Անջեյ Կասպրշչիկի հետ հանդիպել է ԼՂՀ ՊԲ հրամանատար Մովսես Հակոբյանին:
Ստեփանակերտի մամուլի ակումբը երեկ հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ համանախագահների հետ հանդիպման ժամանակ քննարկվել են ԼՂ խնդրի կարգավորման գործընթացին առնչվող հարցեր: Ըստ նրանց` համանախագահները հանդիպման մասնակիցներին տեղեկացրել են ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի մասին, իսկ ԼՂ ոչ կառավարական կազմակերպությունների ղեկավարները ներկայացրել են իրենց գործունեությունը քաղաքացիական խաղաղարարության շրջանակներում: «ԼՂ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները նշել են կարգավորման գործընթացի մեթոդաբանության եւ փիլիսոփայության փոփոխման անհրաժեշտությունը: Առանձնակի ուշադրություն է դարձվել պաշտոնական բանակցությունների (Track-1) եւ քաղաքացիական խաղաղարարության (Track-2) միջեւ կապերի զարգացմանը, ինչպես նաեւ դրանց զուգակցման ու խաղաղ գործընթացում հանրության լայն շերտերի ներգրավման արդյունավետ մեխանիզմների որոնմանը»,- նշված է հաղորդագրության մեջ:
Ղարաբաղում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ հանդիպումը, թերեւս, պատահական չէ եւ բավական լուրջ ենթադրությունների տեղիք են տալիս. համանախագահները նախկինում երբեք Ղարաբաղում նման հանդիպումներ չեն ունեցել: Ընդ որում, հատկանշական է, որ համանախագահները հանդիպել են ոչ թե Հայաստանի կամ Ադրբեջանի, այլ հենց Ղարաբաղի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Կարելի է ենթադրել, որ սրանով համանախագահները սկսել են մի կողմից հասարակական կարծիք շոշափել, մյուս կողմից հասարակական կարծիքը նախապատրաստել կոնկրետ քայլերի:
Ստեփանակերտի մամուլի ակումբի նախագահ Գեղամ Բաղդասարյանը, որը եւս ներկա է գտնվել համանախագահների հետ հանդիպմանը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց. «Վաղուց ենք խոսում այն մասին, որ խաղաղ գործընթացում հանրություններն արհամարհված են թե՛ իշխանությունների եւ թե՛ միջնորդների կողմից: Քանիցս կոչ ենք արել համանախագահներին սերտ կապեր հաստատել քաղաքացիական հասարակության հետ: Դժվարանում եմ ասել, թե ինչու հենց հիմա արձագանքեցին: Կարող ենք, իհարկե, ենթադրություններ անել, բայց միանշանակ պատասխանելը դժվար է: Մինչ այդ եղել են որոշ շփումներ` միջազգային ոչ կառավարական կազմակերպությունների միջնորդությամբ, այդ թվում արտասահմանում, հակամարտության մեջ ներգրավված երեք երկրների քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ»: Իսկ հարցին, թե արդյոք կարելի է ենթադրել, որ համանախագահներն այսպես հասարակական կարծիքն են նախապատրաստում խնդրի կարգավորմանը, պարոն Բաղդասարյանը նշեց. «Այն տպավորությունն ունեմ, որ շփումներն ավելի լայն տեղեկատվության տիրապետելու, երկրում առկա իրավիճակին հանգամանորեն ծանոթանալու նպատակ ունեն: Համենայնդեպս, հասարակական կարծիքի նախապատրաստման համար լուրջ արդյունք չկա բանակցային գործընթացում: Գոնե այսօրվա դրությամբ»:
Ի դեպ, ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հանդիպել են նաեւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին: «Ազատություն» ռ/կ-ի փոխանցմամբ՝ հանդիպումից հետո ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը լրագրողների հետ զրույցում հայտարարել է. «Մենք ելնում ենք նրանից, որ որոշակի փուլում Ղարաբաղը պետք է վերադառնա այդ գործընթաց, որովհետեւ, վերջիվերջո, որոշվում է այն մարդկանց ճակատագիրը, ովքեր այստեղ ապրում են: Մենք ենթադրում ենք, որ հիմնարար սկզբունքների վրա աշխատանքների ավարտից հետո, երբ հասկանալի կլինի, թե ինչպես առաջ շարժվել այդ փուլում, կարելի կլինի քննարկել բանակցություններին Ղարաբաղի վերադառնալու հարցը»:
Հ.Գ. Նշենք, որ վերջերս Կիեւում ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հանդիպել էին Ադրբեջանի եւ ՀՀ հասարակական սեկտորի ներկայացուցիչների հետ, որոնք եղել են ոչ իշխանական:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս