ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն այսօր կժամանի Վրաստան։ Այցի շրջանակներում Պոմպեոն հանդիպումներ կանցկացնի նոյեմբերի 18-ին:
Նախատեսված են պետքարտուղարի հանդիպումները Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի, նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի և արտգործնախարար Դավիթ Զալկալիանիի, ինչպես նաև պատրիարք Իլյա Երկրորդի հետ:
ԱՄՆ պետքարտուղարը հանդիպում կանցկացնի քաղաքացիական հատվածի ներկայացուցիչների հետ:
Վրաստանի արտգործնախարարության փոխանցմամբ՝ պետքարտուղարի այցի շրջանակներում նախատեսված բարձր մակարդակի հանդիպումների ընթացքում կքննարկվեն ԱՄՆ-Վրաստան խարտիայով ենթադրվող պաշտպանության և անվտանգության ոլորտում երկրների միջև համագործակցության գերակա ուղղությունները:
Նախատեսված հանդիպումների ընթացքում կողմերը կքննարկեն Վրաստանի և տարածաշրջանի անվտանգությանն առնչվող հարցեր, երկրների համագործակցությունը տարածաշրջանային և միջազգային անվտանգության ամրապնդման նպատակով: Կողմերը կքննարկեն նաև Վրաստանում ընթացող ժողովրդավարական և տնտեսական բարեփոխումները:
«ԱՄՆ պետքարտուղարի Վրաստան այցը ևս մեկ անգամ ընդգծում է ԱՄՆ-ի և Վրաստանի միջև առկա ռազմավարական գործընկերության կայունությունը և համագործակցությունն ամրապնդելու երկրների պատրաստակամությունը։ Այցի ընթացքում վերահաստատվելու է Միացյալ Նահանգների անսասան աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև հետագա ժողովրդավարական զարգացմանն ու երկրի եվրոպական և եվրաատլանտյան ինտեգրմանը», – ասվում է հաղորդագրության մեջ: