Ներկայացված նախագիծը նոր Սահմանադրություն է, թող որևէ մեկը չխափնվի. փաստաբան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փաստաբանների պալատի անդամ Գևորգ Գյոզալյանի խոսքով, այժմ Հայաստանում սահմանադրական փոփոխությունների կարիք չկա: Armlur.am-ի հետ զրույցում փաստաբանը նշեց, որ փաստաբանների խումբը Սահմանադրության նոր նախագծի մասին եզրակացություն է ներկայացնելու, որի պատրաստման աշխատանքներին մասնակցում է 20 փաստաբան, որոնց թվում նաև ինքն է:

Մինչ այդ, նա մեզ հետ զրույցում նշեց, որ Սահմանադրության նոր նախագծում կան մարդու իրավունքներին վերաբերող այնպիսի դրույթներ, որոնք նույնիսկ ավելի վատն են, քան ներկայիս Սահմանադրությունում է:

«Երբ որ քո երկրի Մարդու իրավունքների պաշտպանը խոսում է, թե որ դատարանում որքան կաշառք են վերցնում, երբ որ սահմանադրական դատարանը խոսում է, որ իր որոշումները ոչ մեկը չի կատարում, երբ որ ձեռնարկատերերը կառավարությունում ու Ազգային ժողովում են, նման պայմաններում խոսել, թե օրենքը որքան է լավ, որքան է վատ` ուղղակի ծիծաղելի է: Այդ օրենքը որևէ մեկը չի կատարում և դա փաստարկված է», – նշեց նա:

Անդրադառնալով նախագծին, փաստաբանը նշեց, որ կան հատվածներ, որոնք արտագրված են, օրինակ, Գերմանիայի, Իտալիայի սահմանադրություններից: «Կարող են շատ լավ բաներ գրել, բայց ցանկացած օրենք ամրագրում է տվյալ հասարակության օբյեկտիվ զարգացվածության աստիճանը: Օրենքում կարող եք ինչ-որ ամպագորգոռ բաներ ամրագրել, բայց, եթե ձեր հասարակությունում դեռևս դրան չեն հասել, այդ օրենքներն ուղղակի այդպես էլ կմնան: Շատ կարևոր է հասկանալ, թե ինչու են իրենք այդ օրենքները ցանկանում փոխել», – հավելեց փաստաբանը:

Գյոզալյանը նշեց, որ այս կերպ «թոզ են փչում» հասարակության աչքերին: Նրա խոսքով, եթե ցանկանում էին կառավարման համակարգ փոխել և անցում կատարել խորհրդարանական համակարգի, ապա կարող էին դա անել` առանց դատական համակարգի օրենքները փոխելու:

«Սա իր հերթին ինչ-որ խնդիրներ է առաջացնում: Մենք չենք խոսում սահմանադրության փոփոխությունների մասին: Նրանց առաջ քաշածը նոր Սահմանադրություն է, թող որևէ մեկը չխափնվի այս առումով: Սա էլ հակասում է նախագահի հրամանագրին, քանի որ խոսք էր գնում փոփոխությունների մասին, բայց իրենք իրենց իրավասություններից դուրս են եկել և հանրությանը նոր Սահմանադրություն են ներկայացնում», – եզրափակեց Գյոզալյանը:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս