Հայկական Վերածնունդը սատարում է ազգային դիմադրության կոմիտե ստեղծելու նախաձեռնությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայկական Վերածնունդ համասփյուռյան կազմակերպությունը ողջունոմ է «Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում» կազմակերպության մայիսի 30-ին հայտարարած ազգային դիմադրության կոմիտե ստեղծելու նախաձեռնությունը:

Գտնում ենք, որ Հայաստանի (ներառյալ Արցախի) անվտանգության համար այս ճակատագրական ժամանակահատվածում առավել կարևոր է ողջ հանրությանը ներգրավել մեր ազգային շահերին հակասող հնարավոր որոշումների և գործողությունների դեմ համընդհանուր դիմադրություն ցույց տալու նպատակով: Գտնում ենք, որ այս պահին գոյություն ունեն իրական վտանգներ, որ արտաքին և ներքին ուժերի կողմից կարող են թույլ տրվել Հայաստանի պետական շահերին հակասող գործողություններ, որոնք կարող են հանգեցնել տարածքային, ռազմական և դիվանագիտական կորուստների: Այս վտանգների առկայությունը պայմանավորված է մի քանի կարևոր հանգամանքներով.

1. ՀՀ իշխանությունը լեգիտիմ չէ, այն չի վայելում ժողովրդի վստահությունը, և պետական կարևոր որոշումներն ընդունվում են առանց ժողովրդի մասնակցության և ընդդեմ ժողովրդի շահերի: Ժողովուրդը իշխանության հենքը չի հանդիսանում, հետևաբար վերջինիս արտաքին ճնշումների դիմակայելու ունակությունը բավականին ցածր է, ստեղծելով վտանգավոր վիճակ, երբ ամեն պահ վարչակազմից կարելի է սպասել անհարկի զիջումներ, ազգադավ քաղաքական որոշումներ և արտաքին համաձայնագրեր:

2. Ներկա վարչակազմը որդեգրել է անվտանգության մի խոցելի դոկտրին, որը բացառապես հիմնված է մեկ օտար պետության՝ Ռուսաստանի վրա, Ռուսաստանին հանձնելով ոչ միայն ՀՀ ռազմական անվտանգության մենաշնորհը, այլ նաև էներգետիկ մենաշնորհը և տնտեսական հսկայական լծակներ, որոնց պատճառով Հայաստանը հայտնվել է պետականության կորստի և գաղութացման շեմին:

Սա նշանակում է, որ մենք անվտանգության համար շատ թանկ գին ենք վճարում՝ զիջելով մեր ինքնիշխանությունը, կորցնելով տնտեսական զարգացման հեռանկարները, և խթանելով արտագաղթը: Դրա փոխարեն նույնիսկ չենք ստանում խոստացած անվտանգությունը, որի մասին համոզվեցինք ապրիլի քառօրյա պատերազմում: 3. ՀՀ արտաքին քաղաքականությունը գտնվում է այդ ասպարեզում մասնագիտական հմտություններից զուրկ անձանց ձեռքերում, ովքեր վատ են պատկերացնում Հայաստանի ազգային շահերը և չեն տիրապետում դրանք ադեկվատ ձևով սպասարկելու ունակությանը: Տարիներ ի վեր ՀՀ վարած արտաքին քաղաքականությունը անհարիր է եղել Արցախյան ազատամարտը հաղթանակով ավարտած պետությանը:

ՀՀ նախագահը և արտաքին գերատեսչությունը Հայաստանի անվտանգությունը ապահովելու արտաքին քաղաքականությունը շփոթում են պասիվության, վախվորածության և նախաձեռնողի դերից հրաժարվելու հետ: Այս ամենը հանգեցրել է անվստահության և անապահովության բարձր աստիճանի, որի միակ ելքը հասարակական դիմադրությունն է:

Հասարակական դիմադրությունը հանդիսանում է միակ վստահելի ապահովագրությունը, որը հնարավորություն կտա դիմակայել հնարավոր ապազգային որոշումներ, տարածքային և դիվանագիտական զիջումներ՝ անկախ նրանից դրանք կարվեն արտաքին ճնշման տակ, թե վարչակազմի վարած ոչ ադեկվատ քաղաքականության պատճառով: Հայկական Վերածնունդը սատարում է ազգային դիմադրություն ստեղծելու նախաձեռնությունը և պատրաստակամություն է հայտնում դրան աջակցել իր հնարավորությունների սահմաններում:

Հայկական Վերածնունդ համասփյուռյան կազմակերպություն Փարիզ




Լրահոս