Ինչո՞ւ պատասխանատվության չի ենթարկվում «Յուքոմ» ընկերությունը. Արմավիրում մի քանի համայնքներ անհաշվելի վնասներ են կրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 18-ին ՀՀ Արմավիրի մարզի 15-17 գյուղերում տեղի ունեցած կարկտահարությունից անցել է 6 օր, սակայն այս ընթացքում ոչ մի պետական կառույց հանդես չի եկել հայտարարությամբ՝ մեղավորին պատժելու եւ գյուղացիների վնասները փոխհատուցելու ուղղությամբ: «Ժողովուրդ»-ը արդեն տեղեկացրել էր, որ կարկուտից վնասված գյուղերում տեղադրված են եղել նաեւ հակակարկտային կայաններ, որոնք, սակայն, չեն կրակել:

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության տնօրեն Լեւոն Վարդանյանը «Ժողովուրդ»-ին հայտնել էր, որ մայիսի 18-ին՝ ժամը 15.00-ից 19.00 ընկած ժամանակահատվածում, «Օրանժ Արմենիա»-ի (ներկայիս՝ «Յուքոմ») ցանցում լուրջ խնդիր է եղել՝ ֆորս-մաժորային պայմաններից ելնելով: Ինչի արդյունքում համայնքներում չի հաջողվել կապի միջոցով ավտոմատ կառավարման համակարգով միացնել հակակարկտային կայանները:

Երեկ «Ժողովուրդ»-ը Լեւոն Վարդանյանից տեղեկացավ, որ «Յուքոմ»-ը չի ժխտում, որ այդ օրը եղել է կապի խափանումներ: «Մենք արդարացման կարիք չունենք, ոչ էլ նրանք են ժխտում դա: Մենք իրար հետ քննարկել ենք համաձայնեցված տարբերակով, եւ ես պաշտոնապես դեռեւս չեմ ստացել այդ տեղեկանքը, բայց բանավոր համաձայնությունը կա, որ այն կլինի: Հիմնարկներում սովորաբար մինչեւ տեղեկանք տրամադրելը մեծ պրոցեդուրա է անցնում իրավաբաններով եւ մյուսներով: Ես չգիտեմ, թե իրենք տեղեկանքում բառացի ինչ են գրելու, բայց փաստը մնում է փաստ՝ «Յուքոմ»-ը ընդունել է, որ այդ ժամերին կապի խափանում է եղել»,- ներկայացրեց Վարդանյանը: Վերջինս տեղեկացրեց նաեւ, որ այսօր ԱԻՆ-ի եւ «Յուքոմ»-ի ղեկավարության միջեւ քննարկում է տեղի ունենալու: Իսկ քննարկվելու է այն, թե նմանատիպ դեպքերում ինչպես է ԱԻՆ-ը վարվելու, եւ ինչպես են հետագայում համագործակցելու իրար հետ:

Մինչ ԱԻՆ-ն ու «Յուքոմ»-ը պարզաբանումների մեջ են, այս ընթացքում կարկտահարված գյուղերի բնակիչները սպասում են մարզպետարաններից խոստացված «փաստաթղթի», որի վրա հնարավոր կլինի գրել կարկուտի հետեւանքով տուժած գյուղացու անունը, ազգանունը եւ կրած վնասի չափը: Թե այս թղթային ձեւերը արագ ստեղծելն ու գյուղացիներին բաժանելը ինչ դժվարություններ է առաջացնում, անհասկանալի է: Հետաքրքիր է, թե այս ընթացքում ինչով են զբաղված այն հանձնաժողովները, որոնք պետք է հաշվարկեին վնասները:

Մինչ գյուղացիները այս օրերին կյանքի գնով պայքարում են քամու, կարկուտի, անձրեւի դեմ, այս ընթացքում դժվար է կռահել, թե տարածքային կառավարման եւ զարգացման եւ գյուղատնտեսության նախարարությունները ինչով են զբաղված: Նշված կառույցներից եւ ոչ մեկը այս օրերի ընթացքում պաշտոնապես հաղորդագրությամբ հանդես չեկավ: Ավելորդ է խոսել «Յուքոմ»-ի մասին, ում անմիջական մեղքով է, որ այսօր հարյուրավոր գյուղացիներ խոշոր չափի վնասներ են կրել եւ հայտնվել են ծայրահեղ ծանր իրավիճակում:

Երեկ, ի վերջո, մեզ բախտ վիճակվեց «Յուքոմ» ընկերության որեւէ օպերատորի հետ խոսել. վերջինս մեզ միացրեց մեկ այլ բաժնի հետ, որի աշխատակիցը «Ժողովուրդ»-ից հեռախոսահամար վերցրեց եւ խոստացավ, որ օրվա վերջին կզանգահարեն եւ մեր հարցերին պատասխան կտան: Երեկ մեր օրն անցավ զանգին սպասելով: Եվ ապարդյուն:

Հուսանք՝ ՀՀ կառավարությունն իր վրա կվերցնի գյուղացիներին փոխհատուցելու խնդիրը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս