Ով անտառից օգտվի, ով քննադատի. Իջեւանի անտառտնտեսության մի քանի աշխատակիցներ կեղծիքներ են թույլ տվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ներկայումս ոստիկանության Իջեւանի բաժնում նյութեր են նախապատրաստվում Իջեւանի անտառտնտեսության մի քանի աշխատակիցների վերաբերյալ: Իրավապահներից ստացված տեղեկություններով` առաջիկա օրերին քրեական գործ կհարուցվի պաշտոնական դիրքի չարաշահումների, պաշտոնական կեղծիքի հոդվածներով: Այս գործում ներգրավված են Իջեւանի անտառտնտեսության անտառապետ, անտառապահ:

Գործը վերաբերում է որպես թափուկ, բնակչությանն առանց վճարի, ինքնապատրաստմամբ տրվող վառելափայտին: Այս դեպքում նույն ընտանիքի տարբեր անդամների անուններով 8-ական խորանարդ մետր թափուկ է տրվել, այն դեպքում, երբ անվճար թափուկը տրվում է ընտանիքի հաշվով: Բերդի տարածաշրջանից հայտնում են, որ այդ տարածաշրջանի Իծաքար գյուղի տարածքում գտնվող անտառներում ապօրինի հատումները շարունակվում են: Իծաքարը հարակից է Իջեւանի տարածաշրջանին, Իծաքարով է ձգվում Իջեւան-Գանձաքար-Իծաքար-Բերդ ավտոճանապարհը: Այդ ճանապարհը հնարավորություն է տալիս ապօրինի հատումների արդյունքում առաջացած փայտանյութը տեղափոխել Իջեւան, այնտեղից էլ հանրապետության տարբեր վայրեր: Իջեւանի անտառները նախկին տարիներին կատարված մեծածավալ ապօրինի հատումների հետեւանքով խիստ տուժել են, այդ պատճառով փայտի բիզնեսով զբաղվողներն իրենց ուշադրությունը սեւեռել են Բերդի տարածաշրջանի անտառների վրա: Իծաքարի անտառների ապօրինի հատումները չեն կարող կատարվել առանց անտառապահների եւ անտառապետերի իմացության: Բերդի տարածաշրջանի բոլոր անտառներն ընդգրկված են Արծվաբերդի անտառտնտեսության մեջ:

2018թ. հունիսի 18-ին այդ անտառտնտեսության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Վարդգես Աթոյանը: Նա ՀՅԴ անդամ է: Անտառտնտեսությունը գործում է անտառային պետական կոմիտեի ենթակայությամբ, կոմիտեի նախագահը ՀՅԴ անդամ Միքայել Մանուկյանն է: Անտառային պետական կոմիտեն ՀՀ բնապահպանության նախարարության կազմում է: Նույն նախարարությանն է պատկանում նաեւ Բերդ քաղաքում 62 հա տարածք զբաղեցնող «Սորանի այգի» դենդրոպարկը, որը գործում է խորհրդային ժամանակաշրջանից: 2017թ. ԱԺ ընտրություններից առաջ դենդրոպարկի տնօրեն նշանակվեց երկար տարիներ Ռուսաստանում արտագնա աշխատանքով զբաղվող Վարդգես Աթոյանը:

2017թ. ապրիլին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո Վ. Աթոյանը մեկնեց Մոսկվա` իր փոխարեն տնօրեն նշանակելով հարազատ որդուն` Դավիթ Աթոյանին, որը հիմա ղեկավարում է դենդրոպարկը: Մինչ ՀՅԴ ղեկավարները քննադատում են Ռոբերտ Քոչարյանի կալանավորելու որոշումը, ՀՅԴ անդամ պաշտոնյաները շարունակում են օգտվել իշխանության բարիքներից` ղեկավարելով անտառային պետական կոմիտեն եւ անտառտնտեսություններ:

Ոսկան Սարգսյան




Լրահոս