ՏԵՍԱՆՅՈՒԹ. Անհապաղ խորհրդակցություններ. ում հանդիպեց Արմեն Սարգսյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարեց, որ մամուլից է տեղեկացել, որ արցախյան պատերազմը դադարեցնելու մասին հայտարարություն է ստորագրվել։ Մամուլից է տեղեկացել նաև պատերազմի դադարեցման պայմանների մասին։ Նա շեշտել է, որ այս փաստաթղթի վերաբերյալ իր հետ որևէ խորհրդակցություն կամ քննարկում չի եղել, ինքն էլ որևէ բանակցության չի մասնակցել։

Իր ուղերձում Արմեն Սարգսյանը նշել էր. «Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը համազգային նշանակության և կարևորության հարց է։ Հայաստանի, Արցախի, ողջ հայ ժողովրդի կենսական անվտանգային շահերին և իրավունքներին առնչվող ցանկացած քայլ, գործողություն, ցանկացած որոշման ընդունում, առավել ևս որևէ փաստաթղթի ստորագրում պետք է լինի համապարփակ խորհրդակցությունների և քննարկումների առարկա», ապա նա հայտնեց անհապաղ քաղաքական խորհրդակցություններ սկսելու մասին:

Եվ ահա հենց երեկ քաղաքական ուժերի հետ իր նախաձեռնած քաղաքական խորհրդակցությունների շրջանակում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է ՀՅԴ Բյուրոյի անդամ Արմեն Ռուստամյանի և ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանի, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի, ՀՀԿ գործադիր մարմնի անդամներ Վահրամ Բաղդասարյանի, Էդուարդ Շարմազանովի և ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանի, ապա «Ժառանգություն» կուսակցության անդամներին, խորհրդարանական ԼՀԿ անդամներ Գևորգ Գորգիսյանի և Անի Սամսոնյանի եւ հասարակական-քաղաքական տարբեր ուժերի, մտավորականության ներկայացուցիչների հետ:

Հանդիպումների ժամանակ անդրադարձ է եղել երկրում ստեղծված ներկա իրավիճակին, մասնավորապես՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների ստորագրած հայտարարությանն ու դրա դրույթներին: Ընդգծվել է, որ ղարաբաղյան հակամարտության՝ որպես համազգային նշանակության հարցի կարգավորման շուրջ պետք է լինի համազգային կոնսենսուս։

Մանրամասները՝ տեսանյութում:

 




Լրահոս