Սեպտեմբերի 25-ին Շիրակի մարզի շուրջ 5300 ընտրող ունեցող Մարալիկ քաղաքում տեղի կունենան համայնքապետի ընտրություններ: Թեկնածուն մեկն է` Մարալիկի գործող քաղաքապետ, Հանրապետական կուսակցության անդամ Արտակ Գեւորգյանը: Ու սա այն դեպքում, երբ Մարալիկում ակտիվորեն գործում են տարբեր կուսակցությունների գրասենյակներ:Թեեւ նախընտրական պայքարի սկզբում, որոշ տեղեկությունների համաձայն, Արտակ Գեւորգյանի թիկնապահը` ոմն Աղասի Կարապետյան, դրել է իր թեկնածությունը, սակայն ընտրապայքարի կեսից ինքնաբացարկ է հայտնել: Պարզ ասած, դա հասարակ հնարք է եղել այն մտքով, որ եթե կլինի այլ թեկնածու, հիշյալ թիկնապահը ձայներ կգողանա, բայց քանի որ Արտակ Գեւորգյանն ընտրապայքարում մնացել է մենակ, Աղասի Կարապետյանն էլ ինքնաբացարկ է հայտնել: Արդյունքում Մարալիկի քաղաքապետի պաշտոնի համար «պայքարում» է միայն գործող քաղաքապետ Արտակ Գեւորգյանը, ով արդեն երրորդ անգամ է վերընտրվելու այդ պաշտոնում: Նկատենք, որ բացառությամբ քաղաքի տարբեր հատվածներում փակցված մի քանի պաստառների, Մարալիկում այլեւս ոչինչ չի հիշեցնում ընտրության մասին: Արտակ Գեւորգյանը մտավախություն չունի, նորմալ է համարում, որ միայնակ է պայքարում իր աթոռի համար: Ավելին, Մարալիկն, ըստ նրա, ժողովրդավարության կղզյակ է: «Իմ նպատակն է քաղաքը մշտապես տեսնել միատարր, մեկ ընտանիքի ձեւով ապրենք: Մարալիկում ընտրությունները կընթանան, ընտրություններից հետո ամեն ինչ պարզ կլինի` վստահում են մարդիկ ինձ, թե ոչ»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց քաղաքապետի թեկնածու Արտակ Գեւորգյանը` ասելով, որ ինքը խառնակիչ չէ եւ դեմ է ամեն տեսակի պառակտումներին: Այնպես որ, իր իսկ խոսքերով ասած` «միատարր» հասարակության միակ ու անկրկնելի թեկնածուն ինքն է: Ուշագրավն այն է, որ քարոզարշավներին Արտակ Գեւորգյանի հետ մասնակցել են նաեւ Մարալիկի ԲՀԿ, ՕԵԿ եւ անգամ ՀՅԴ ներկայացուցիչները: Մարալիկի ԲՀԿ պատասխանատու Արտակ Ավդալյանին հարցրինք, թե ինչու չեն ցանկացել հանդես գալ առանձին թեկնածուով: «Նպատակահարմար չենք գտել խանգարել քաղաքապետին, ա՛յ դրա համար չունենք թեկնածու»,-պատասխանեց նա: Դիմեցինք նաեւ ՕԵԿ-ին. «Դիրքերն այս բնակավայրում ուժեղացնելու խնդիր չունե՞ք»: Այս հարցին ի պատասխան` ՕԵԿ Մարալիկի տարածքային գրասենյակի ղեկավար Լուսինե Գրիգորյանն ասաց. «Մենք այդպիսի խնդիր չունենք, մեր գերագույն խնդիրն այն է, որ ժողովրդի համար լավ լինի: Մենք գտնում ենք, որ առայժմ թեկնածուն Արտակ Գեւորգյանն է, առայժմ»: ՀՅԴ Մարալիկի պատասխանատու Սարգիս Մարդոյանի փոխանցմամբ էլ իրենք Մարալիկում դաշնակցական քաղաքապետ ունենալու խնդիր չեն ունեցել իրենց առջեւ դրված ու թեեւ ընդդիմադիր են, այնուամենայնիվ, սատարում են ՀՀԿ թեկնածուին: ՀԱԿ-ն էլ թեպետ գործող գրասենյակ ունի, այնուհանդերձ, պասիվ կեցվածք է դրսեւորել:ԱՐՄԵՆՈՒՀԻ ՎԱՐԴԱՆՅԱՆՄարալիկ
ԱՌԱՆՑ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ