ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԾԱՑԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանն օրեր առաջ Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Օրակարգից դուրս» հաղորդաշարի եթերում հայտարարել էր, որ Ադրբեջանի նոր հարձակման դեպքում հայկական բանակն անցնելու է հարձակողական գործողությունների եւ ջախջախիչ հարվածներ է հասցնելու ադրբեջանական կողմին:

«Ժողովուրդ» թերթի հետ զրույցում ԱՊՀ երկրների ինստիտուտի (Ռուսաստան) Կովկասի բաժնի վարիչ, ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեեւը կարծիք հայտնեց, որ նման հայտարարություններն արվում են այն պատճառով, որ նոր պատերազմի հավանականությունն ավելացել է:
-Պարո՛ն Եվսեեւ, ԼՂՀ ՊԲ հրամանատար Լեւոն Մնացականյանի կողմից նման հայտարարություններն, ըստ Ձեզ, ի՞նչ նպատակ են հետապնդում:
-Որպես ռազմական փորձագետ՝ ես խելամիտ եմ համարում հայկական զինված ուժերի կողմից հարձակողական գործողություններ կատարելը տարածքների մեծացման համար: Ապրիլյան պատերազմի ամենացավոտ հետեւանքներից մեկը եղավ այն, որ մի շարք տարածքներ հայկական կողմը կորցրել է: Իսկ հայկական կողմից նման հայտարարություններ են արվում, քանի որ պատերազմի հավանականությունը մեծացել է: Դա պայմանավորված է ադրբեջանական կողմի գործողություններով եւ հայտարարություններով, նրանք պատրաստվում են նոր պատերազմի, եւ դրա ապացույցը կարող ենք համարել մայիսին տեղի ունեցած իրադարձությունները, երբ սահմանին ծանր ռազմական տեխնիկա կիրառվեց, եւ որի հետեւանքով հայկական կողմը կորուստներ ունեցավ: Այսինքն՝ ադրբեջանական կողմից կիրառվող ռազմական տեխնիկայի տեսակները ընդլայնվում են, եւ այն տեղեկությունները, որ մենք պարբերաբար ստանում ենք, վկայում են այն մասին, որ պատերազմը մոտենում է: Ես Ղարաբաղում եղել եմ այս տարվա փետրվարին եւ կարող եմ ասել, որ արդեն այն ժամանակ լարվածություն կար, որը մեծացավ մայիսին: Դրանից հետո այլ դեպքեր եւս եղան սահմանին` ներառյալ ադրբեջանցի կնոջ եւ երեխայի մահվան դեպքերը, որոնք բոլորը պատերազմի նախապայմաններ են: Միանշանակ կարող ենք ասել, որ պատերազմի հավանականությունը մեծացել է:
-Նման հայտարարություններ արվում են նաեւ ադրբեջանական կողմից: Ի՞նչ եք կարծում, ո՞ր կողմն ավելի մեծ հնարավորություն ունի իրականացնելու իր ծրագրերը:
-Այն, ինչ ասում է ադրբեջանական կողմը, դա քչերին է հետաքրքրում, քանի որ տեղեկատվական պատերազմ է եւ փոթորիկ մեկ բաժակ ջրում: Այդ առումով հայկական կողմն ավելի օբյեկտիվ է գնահատում իրավիճակը, եւ եթե Լեւոն Մնացականյանն այդպիսի հայտարարություն է անում, ուրեմն այդպես էլ կա: Նախորդ տարի հայկական զինված ուժերը համալրվել են, դրանց կիրառումը տեսանք նաեւ այս տարի: Այսինքն՝ սպառազինության բալանսը կարգավորված է` շնորհիվ նաեւ անցյալ տարի հայկական կողմին տրված զենքի: Ադրբեջանական կողմն ապրիլին տեղի ունեցած իրադարձությունները հաղթանակ է համարում` չնայած իրենց կողմի բազմաթիվ կորուստների: Որպեսզի նոր սցենար չլինի, պետք են հարձակողական գործողություններ` նոր տարածքներ ձեռք բերելու համար, որոնք կարող են փոխարինվել ապրիլին կորցրածով:
-Այսինքն` հայկական կողմը պետք է առաջի՞նը հարձակվի:
-Ես կարծում եմ, որ հայկական կողմն առաջինը չի հարձակվի, սակայն հայկական կողմն իրավունք ունի հարձակվելու ադրբեջանական կողմի գործողությունների դեպքում: Եվ Լեւոն Մնացականյանի հայտարարությունը եւս այդ մասին էր, որ հարձակման դեպքում հայկական կողմն ունակ է թե՛ պաշտպանվել, թե՛ ինքը հարձակվել եւ վնասներ պատճառել: Հենց նոր պատերազմի հավանականության վտանգն է նման հայտարարություններ անել ստիպում:
-Իսկ ի՞նչ եք կարծում՝ հայկական կողմի պատրաստվածությունը ապրիլյան պատերազմից հետո ի՞նչ մակարդակում է գտնվում:
-Ես կարծում եմ, որ հայկական կողմը նաեւ տեխնիկապես ամրապնդվել է: Իհարկե, մարտական ոգին միշտ եղել է, սակայն տեխնիկապես հայկական կողմը կաղում էր: Դա առաջին հերթին վերաբերում էր հենց գիշերային տեսանելիության սարքերին եւ այլ միջոցներին: Այժմ այդ հարցերը լուծված են, ռուսական կողմից եւս նոր տեխնիկա է տրամադրվել, օրինակ՝ «Սմերչ», «Սոլնցեպեկ», նաեւ հայկական կողմում այդպիսի տեխնիկայի առկայությունը կարեւոր է: Այսօր հայկական կողմն ունակ է ոչ միայն պաշտպանվել, այլեւ ինքնուրույն հարձակողական գործողություններ իրականացնել:

 

 

 
ԴԵՍՊԱՆՆԵՐԻՆ «ՔՆԻՑ ԱՐԹՆԱՑՆՈՒՄ ԵՆ»

Այլ ելք չունենալով՝ կառավարությունն այս փուլում փորձում է ներդրումներ ստանալ նաեւ դեսպաններից, եւ կառավարության երեկվա նիստում որոշում կայացվեց, որ դեսպանների աշխատանքում կակտիվանա տնտեսական բաղադրիչը: Միանշանակ այս քայլն արվում է Հայաստան ներդրումներ ներգրավելու համար: Հայտնի է, որ դեսպաններից ներդրումներ ակնկալելու մասին խոսակցություններ եղել են թե՛ Լեւոն Տեր-Պետրոսյանի, թե՛ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ, թե՛ նաեւ այժմ: Սակայն այդ ոլորտում իրական տեղաշարժեր այդպես էլ չեն նկատել: Հիմա էլ Կարեն Կարապետյանն է փորձում ակտիվացնողի դերը ստանձնել:

Երեկ լրագրողները ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների փոխնախարար Գարեգին Մելքոնյանից հետաքրքրվեցին, թե, ի վերջո, ինչպես են աշխատում դեսպանները, եւ ինչ արդյունքներ ունենք: «Մենք ունենք դիվանագիտական ներկայացուցչություններ տարբեր երկրներում, սակայն, ցավոք, ոչ բոլոր երկրներում է հաստիքակազմը թույլ տալիս ունենալ տնտեսական հարցերով զբաղվող առանձին անձ, քանի որ տեղում տնտեսական բնույթի գործունեություն իրականացնելու համար դիվանագետը պետք է ունենա նաեւ տնտեսական կարողություններ: Այս նախաձեռնությամբ նախատեսվում է, որ բոլոր ներկայացուցչություններում ակտիվանա տնտեսական բաղադրիչը», – նշեց նա:
Իհարկե, տնտեսական հարցերով զբաղվելու համար առանձին մարդիկ են անհրաժեշտ: Բայց նոր նախաձեռնություններով հանդես գալը՝ առանց լրացուցիչ օժանդակության, անօգուտ զբաղմունք է լինելու, քանի որ փաստ է՝ ներկայումս ներդրումներ գրեթե չկան, եւ դժվար է միանշանակ ասել դեսպանների թերացման արդյո՞ւնքն է դա, թե՞ այլ խթանող գործոններ են անհրաժեշտ: Ակնհայտ է, որ կառավարությունը եւ Կարեն Կարապետյանը ինչ էլ փորձեն անել, քանի դեռ ՀՀ-ում չեն վերացվել ներդրումներին խոչընդոտող պատճառները, իրավիճակը միշտ էլ այդպես է լինելու: Բոլորին է հայտնի, որ ներդրումներին խոչընդոտող առաջնահերթ պատճառներն են` տնտեսական վիճակը, անկայուն դաշտը, մոնոպոլիաները, հովանավորչությունը, զոռբայությունը, որ առկա են մեր երկրում, եւ, իհարկե, Արցախի չլուծված հարցը: Այս պայմաններում շատ քիչ ներդրողներ կցանկանան ռիսկի դիմել:
Ներդրումների համար առաջին հերթին խոչընդոտ են նաեւ Հայաստանում արդարության բացակայությունը, եւ այն ունենում է տնտեսական հետեւանքներ: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ «Ելք» դաշինքի պատգամավոր Արտակ Զեյնալյանը: «Երկրում, որտեղ նման բաներ են տեղի ունենում, ներդրումներ կատարելը վտանգավոր է, շահավետ չէ: Մենք բազմիցս ասել ենք, որ իրավունքների պաշտպանությունից են սկսվում տնտեսական հաջողությունները: Որեւէ երկրում, որտեղ արդարադատության համակարգի հանդեպ վստահություն չկա, ապա կողքից դիտորդն այլ բան չի կարող տեսնել, քան մեծ ռիսկեր: Սա ռիսկային երկիր է», – նշեց նա:
Հավելենք, որ մինչ կառավարությունը «աննախադեպ» որոշումներ է կայացնում, ներդրումներ գրավելու անհրաժեշտ քայլեր ցուցադրում են Հայաստանում հավատարմագրված դեսպանները՝ ի դեմս Ռիչարդ Միլսի եւ Պյոտր Սվիտալսկու: Այդ քայլերը ներառում են Հայաստանի ներսում գործող պետական կառույցների գործունեության արդյունավետության բարձրացում, բարեփոխում, արդիականացում: Տեսնենք, թե ինչպես կհաջողի կառավարության նոր նախաձեռնությունը:

Նյութերը` ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ

 

 

 
ՀԱՆՈՒՆ ՀՀԿ-Ի ՏՈՒԳԱՆՎԵՑ
Երեւանի ավագանու ընտրություններում արձանագրված ընտրախախտումների գործով հրապարակվեց առաջին վճիռը: Ամբաստանյալը Աշխեն Հովհաննիսյանն է, որը մայիսի 14-ին ավագանու ընտրություններում եղել էր 8/54 տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամ: Նա քվեարկության օրը վերցրել էր քաղաքացի Լարիսա Սարգսյանի քվեաթերթիկը եւ ծրարը ու նրա փոխարեն քվեարկել էր Հանրապետական կուսակցության օգտին: Այս գործը 2017 թվականի հուլիսի 19-ին ուղարկվել էր Շենգավիթ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:
Դատարանում ՀՀԿ-ի օգտին քվեարկած Աշխեն Հովհաննիսյանը հայտարարել էր, որ ցանկանում է դատաքննությունը իրականացվի արագացված կարգով, եւ ընդունում է իր մեղքը: Եվ ահա հուլիսի 27-ին գործը նախագահող դատավոր Վաչե Մարգարյանը հրապարակեց վճիռը, եւ ՀՀԿ-ի օգտին քվեարկած Աշխեն Հովհաննիսյանը տուգանվեց 800 հազար դրամով: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Աշխեն Հովհաննիսյանը ընտրական հանձնաժողովի անդամ լինելու իրավունքից 2 տարի ժամկետով զրկվել է:

 

 

 

ՆԱԵՎ ՀԾԿՀ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՄԲ
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը առաջիկայում իր համաձայնությունը կտա «Հայաստան էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալի 100 տոկոսը գրավադրվելուն: Հիշեցնենք, որ կառավարությունն արդեն իսկ իր համաձայնությունը տվել է ՀԷՑ բաժնետոմսերի գրավադրման համար: Հիմա հերթը ՀԾԿՀ-ինն է: «Ժողովուրդ» թերթին հայտնի դարձավ, որ «Տաշիր կապիտալ» ընկերությունը հուլիսի 13-ին, «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ»-ը օգոստոսի 1-ին, իսկ ՀԷՑ-ը հուլիսի 18-ին, հուլիսի 26-ին գրություններով դիմել է ՀԾԿՀ եւ խնդրել տալ համաձայնություն որպես ապահովման միջոց բաժնետոմսերը գրավադրել Վերակառուցման եւ զարգացման եվրոպական եւ Ասիական զարգացման բանկերում: Գրավի դիմաց ՀԷՑ-ը նախատեսում է 80 մլն դոլարի չափով վարկ վերցնել «Ասիական զարգացման բանկից»: Սակայն ընկերության կողմից վարկ վերցնելը լուրջ մտահոգությունների առիթ է դարձել ոչ միայն մասնագետների, այլեւ ՀՀ քաղաքացիների մոտ: Մարդիկ համոզված են, որ ՀԷՑ-ն այս վարկը մարելու է մեր՝ սպառողներիս հաշվին:

 

 

ՀՀԿ-Ն ՎԵՐԱՀԱՇՎԱՌՈՒՄ Է
Ինչպես հայտնի է` ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանն այս օրերին գտնվում է արձակուրդում: Պարզվում է` նրա օրինակին են հետեւում նաեւ շատ այլ ՀՀԿ-ականներ: «ժողովուրդը» երեկ ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանից փորձեց ճշտել, թե այս ընթացքում ինչով են զբաղված ՀՀԿ-ականները: Ի պատասխան՝ նա նշեց. «Հասկանալի է, որ կուսակիցներից շատերը գտնվում են արձակուրդում, օգոստոսի 15-ից հետո ավելի ինտենսիվ կաշխատենք: Այժմ իրականացնում ենք կուսակցության անդամների վերահաշվառման ծրագիր, որը օգոստոսի 20-ից հետո ավելի ինտենսիվ ընթացք կստանա»: Թադեւոսյանը չցանկացավ վերահաշվառման ծրագրի հետ կապված մանրամասներ ներկայացնել` խոստանալով այդ մասին ավելի մանրամասը խոսել օգոստոսի 15-ից հետո:




Լրահոս