ՀՀ վարչապետի և Հայաստանում հավատարմագրված դեսպանների հանդիպումն ավարտվեց. հանդիպման թեման առաջնագծում տիրող իրավիճակն է եղել։
Ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի և չպետք է ունենա։ Լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը, ով նույնպես մասնակցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը։
Հանդիպման թեման Ղարաբաղյան հիմնահարցն ու այսօր տիրող իրավիճակն է եղել։
«Փաշինյանի հետ հանդիպմանը վարչապետը ներկայացրեց ներկա իրավիճակը, իր գնահատականը տվեց, թե ինչ է կատարվում։ Շնորհակալություն հայտնեց Մինսկի խմբի համանախագահներին, մասնավորապես ՌԴ նախագահին այն ջանքերի համար, որ կատարում է կրակի դադարեցման ուղղությամբ»,–ասաց Կոպիրկինը։
Նա խոսքով` այս պահին անհրաժեշտ է անել ամեն ինչ, որպեսզի Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունը` հումանիտար հրադադարի ռեժիմը, պահպանվի։ Կոպիրկինը նշեց, որ Ռուսաստանն իր հերթին անում է ամեն ինչ, որպեսզի այդ պայմանավորվածությունը կյանքի կոչվի։
Մեկ այլ հարցի, թե Արցախ ռուսական խաղաղապահներ տանելու հարց քննարկվե՞լ է Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ, Կոպիրկինը պատասխանեց` նման հարց չի քննարկվել։
Հիշեցնենք, որ դեսպաններից առաջ Փաշինյանը հանդիպել էր արտախորհրդարանական ուժերի հետ։