Ինչ մենք լսում ենք Բաքվից, շատ տպավորիչ չէ, որովհետև կարծում եմ, որ հուլիսի 12-ից հետո առավել քան հստակ ի ցույց դրվեց, որ սպառնալիքի լեզուն, սպառնալիքի մեթոդը թե՛ հռետորաբանության մեջ, թե՛ գործողությունների մեջ Հայաստանի և Արցախի վրա չեն ազդում: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարին տված հարցազրույցում նշել է Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:
«Սա մերժված է բոլոր առումներով, և նման հռետորաբանությունը պատիվ չի բերում մեր ամբողջ տարածաշրջանին. սա հռետորաբանություն է, որն ավելի սազական է «թաղային հաշիվ» մաքրելու ինչ-որ մի գործընթացի: Սա անընդունելի է և ապակառուցողական: Սպառնալիքի լեզուն չի ազդում, չի աշխատում. դա առավել քան հստակորեն մերժված է: Սա եղել է մեր դիրքորոշումն անցած երկու տարվա ընթացքում, առավել քան հստակ, շարունակական արտահայտվել է քաղաքական դաշտում, դիվանագիտական դաշտում և արտահայտվել է հուլիսի 12-ից սկսած», – նշեց նա:
Հարցին, թե պե՞տք էր դիմել ՀԱՊԿ-ին, որպեսզի վերջինս ավելի ակտիվ ներգրավվեր գործընթացում, նախարարը պատասխանել է. «Մենք ունենք տարբեր միջազգային ֆորմատներ, որոնցից մեկը ՀԱՊԿ-ն է։ Մենք ՀԱՊԿ-ի անդամ ենք։ Դա մեր համագործակցության միջազգային ձեւաչափն է, եւ մենք ունենք մեր գործառույթները։ Երբ մենք ասում ենք միջազգային բոլոր ձեւաչափերի գործածում, նշանակում է գործածում, նշանակում է աշխատել, համաչափ ձեւով գնահատել՝ որտեղ, ինչպես ես աշխատում։
Դիտարկմանը, որ չկա որեւէ երկիր, որը նույն ձեւով, ինչպես Թուրքիան, աջակցում է Ադրբեջանին, նույն անվերապահությամբ աջակցի Հայաստանի, նախարարը պատասխանել է. «Իրականում կա, բայց ես այս հարցը կդիտարկեմ մի փոքր այլ համատեքստում, որովհետեւ նման գնահատականն ավելի զգացմունքային, մակերեսային մակարդակում է եւ վերածվում է սպորտի, թե ով, ում ինչպես է աջակցում կամ չի աջակցում: